Նիկոլ Փաշինյանի սյունիքյան արկածախնդրությունն, իհարկե, բավականին դիտարժան ստացվեց առավելապես նրա հասցեին հնչած հայհոյանքների առատության ու բազմազանության շնորհիվ։ Բայց եթե մի կողմ դնենք «հուզական կողմը»՝ պետք է արձանագրել, որ այդ այցը մի քանի խորքային պրոբլեմներ բացահայտեց։
Մասնավորապես՝ ակնհայտ դարձավ, որ Սյունիքում իսկապես լրջագույն խնդիրներ կան, Սյունիքին ու հետևաբար՝ ողջ Հայաստանին սպառնացող վտանգը շատ մոտ է և իրական, ու Հայաստանը չունի ղեկավար, որն ի վիճակի կլինի կանխել այդ վտանգը։ Ավելի ճիշտ՝ Հայաստանն ընդհանրապես ղեկավար չունի։
Եթե նկատեցիք, Սյունիքում (մեծ հավանականությամբ՝ մոտավորապես նույնը լինելու է նաև մյուս մարզերում) մարդիկ Նիկոլ Փաշինյանին որպես պետության ղեկավար չէին ընկալում։ Պետության ղեկավարի նկատմամբ հանրության վերաբերմունքն, այո, կարող է լինել խիստ բացասական, կարող են բողոքի ակցիաներ կազմակերպել, ինչ-որ պահանջներ ներկայացնել և այլն, բայց Նիկոլ Փաշինյանից որևէ մեկը որևէ բան չէր պահանջում, բացի անհապաղ չքվելուց (մեղմ ասած)։ Պետության ղեկավարների հետ այդպես չեն վարվում, այդպես վարվում են անկոչ հյուրերի հետ, իսկ անկոչ հյուրը, մեր «ռազմավարական դաշնակցի» ասած, թաթարից վատ է։ Ընդ որում՝ երեք տարի շարունակ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ իրեն որպես պետության ղեկավար չի պահել։ Նա իրեն պահել է որպես պատահական մարդ, ով բացառիկ ճարպկության շնորհիվ կարողացել է ճանկել իշխանությունը ու դրանից հետո իր հիմնական անելիքը համարել է պետության ղեկավարի պաշտոնում իր պատանեկան բարդույթները հաղթահարելը։ Հասկանալի է, չէ՞, որ չի կարող պետության ղեկավար համարվել մեկը, որը սեփական երկրում տեղաշարժվում է մի քանի հազար ոստիկանների ու հատուկջոկատայինների ուղեկցությամբ։ Չի կարող և վերջ, անկախ նրանից՝ բողոքի ակցիաներն ուղղորդվա՞ծ են, թե՞ ինքնաբուխ։
Հարց է ծագում՝ հնարավոր կլինի՞ արդյոք անիշխանության այս մղձավանջը հաղթահարել ընտրությունների միջոցով (եթե, իհարկե, դրանք տեղի ունենան)։ Նիկոլ Փաշինյանի մասնակցության դեպքում՝ հազիվ թե։ Հասկանալի է, որ եթե նա նոյեմբերի 10-ին հրաժարական չտվեց ու հիմա էլ այնքան աներեսություն ունի, որ մարդամեջ է դուրս գալիս, ոչ միայն մասնակցելու է ընտրություններին, այլև ոչ մի բանի առջև չի կանգնելու հանուն վերարտադրության։ Ու որևէ արժեք չունեն այն հորդորները, թե ախր ամբողջ աշխարհում գրված ու չգրված օրենքներ կան, օրինակ՝ պրոֆեսիոնալ շուլերներին և աճպարարներին արգելվում է մտնել կազինոներ, պեդոֆիլները չեն կարող աշխատել մանկապարտեզներում, մի քանի անգամ ֆինանսական մեքենայությունների վրա բռնվածներն իրավունք չունեն նյութական պատասխանատվություն ենթադրող պաշտոններ զբաղեցնել, մահացու վրաերթ իրականացրած վարորդները երկար ժամանակով զրկվում են վարորդական իրավունքից, և այլն։ Նիկոլ Փաշինյանին նման բաները չեն հետաքրքրում։ Հակառակը՝ նա մեծ ոգևորությամբ է լծվելու է ժողովրդին հերթական անգամ խաբելու գործին։ Որովհետև լավ է հասկանում, թե ինչ ահավոր հոգեվիճակում է ժողովուրդը, ու գիտի նաև, որ ծանր հոգեբանական ու նյութական վիճակում գտնվողներն ամենահեշտ թիրախն են տարբեր տեսակի բախտագուշակների, շառլատանների, հոգեորսների, ֆինանսական բուրգեր կառուցողների ու պոպուլիստ քաղաքական գործիչների համար։
Պրոբլեմն այն է, որ թեև բարոյականության ու տրամաբանության բոլոր նորմերի համաձայն Նիկոլ Փաշինյանը պիտի այսուհետ իրավունք չունենար մասնակցել ընտրություններին և ընդհանրապես զբաղվել քաղաքականությամբ, բայց օրենքով դա արձանագրել հնարավոր չի լինի։ Մինչդեռ նրա մասնակցությունն ամբողջովին փոխում է ընտրությունների բովանդակությունը։ Առանց նրա ընտրությունները կլինեին այն «մասին», թե ինչպիսին կլինեն հաջորդ իշխանությունները, իսկ նրա մասնակցությամբ ընտրություններն այլ բանի «մասին» են լինելու՝ Հայաստանն ընդհանրապես ունենալո՞ւ է իշխանություններ, թե՞ անիշխանության մղձավանջը շարունակվելու է։
Արմեն Բաղդասարյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 14, 2021