Ռոբերտ Քոչարյանի համակիր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Փաշինյանի սիրտը սեփականության վերաբաշխում ու սեփական ձեռքերում կապիտալի կուտակում է ուզում։ Ցմահ իշխանություն ու բյուջետային մսխումներ է ուզում։ Եվ նա ամեն ինչի պատրաստ է՝ հանուն ցմահ իշխանության։ Ընդհուպ մինչև քաղաքացիական պատերազմ հրահրելու, մարդկանց իրար դեմ հանելու գնով։ Չէ՞ որ նա հարուստ փորձ ունի։ 2008-ի մարտի 1-ի փորձը»:
«ՉԻ». Քոչարյանի համակիրը մարտի 1-ի փորձից է խոսում: Նորմալ է: Իսկ ի՞նչ էիք սպասում նրանցից, ովքեր 1998թ. հեղաշրջման փորձ ունեն, «Առագաստ» սրճարանի փորձ ունեն, հոկտեմբերի 27-ի փորձ ունեն, 2004թ. ապրիլի 12-ի փորձ ունեն, իշխանությունը բազմիցս զավթելու փորձ ունեն, տնտեսությունը փոշիացնելու, օլիգարխներ դառնալու փորձ ունեն: Այս բոլոր փորձերի բեռի տակ կքած, բնական է, որ տասնամյակների այդ ոճրագործությունների պատասխանատվությունը պիտի մի քիչ էլ ուրիշների վրա փորձեն բարդել: Ինչ-ինչ, բայց դրա փորձն էլ ունեն:
Պատերազմում բոլոր հաղթանակները սեփական անձին վերագրելու, ցանկացած լուսավոր կետ զուտ իրենց իմաստնության արգասիք համարելու, ցանկացած անհաջողություն, պարտություն, ոճրագործություն ուրիշներին վերագրելու փառահեղ էջեր են կերտել: Հիմա ի՞նչ է եղել, մարտի 1-ն էլ կարելի է ընդդիմության, զոհերին, նրանց հարազատներին վերագրել: Զորքերն էլ իրենք իրենց են Արցախի սահմանները թողած, եկել և հասել Երևան: