...

30 տարվա կացարանը՝ մետաղական վագոն-տնակը, վերջապես լքվել է

30 տարվա կացարանը՝ մետաղական վագոն-տնակը, վերջապես լքվել է

Սպիտակում բնակվող Մարինե Մելոյանը 27 տարեկան է եղել, երբ 88-ի երկրաշարժին կորցրել է ամուսնուն, զավակներից մեկին ու մնացել անօթևան: Երկրաշարժից հետո, 30 տարի անցկացնելով գլանաձև, մետաղական վագոն-տնակում՝ Մարինեն չի կորցրել հույսը, տոկունությունն ու ապագայի նկատմամբ լավատեսությունը: Գլանաձև մետաղական տնակում մեծացող թոռները ստիպված չեն լինելու անցնել իրենց հոր՝ Մարինեի որդու, մանկության հետքերով: Մարինեի երկար տարիների զրկանքներն ու տառապանքներն անցյալում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համատեղ աջակցության շնորհիվ:

Մելոյանները բնակարանաշինության ծրագրի շահառու են դարձել տարեսկզբին: Հաշված ամիսների ընթացքում, ամբողջությամբ նորոգված քարե տանը՝ ընտանիքն արդեն բնակարանամուտ է տոնել և հյուրընկալել իր երազանքի իրականացմանն աջակցող կազմակերպությունների ղեկավարներին ու թիմերին:

«Փորձել նկարագրել, թե ինչքան մեծ է ուրախությունս՝ կնշանակի ոչինչ չասել: Որդուս մանկությունն ու իմ երիտասարդությունն անցել են մետաղական վագոնում: Տարիների ընթացքում հազիվ կարողացել ենք քարը քարին դնել ու տանիք կապել: Այդ տեմպերով, սակայն,  գուցե մի 30 տարի էլ անհրաժեշտ լիներ, որպեսզի, տուն ունենայինք: Իսկ այսօր մեր գլխավոր ու հաճելի հոգսը մնացել է տան կահավորումը:  Շնորհակալ ենք»,- ասել է ընտանիքի երիտասարդ տատիկը՝ Մարինեն:

«Մեր գործընկերությունը «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ՝ երկար տարիների պատմություն ունի: Այդ ընթացքում, մեզ հաջողվել է հույս և ապագայի լավատեսություն փոխանցել շատ ընտրանքների: Իսկ այն, ինչ արձանագրել ենք՝ հետաքրքիր է և հուզիչ. այս մարդիկ, շատ հաճախ իրենց ուրախությունն արտահայտում են շատ զուսպ և հանգիստ: Տարիների դժվար կյանքը նրանց ստիպել է «հարմարվել» այդ վիճակին, իսկ ուրախությունը դիմավորել հանգիստ, առանց ավելորդ զգացմունքայնության: Հաճելի է արձանագրել, որ ևս մեկ ընտանիք հաղթահարեց տարիների խնդիրը: Յուրաքանչյուրի ոտքի կանգնելու փաստը մեզ ոգևորում է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, Հայաստանի բոլոր մարզերում տարիներ շարունակ իրականացվող բնակարանաշինության ծրագրով, աջակցություն է ստացել վագոն-տնակներում, կիսակառույցում կամ նկուղում բնակվող ավելի քան 200 ընտանիք: Ծրագրի իրականացման համար միայն 2019թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ներդրվել է 109 մլն դրամ:

«Մեր գլխավոր նպատակն ու առաքելությունն է մեր ուժերի ներածին չափով օգնել այն ընտանիքներին, որոնց նկատմամբ կյանքն ավելի խիստ է եղել: Այս ընտանիքի կյանքում պատմությունը կարող էր կրկնվել. ընտանիքի հոր՝ Սերյոժայի մանկությունն անցել էր վագոն տնակում, ու հիմա նրա երեխաներն էին այնտեղ մեծանում: Ուրախ եմ, որ վերջապես կտրվեց այդ արատավոր շղթան: Յուրաքանչյուր ընտանիք պիտի տանիք ունենա գլխավերևում»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի նախագահ Աշոտ Եղիազարյանը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2979 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ