...

Ամանորին ընդառաջ, լավագույն նվերը՝ 20 տարի վագոն տնակում ապրած ընտանիքին

Ամանորին ընդառաջ, լավագույն նվերը՝ 20 տարի վագոն տնակում ապրած ընտանիքին

Կոտայքի մարզի Սարալանջ համայնքում բնակվող Խաչատրյանների համար, ամանորյա հրաշքն արդեն իրականություն է դարձել. 20 տարի քայքայված ու ժանգոտված վագոն-տնակում ապրելուց հետո, ընտանիքը վերջապես տեղափոխվել է քարաշեն տուն:

Արմենն իր երիտասարդության զգալի մասն անցկացրել է խնդիր լուծելու պատասխանատու բեռի տակ: Նորաստեղծ ընտանիքի հետ՝ նախ ապրել է հայրական տանը: 22 հոգով փոքրիկ տան մեջ ապրելու անհարմարությունն ու այլընտանքի բացակայությունն ստիպել են քայլեր ձեռնարկել: Արմենն իր ընտանիքի հետ տեղափոխվել է մետաղական տնակ ու միաժամանակ սկսել տուն կառուցել: Իրար հաջորդող՝ սոցիալական ու առողջական խնդիրների պատճառով, սակայն, տան շինարարությունը հիմքերից այն կողմ այդպես էլ չի անցել:
«Երբ բաժանվում էինք հայրական տնից, թվում էր՝ դժվար կլինի միայն սկզբում, իսկ հետո՝ մեկ-երկու տարում ոտքի կկանգնենք, տուն կունենանք, կապրենք մարդավայել: Սակայն տարիներն անցան, որդիներս մեծացան մետաղական պատերի ներսում, կնոջս առողջությունը քայքայվեց ու օր օրի ավելի էր վատանում: Օր ու գիշեր աշխատելով անգամ, հնարավոր չէր լինում հոգալ հիվանդանոցի ու մեծացող երեխաների ծախսերն ու նաև տուն կառուցել: Անգույն ու դաժան քսան տարիներ անցկացրեցինք: Դեռ այսօր էլ, երբ արթնանում եմ այս տանը, մի տեսակ չեմ կարողանում հավատալ, որ սա իրականություն է, որ ընտանիքիս երազանքների տունը գերազանցել է մեր սպասելիքները», - ասել է ընտանիքի հայրը՝ Արմենը:

Խաչատրյանների ընտանիքը միակը չէ, որին հաջողվել է գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ՝ հաղթահարել տարիների խնդիրը. ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, նոր՝ 2020 թվականը, նոր բնակարանում դիմավորելու հնարավորություն է ստացել Հայաստանի տասը մարզում ապրող  46 ընտանիք: Նրանց համար դժվար հիշողություններն արդեն անցյալում են: 

«Այս բնակարանամուտով ամփոփում ենք ընթացիկ տարվա ծրագիրը: Կատարված աշխատանքի արդյունքը նախ փորձում ենք գնահատել տանտերերի աչքերում, հետո միայն՝ թվերի տեսքով: Երբ տեսնում ենք վաղվա օրվա նկատմամբ արտահայտվող վստահությունը, համոզվում ենք, որ հաջողել ենք ու գնում ենք ճիշտ ուղղությամբ: Ասում են՝ հաջողություն ձեռք բերած մարդն անմիջապես մոռանում է դժվար ապրած օրերի մասին: Գուցե դա այնքան էլ լավ չէ՝ հետագայում  չսայթաքելու համար, բայց ուզում եմ, որ այս մարդիկ իրենց հիշողությունից անվերադարձ հանեն վագոն-տնակի տխուր պատկերներն ու ապրեն անհոգ կյանքով: Ուրախ եմ, որ մեր գործընկերության շնորհիվ, շատ ընտանիքներ ձեռք են բերում ոչ միայն տանիք, այլև սեփական  ուժերին հավատալու հնարավորություն»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Կյանքը լի է դժվարություններով: Երբեմն խնդիրներն այնքան են ծանրանում մարդու ուսերին, որ թվում է, այլևս երբեք թեթևություն չի գա: Հաճախ միայն մի փոքր օգնություն է հարկավոր մարդուն՝ ինքն իրեն հավատալու, ոտքի կանգնելու և առաջ շարժվելու համար: Հենց այդ օգնության ձեռքն էր պակասում Խաչատրյաններին՝ տարիների բեռը թոթափելու համար: Անգնահատելի է ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը այս և մյուս ընտանիներին: Դրա շնորհիվ ընտանիքն ունենում է տուն,  հավատով է լցվում իր և ապագայի հանդեպ: Ամանորին ընդառաջ թող բոլոր օջախներում հույսը անմար լինի», - ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2019թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 119,5մլն ՀՀ դրամի ներդրում և աջակցել 46 ընտանիքի:

Ընդհանուր առմամբ, տարիների համագործակցության արդյունքում, կատարվել է մոտ 502 մլն ՀՀ դրամի ներդրում: 2007 թվականից լուծվել է 208 ընտանիքի տան խնդիր:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2752 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ