...

Բա ձեզ համա՞ր ով է աղոթելու

Բա ձեզ համա՞ր ով է աղոթելու

Արարատյան Հայրապետական թեմի Շենգավիթի Սրբոց Առաքելոց եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ԶԱՐԵՀ քահանա Աշուրյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Լևոն Բարսեղյան անուն և ազգանուն կրող այս տեսակը, որ հասարակության լայն շրջանակներին հայտնի է տարբեր սկանդալային պատմություններով, անդրադառնալով ոմն ռուսական ռազմագետի հայտարարությանը, հատուկ վիրավորական երանգ կամ հեգնական տոն տալու համար իր գրավոր խոսքին՝ Վեհափառ Հայրապետին դիմում է՝ «Պարոն Ներսիսյան» ձևակերպումով։ Եվ սա համարվում է իրավապաշտպա՞ն, կամ հասարակական գործի՞չ: Սրա պաշտպանած իրավունքները և դավանած ճշմարտությունները կապ չունեն մեր ազգային քրիստոնեական արժեքների հետ։ Սրանց արժեքները այն գրանտներն են, որոնց «օգնությամբ» տասնամյակներ շարունակ հասարակական կյանքում սերմանել են պղծություններ, և բնական ու տրամաբանական է այս տեսակի կողմից նման վերաբերմունքը Ազգիս Վեհափառ Հայրապետի անձին և նաև ի դեմս Վեհափառ Հայրապետի՝ մեր ողջ Եկեղեցուն։ Բնական է, քանի որ իրենց ապականող ծրագրերի իրականացման ճանապարհին միշտ հանդիպում են Եկեղեցու և եկեղեցականներիս ընդդիմությանը»։ Եվ որպես հետգրություն՝ հավելել. «Քեզ համար ևս կաղոթենք»։

«ՉԻ». Սկզբի համար վատ չի լինի, եթե եկեղեցու այս կարգի քահանաներն աղոթեն իրենց համար, հայցեն Տիրոջ ողորմածությունը իրենց մեղքերի, թուլությունների և օգտագործած բառամթերքի համար:

Մեղա գան, որ այսքան տարի ձայն չեն հանել, չեն կանգնել անօգնական, կարիքավոր մարդկանց կողքին, չեն փորձել մխիթարել, և այլն:

Խոստովանեն իրենց մեղքերը, որ հանդուրժել են բենթլիներով արքեպիսկոպոսների ու բիզնեսմեն կաթողիկոսների:

Եթե Աշուրյանը և մնացածը իրենց բազմազբաղ առօրյայից մի փոքր ժամանակ տրամադրեին և երբեմն իրենց ձայնը բարձրացնեին ճնշվածների օգտին, գուցե իրավապաշտպաններն այսքան անելիք չունենային և այսքան հայտնի չլինեին:

Գարեգին Բ-ին «Ներսիսյան» դիմելուց վիրավորված քահանան լավ կանի իր պերճախոսությունն օգտագործի և ռուս ռազմագետի պորտը տեղը դնի, որն օրերս կոչ արեց հայերին հրաժարվել Առաքելական եկեղեցուց և ուղղափառ դառնալ:

Հ.Գ. Տեսնես քահանա Աշուրյանը տարիներ առաջ աղոթե՞լ է իր անմիջական ղեկավար Կճոյանի համար, որ նա անփորձանք դուրս գա ադամանդների վաճառքի հետ կապված սկանդալից: Թե՞ դրա կարիքը չի եղել, քանի որ պարոն Ներսիսյանը միշտ տեր է կանգնում իր հոտին:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ