...

Հուսով ենք՝ փառահեղ էջը չի սկսվել 1979 թվականից

Հուսով ենք՝ փառահեղ էջը չի սկսվել 1979 թվականից

«Գագիկ Ծառուկյանի անունը արդեն փառահեղ կերպով գրված է Հայոց պատմության էջերում»:

Հայտարարության հեղինակը ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն է:

«ՉԻ». Փաստորեն Վահե Էնֆիաջյանը այլընտրանքային պատմություն է գրել, բայց չի տեղեկացրել:

Հետաքրքիր է՝ երբվանից է սկսվում այդ փառահեղ ճանապարհը: Հուսով ենք, մեկ առանձին գլուխ նվիրված չէ 1979 թվականի դեպքերին, երբ Ծառուկյանը միայնակ դիմադրում էր ռուս կանանց և խորհրդային արդարադատությանը: Իսկ եթե նվիրված է, ապա ոչ թե 1988 թվականը պետք է համարել ազգային զարթոնքի տարեթիվ, այլ հենց 1979 թվականը, երբ Ծառուկյանը սկսել է իր պայքարը:

Փառահեղ էջ է 2008 թվականի Մարտի 1-ը: Ի վերջո, ամենավճռական պահին, Ծառուկյանը ճակատամարտի թատերաբեմ մտցրեց իր այրուձին: Ականատեսների վկայությամբ նրանք կռվում էին հատուկ խիզախությամբ և հաստատակամությամբ:

Ինչ խոսք, փառահեղ էջ է սոված և աղքատ երկրում միլիարդատեր դառնալը: Որքան բարոյական և այլ օրենքներ պետք է շրջանցես, որ հասնես այդպիսի արդյունքի: Որքան ճկուն ու խիզախ պետք է լինես, որ Սաշիկի ու Միշիկի աչքի տակ հարստանաս և պահպանես այդ հարստությունը:

2015 թվականը ընդհանրապես բենեֆիսի տարի էր: Անգամ Կուտուզովի փառահեղ նահանջը խամրում է Ծառուկյանի նահանջի ֆոնին: Փառահեղ համբերություն, նյարդերի ամրություն, կրկին ճկունություն է անհրաժեշտ, որ Սերժ Սարգսյանի հայտնի խոսքերից հետո նորից սկսես նրա հետ համագործակցել: Անգամ հայտնի դիվանագետներ Թայլերյանը և Մետերնիխը չունեին նման շրջահայացություն: Առաջինը չներեց Նապոլեոնին, երբ կայսրը նրան անվանեց «կեղտ», իսկ Ծառուկյանը իսկապես փառահեղ դիվանագետի որակներ դրսևորեց և ուշադրություն չդարձրեց «դոդ» պիտակավորմանը:

Հուսով ենք՝ իրավապահները գտել են բոլոր կոմպրոմատները, որոնց շնորհիվ Էնֆիաջյանը և մյուսները գտնվում էին քաղաքական գերության մեջ: Այլապես Էնֆիաջյանը կշարունակի գրել Ծառուկյանի փառահեղ պատմությունը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1510 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ