Հայաստանում մարդկանց ուղեղների լվացման գործընթացը երբևէ այսքան բացահայտ ու ցինիկ չի եղել։ Չտեսնված ագրեսիվ քարոզչությամբ հասարակությանը փորձում են ներշնչել, թե «ձև չկա», ուզեք, թե չուզեք՝ առաջիկա ընտրություններում ստիպված եք լինելու ընտրություն կատարել վատի և վատթարի միջև։
Այսինքն՝ ընտրություններն ի սկզբանե ներկայացվում են որպես ինչ-որ պատուհաս, որից խուսափելն անհնար է, մարդկանց ներշնչում են, որ ցանկացած իշխանություն այսպես թե այնպես վատն է, «ով էլ գա՝ նույն բանն է անելու, նույն ձևով թալանելու է, ոչ մի բան չի փոխվելու», հետևաբար՝ պետք է ընտրել նրանց, ովքեր գոնե ավելի քիչ կթալանեն։ Եվ այս քարոզչությունն աշխատում է, որովհետև արտաքին հարցերում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման կամ անվտանգային որևէ համակարգում ներգրավվելու դեպքում իսկապես էլ ընտրությունը եղել է վատի ու վատթարի միջև, հասարակությունն էլ, մեծ հաշվով, գիտակցել է դա, ու հիմա հեշտությամբ է համոզվում, որ նույնն էլ ներքաղաքական հարցերի դեպքում է։
Ուշադրություն դարձրեք՝ մարդկանց ուղեղները լվանալու այս գործընթացը հավասարապես ձեռնտու է և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ Ռոբերտ Քոչարյանին։ Սրանց երկուսի նախընտրական քարոզչությունն էլ կառուցված է նույն «գուցե ես վատն եմ, բայց նա ավելի վատն է» թեզի վրա։ Քոչարյանն, իհարկե, կարող է նաև իր տնտեսական «փայլուն հաջողությունները» թվարկել (որոնք հետագայում փուչիկի պես պայթեցին), բայց փաստն այն է, որ նա իշխանության է եկել հեղաշրջման արդյունքում, իշխանությունն ամրապնդել է հոկտեմբերի 27-ի արդյունքում, ու եզրափակել է մարտի 1-ով։ Նիկոլ Փաշինյանը նույնպես կարող է թվարկել իր «աննախադեպ հաջողությունները», բայց եթե բանակի ելակն ու ընձառյուծի ճամփորդությունը հանում ենք՝ տակը բան չի մնում, հետևաբար ամենաշահեկանը «հա, բայց հլը նախկինների այլանդակությունները հիշեք» տարբերակն է։ Ընդ որում՝ երկուսն էլ իբր այնքան ազնիվ են, որ նաև իրենց «որոշ թերացումների ու բացթողումների» մասին են խոսում։ Իհարկե՝ համեստորեն լռելով այն մասին, որ այդ «թերացումներն ու բացթողումներն» ամենևին էլ օբյեկտիվ հանգամանքներով չէին պայմանավորված, լավ էլ միտումնավոր են արվել։ Օրինակ՝ այնպես չէ, որ Հայաստանի պետական կառավարման այլ մոդել հնարավոր չէր, ու Քոչարյանը ստիպված կոռուպցիոն մոդել է ստեղծել, այնպես չէ, որ ամենաշահավետ ձեռնարկությունները պետք էր սեփականաշնորհել, բայց քանի որ ուրիշ ցանկացող չկար՝ Քոչարյանը ստիպված դա անձամբ է արել կամ հանձնարարել է իր մտերիմներին, և այլն։ Նույնն էլ Փաշինյանի դեպքում է։ Այնպես չէ, որ նա ուրիշ ճար չուներ և ստիպված էր հիմնովին ավերել պետական ինստիտուտները, կամ Հայաստանում նորմալ մարդիկ չկային, և նա ստիպված էր Ազգային ժողովը լցնել ինֆանտիլ ուսապարկերով, իսկ կառավարությունը՝ ֆեյսբուքներում աչքի ընկած ջահել-ջուհուլով։
Իրականում ընտրությունները երևի այն փոքրաթիվ դեպքերից են, երբ նույնիսկ ամենածանր վիճակում գտնվող երկրի հասարակությունը կարող է ընտրություն կատարել ոչ թե վատի ու վատթարի, այլ վատի ու լավի միջև։ Որովհետև եթե անգամ երկիրը ծանր վիճակից դուրս բերելն ահավոր բարդ ու նույնիսկ անհնար է թվում, միևնույն է՝ կարելի է ընտրել նրան, ով լավագույնս կփորձի անել դա։ Օրինակ՝ եթե հիվանդը ծանր վիճակում է, և նրա բուժումն իսկապես ենթադրելու է ընտրություն վատի ու վատթարի միջև (ասենք՝ կամ պիտի որևէ օրգան հեռացնեն, կամ քիմիոթերապիայի ենթարկեն), դա դեռ չի նշանակում, թե բժշկի ընտրությունը նույնպես ընտրություն է վատի ու վատթարի միջև։ Հակառակը՝ կարելի է և պետք է ընտրել լավագույն բժշկին, ընդ որում՝ որքան ծանր է հիվանդի վիճակը, այնքան ավելի կարևոր է ճիշտ բժիշկ ընտրելը։
Իսկ համապետական ընտրությունները որպես «չարյաց փոքրագույնի ընտրություն» ներկայացնելը ձեռնտու է միայն «չարիքներին»։ Որովհետև միայն այդ դեպքում նրանք հաղթելու շանսեր ունեն։
Արմեն Բաղդասարյան