...

1937-ի «ժողովրդի թշնամիներն» ու 2023-ի «5-րդ շարասյունը»

1937-ի «ժողովրդի թշնամիներն» ու 2023-ի «5-րդ շարասյունը»

Վերջին օրերին հերթական անգամ ակտիվացել է այն «դիսկուրսը», թե 1998-ին Լևոն Տեր-Պետրոսյանն այնուամենայնիվ սխալ էր, որովհետև եթե համոզված էր, որ «ոչմիթիզականներն» ի վերջո կործանման են հասցնելու երկիրը՝ ոչ մի դեպքում չպետք է հրաժարական տար ու պիտի պայքարեր մինչև վերջ՝ թեկուզ Հայաստանը քաղաքացիական պատերազմի հորձանուտը նետելու գնով։ Նպատակը, հասկանալի է, «անցյալը փորփրելը» չէ։ Իշխանական և մերձիշխանական շրջանակները բութ համառությամբ 25 տարվա վաղեմության՝ բազմիցս հանգամանորեն վերլուծված իրադարձությունները ևս մեկ անգամ ասպարեզ են բերում շատ կոնկրետ ներքաղաքական նպատակով․ ուզում են «հիմնավորել», որ եթե վաղը-մյուս օրը Նիկոլ Փաշինյանը հայտնվի հրաժարական տալու կամ քաղաքացիական պատերազմի ընտրության առջև, առանց երկմտելու պարտավոր է ընտրել քաղաքացիական պատերազմը և անգամ տասնյակ հազարավոր զոհերի ու երկիրը հիմնահատակ ավերելու հեռանկարն աչքի առաջ ունենալով՝ ոչ մի դեպքում հրաժարական չտա։ Որովհետև «այ 1998-ին Լևոնը խուսափեց քաղաքացիական պատերազմից, ու հետևանքները տեսանք»։ 

Եվ պատահական չէ, որ խնամքով առաջ մղվող այս քարոզչությունը տարվում է «5-րդ շարասյան» թեմայի շուրջ բարձրացած տիեզերական աղմուկին զուգահեռ։ Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանի այդ «սենսացիոն» հայտարարությունից հետո, ինչպես և պետք էր սպասել, նրա ուսապարկերն իրար հերթ չտալով զարգացրեցին թեման։ Մեկը հայտարարում է, որ «5-րդ շարասյունը» ոչ միայն բանակում է, այլև պետական կառավարման բոլոր ոլորտներում, քաղաքական դաշտում և այլն, մի ուրիշն առաջարկում է անհապաղ բոլորի գլուխները «ջնջխել», և այսպես շարունակ։ Մեծ հաշվով՝ այստեղ նորություն չկա․ իշխանական մանկլավիկների պահվածքը միշտ նույնն է։ 2015-ի փետրվարին էլ, երբ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին «չարիք» անվանեց, ՀՀԿ մանկլավիկները նույն եռանդով սկսեցին «զարգացնել շեֆի միտքը»։ Նորությունը թերևս այն է, որ «5-րդ շարասյունը բոլոր ոլորտներում է» արտահայտությունը չափազանց անորոշ է և հնարավորություն է տալիս ցանկացած պահի որպես «օտարերկրյա լրտես» բացահայտել ու կալանավորել ցանկացած մարդու։ Սա, ի դեպ, չի նշանակում, թե Հայաստանում «5-րդ շարասյուն» չկա։ Ամենայն հավանականությամբ՝ իսկապես կա, և ոչ միայն բանակում։ Ճիշտ այնպես, ինչպես 1937-38 թվականներին Խորհրդային Միությունում գուցե իսկապես կային «ժողովրդի թշնամիներ» ու «անգլիական լրտեսներ», բայց դրանց դեմ պայքարի անվան տակ իշխանություններն իրենց հարցերն էին լուծում, իսկ միլիոնավոր անմեղ մարդիկ ոչնչացվում էին։ Որևէ մեկը չի կասկածում, չէ՞, որ «ժողովրդի թշնամիներ» արտահայտությունը «5-րդ շարասյուն»-ով փոխարինելով՝ Նիկոլ Փաշինյանը դրա դեմ պայքարն առաջին հերթին ծառայեցնելու է իր անձնական քաղաքական շահերին։ Գուցե նաև՝ ոչ միայն քաղաքական։

Իսկ մեծ հաշվով՝ «5-րդ շարասյուն» կարելի է անվանել բոլոր նրանց, ովքեր ոչ թե առաջնորդվում են Հայաստանի պետական շահով, այլ փորձում են Հայաստանը՝ որպես պետություն, ծառայեցնել այլ պետությունների կամ ուժային բևեռների շահերին ու դրա դիմաց Հայաստանում ստանալ կամ պահպանել արդեն ստացած իշխանությունը։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ Հայաստանի քաղաքական դաշտի առնվազն 90 տոկոսը տեղով մեկ «5-րդ շարասյուն» է, ու կապ չունի՝ իշխանակա՞ն դաշտում են խաղում, թե՞ ընդդիմադիր։ Պարզապես այդ շարասյուների հրամանատարական կետերն են գտնվում տարբեր մայրաքաղաքներում։ 

Իսկ «որոշումների կայացման իրական կենտրոնը» Երևանը դարձնելու վերջին հուսահատ ջանքերը ձախողվել են դեռևս 1998-ի հունվարին։ Ցավոք՝ կարծես թե անդառնալիորեն։

Մարկ Նշանյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ