...

Պրոֆեսիոնալ և դիլետանտ սուտասանների պայքարը

Պրոֆեսիոնալ և դիլետանտ սուտասանների պայքարը

Կարելի է, իհարկե, ուզածի չափ ծաղրել «Հայաստան» դաշինքի ձևավորման արարողությունն ու հետաքրքրվել, թե ով էր Քոչարյանի կողքին կանգնած միստր Բինի արտաքինով մարդը, կարելի է հանրահավաքը նկարել տարբեր ռակուրսներով ու հավաքվածներին «մի քանի հազար պիցցայակերներ» անվանել, բայց առջևում շատ կարևոր ընտրություններ են, և նման մակերեսային ընկալումներն անընդունելի են։

Իրականությունն այն է, որ քարոզարշավը սկսված է, այսինքն՝ սկսված է հասարակությանը խաբելու մրցակցությունը, և այդ մրցակցության մեջ Քոչարյանն ու Փաշինյանը միմյանց արժանի հակառակորդներ են։ Պարզապես մեթոդներն են տարբեր․ գործող իշխանությունների ստերը եղել ու մնում են շատ պարզունակ, իսկ Քոչարյանը շատ ավելի պրոֆեսիոնալ ու խորքային է փորձում մոլորեցնել մարդկանց։

Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդին մոլորեցնելու փորձերն իսկապես պրիմիտիվ էին՝ «Հայաստանում կա 3 միլիոն վարչապետ», «քյաբաբ առ քյաբաբ հետ ենք բերելու», ինչ-որ կեղծ տատիկներ ու պապիկներ, Հրայր Թովմասյանի նվիրած գրիչ, «իրենց դուռն ա, կուզեն՝ կջարդեն», ելակ ուտող զինվորներ, «Շուշին վաղուց էր ծախված» և այլն։

Իսկ ի՞նչ է ասում Ռոբերտ Քոչարյանը։ Նա շատ ավելի վարպետորեն է գործում։ Ելույթ է ունենում, որը պայմանականորեն կարելի է բաժանել չորս մասի, ընդ որում՝ այդ չորս մասերից երկուսում ներկայացնում է բացարձակ ճշմարտություններ, որոնց հետ հնարավոր չէ չհամաձայնվել։ Մասնավորապես՝ ներկայացնում է այն ծանրագույն վիճակը, որում այսօր գտնվում է Հայաստանը, և հիմնավորում է, թե ինչու պիտի այս իշխանությունները հեռանան։ Իսկ ահա հաջորդ երկու մասերը, մեղմ ասած, խիստ վիճահարույց են։ Մեկում նա փորձում է պատասխանել «իսկ ինչո՞ւ ես» հարցին ու ինքն իրեն ներկայացնում որպես պետական կառավարման ու ճգնաժամային իրավիճակների հաղթահարման ահռելի փորձ ունեցող գործիչ, մյուսում հստակ ծրագիր ներկայացնելու փոխարեն ընդամենը կենացներ հիշեցնող կարգախոսներ է արտասանում։ Իսկ կիսաճշմարտությունն, ինչպես հայտնի է, շատ ավելի վտանգավոր է, քան բացահայտ սուտը, որովհետև անհամեմատ ավելի արդյունավետ է։

Իսկապե՞ս Ռոբերտ Քոչարյանը ճգնաժամային իրավիճակներում պետական կառավարման ահռելի փորձ ունի։ Արցախում որոշակի փորձ երևի ձեռք է բերել, բայց եկեք չմոռանանք՝ նա Հայաստան է եկել 1997-ին, երբ պատերազմն արդեն ավարտված էր, էներգետիկ ճգնաժամը՝ վերջնականապես հաղթահարված, արտագաղթը կասեցված էր, տնտեսությունը ոտքի էր կանգնում, մարդկանց սոցիալական վիճակը կամաց-կամաց բարելավվում էր, Հայաստանի միջազգային վարկը շատ բարձր էր, և այլն։ Այսինքն՝ երկիրը ճգնաժամից դուրս բերելու ահռելի փորձ ոչ թե ինքը ուներ, այլ ուրիշները, իսկ ինքն ընդամենը եկավ ու փորձեց շարունակել։ Թե ինչպես շարունակեց՝ շատերն են հիշում։ Տարբեր մեթոդներով չեզոքացրեց կամ մեկուսացրեց քաղաքական հակառակորդներին, գրեթե լիակատար վերահսկողություն սահմանեց լրատվական դաշտի վրա, ստեղծեց տնտեսության կլանային-օլիգարխիկ համակարգը, ռազմավարական օբյեկտներն ու ենթակառուցվածքները պարտքի դիմաց հանձնեց Ռուսաստանին, մի խոսքով՝ սարքեց իր պատկերացրած «կազմակերպված պետությունը», և այդ ամենը, հասկանալի է, նաև կարճաժամկետ սոցիալ-տնտեսական դրական էֆեկտ ունեցավ։ Բայց ակնհայտ էր, որ երկարաժամկետ հեռանկարում դա ոչ մի լավ բանի չէր հանգեցնելու, և այդպես էլ եղավ։ 1998-ին Հայաստանն ու Ադրբեջանն իրենց պոտենցիալներով համադրելի պետություններ էին, իսկ 2008-ին՝ արդեն ոչ։ 

Անցնենք առաջ։ 1998-ին Քոչարյանին հաջողվեց իշխանության գալ նաև այն պատճառով, որ Արցախը հայկական ինքնության խորհրդանիշն էր, ու հասարակության մեջ Արցախի ու արցախցիների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կար։ Թե հետագայում ինչ մնաց այդ խորհրդանիշից՝ տեսանք։ Հիմա Քոչարյանն ասում է, որ հայկական ինքնության ու պայքարի խորհրդանիշը Սյունիքն է, և ընտրությունների է գնում նույն տրամաբանությամբ՝ Սյունիքում ձևավորված կուսակցության հետ դաշինքով։ Հարց է ծագում՝ արժե՞ արդյոք ամեն անգամ կատարել նույն քայլերն ու տարբեր արդյունքներ ակնկալել։

Հասարակությունն ամբողջ 40 օր ունի այս հարցերին պատասխանելու համար։

Արմեն Բաղդասարյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ