Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոնը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել է. «Պատերազմից մի քանի օր անց մենք մեկնեցինք Արցախ։ Հայրս ամեն բան փորձեց անել՝ խորհուրդներ տալ, հուշումներ անել։ Նույնիսկ ասում էր՝ այս ինչը բանը գնացեք, ասեք, բայց մի ասեք, որ ես եմ ասել։ Արցախի նախագահն անգամ հարկ չհամարեց հանդիպել, քննարկել։ Ես ինքս ականատես եմ եղել, որ այն մարդիկ, որոնք կանգնած էին մեր հաղթանակների հիմքում՝ 1990-ականներից սկսված, ինչպես էին անտեսվում, ոչ մի բան չէին լսում։ Արվել է առավելը, այն, ինչը կարող էր արվել կողքից՝ չլինելով իշխանության մեջ»:
«ՉԻ». Լևոն Քոչարյանի այս խոսքերին երկու տեսանկյունից պետք է մոտենալ: Առաջինը. որքանով մենք տեղյակ ենք, պատերազմի օրերին Արցախի նախագահը չի ցանկացել ո՛չ Ռոբերտ Քոչարյանին հանդիպել, ոչ էլ՝ Սերժ Սարգսյանին: Մի օր Արայիկ Հարությունյանը պետք է սրա համար պարզաբանում տա: Այսինքն, ինչպե՞ս է ստացվում, որ Աննա Հակոբյանին թույլատրվում էր գլխավոր շտաբի բունկերում լինել, իսկ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին չէր կարելի հանդիպել Արցախի ղեկավարության հետ: Մենք ենթադրում ենք, որ Արայիկ Հարությունյանը Հայաստանի իշխանությունների պահանջով է խուսափել Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց, կամ պարզապես չի ցանկացել հանդիպել՝ իմանալով, որ դա հարուցելու է Նիկոլ Փաշինյանի զայրույթը: Կամ էլ, սա ամենաքիչ հավանականն է, Արայիկ Հարությունյանը նրանց կարիքը չի զգացել:
Ու կա այս թեմայի վերաբերյալ երկրորդ մոտեցումը: 10 տարի Ռոբերտ Քոչարյանը ղեկավարել է Հայաստանը: Ինքը ո՞նց է վերաբերվել Հայաստանի նախորդ ղեկավարին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին: Հարյուրապատիկ ավելի բեթար, ավելի վատ, քան Արայիկ Հարությունյանն իր նկատմամբ: 10 տարվա մեջ գոնե մի անգամ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպե՞լ է: Մի անգամ հրավիրե՞լ է իր մոտ կամ ինքը հյուր գնար: Գնար, մի անգամ խորհուրդ հարցներ, արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կարծիք ճշտեր: Իմանալով, թե Առաջին նախագահը որքան մանրամասն է տիրապետում կարգավորման գործընթացին:
Ոչ մի անգամ լայաղ չի արել: Ավելին, 10 տարի շարունակ Քոչարյանը ամենաստոր մեթոդներով հարվածել է Լևոն Տեր-Պետրոսյանին, իր վարձու մտավորականների, քաղաքագետների, մանր-մունր գյադաների միջոցով վարկաբեկել նրան, դավաճանի և հող հանձնողի պիտակ կպցրել, ուրացել Տեր-Պետրոսյանի դերն ու նշանակությունը արցախյան պատերազմում, Տեր-Պետրոսյանի հաջողություններն իրեն վերագրել: Ու սա դեռ չհաշված, թե Տեր-Պետրոսյանի ու նրա համախոհերի գլխին ինչ օյիններ է սարքել:
Որ «ա»-ն ասում եք, «բ»-ն էլ ասեք: Լևոն Քոչարյանը դժգոհելու, մուննաթ գալու տեղ չունի: Ոնց իր հայրն է վերաբերվել Տեր-Պետրոսյանին, դրանից ավելի մեղմ ձևերով Արայիկ Հարությունյանն է վերաբերվել Քոչարյանին: Ավելին, Արայիկ Հարությունյանը գոնե Քոչարյանին դավաճան, մարդասպան, գյոզալ երկիրը քանդած չի անվանել: Ընդամենը չի ցանկացել հետը հանդիպել: Այնպես որ, ուրիշների հետ մի վարվեք այնպես, ինչպես չէիք ցանկանա, որ ձեր հետ վարվեն: