...

Ամոթալի և նողկալի շահարկում

Ամոթալի և նողկալի շահարկում

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն «Ազատության» եթերում անդրադարձել է դիտարկմանը, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կրտսեր եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած ՓԲԸ-ն շահել է Ապարանի ներհամայնքային ճանապարհներն ասֆալտապատելու մրցույթը, և դա նրա երկրորդ պայմանագիրն է, իսկ առաջինը կնքվել է այս տարվա հունիսին, գինը կազմել է 368 մլն դրամ: 

Այս առնչությամբ Պապիկյանն ասել է, որ այստեղ ամենևին չի տեսնում կոռուպցիոն որևէ ռիսկ. «Այստեղ բանալի բառերն են՝ մրցույթ, հաղթել, ու դրանով ամեն ինչ ասված է: Ալեն Սիմոնյանի եղբայրը, եթե չեմ սխալվում, սեփականատեր չէ: Այսինքն՝ եթե Ալեն Սիմոնյանի կամ այլ պաշտոնյայի եղբայր է, չպե՞տք է աշխատի որևէ տեղ»։

«ՉԻ». Բայց իսկապես ամոթ է, որ Ալեն Սիմոնյանին կասկածում են եղբոր հետ ինչ-որ կոռուպցիոն գործարքների մեջ: Հեղափոխությունից հետո Կառլեն Սիմոնյանը որոշել է մի երկու կոպեկ փող աշխատել, ընկերություն է ստեղծել, կոմպով աշխատելուց պատահական նկատել է, որ ասֆալտապատման մրցույթ է հայտարարվել, ասել է՝ քել, մասնակցեմ, ի՞նչ պիտի կորցնեմ: Ու... հոպլյա... հաղթել է մրցույթում: Այստեղ դուք որտե՞ղ եք կոռուպցիա տեսնում: Ինքն ի՞նչ մեղավոր է, որ մրցույթում հաղթելու պահին իր եղբայրը ԱԺ նախագահն է: Լրիվ զուգադիպություն է դա:

Այ, ուրիշ բան, եթե սա տեղի ունենար 10 կամ 20 տարի առաջ: Եթե ասֆալտապատման մրցույթին մասնակցեր, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի բաջանաղը և հաղթեր, պարզ չէ՞, որ դա ակնհայտ կոռուպցիա կհամարվեր այսօրվա իշխանությունների, այն ժամանակվա լրագրող-դերասանների կողմից: Ինչի՞. բա որովհետև նա Ռոբերտ Քոչարյանի բաջանաղն է: Ձև չկա, որ դա կոռուպցիա չլիներ: 

Իսկ Ալեն Սիմոնյանի եղբոր դեպքում ամեն ինչ մաքրամաքուր է: Ինչի՞. բա որովհետև նա Ալեն Սիմոնյանի եղբայրն է: Ձև չկա, որ դա կոռուպցիա լինի: Ամոթ է, որ այս պարզ ճշմարտությունները նողկալիաբար շահարկում են դրսի ու ներսի ուժերը:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ