Վահե Էնֆիաջյան. Կենդանակերպի նշանը՝ ծվծվան բադ:
Ծանր շաբաթ է սպասվում: Հատիկ առ հատիկ բոլոր տեղերում ստորագրված ղազագրերը պետք է թարմացվեն:
Երկուշաբթի կհյուրընկալվեք Жди меня հաղորդաշարին: Կհայտարարեք, որ 30 տարի է, սպասում եք, թե ինչպես է կարմիր բանակը մտնելու Երևան:
Երեքշաբթի մինչև 12:00-ը հացադուլ կհայտարարեք Ծառուկյանի համար, իսկ 12-ից հետո «Փարավոնում»՝ խորովածի սեղանի շուրջ, կքննարկեք՝ ինչպես դիմակայել բռնապետությանը:
Չորեքշաբթի կհայտարարեք, որ այս պահին դատարանի մատույցներում գրվում է հայոց պատմության ամենափառահեղ էջերից մեկը, որը կստվերի Ավարայրը և Սարդարապատը: Ցավոք, Աղի հանքը սկսել է սպասարկել միայն կորոնավիրուսով հիվանդներին:
Հինգշաբթի անանուն կայցելեք թրաֆիկինգի ենթարկված անձանց վերականգնողական կենտրոն: Կպարզեք, որ այնտեղ են նաև Աբովյանը, Պետրոսյանը, Բագրատյանը, Նապոլեոնը և անգամ Ջանիբեկը:
Ուրբաթ անձամբ կգնաք «Զվարթնոց» օդանավակայան Բելառուսից ուղարկած օգնությունը ստանալու: Կպարզվի՝ Բատկան ուղարկել է սուխարի, թեյ, սավաններ և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ:
Շաբաթ-կիրակի մնացեք տանը և հեղափոխական պատրաստություններ տեսեք: Ծորակից ջուրը շշալցրեք, որպեսզի հետագա գործնեության ժամանակ չմնաք ուրիշի հույսին: