Պատից կախված գավազանը
Այս շաբաթը անցնում էր այնպես, ինչպես պետք է անցներ: Հանգիստ, խաղաղ, վարակվողները վարակվում էին, բուժվողները՝ բուժվում, պլանով օրերն անցնում էին, մին էլ ըհը՝ Կաթողիկոսն եկավ:
Մեծ հաշվով, պատից կախված գավազանն էլ է տարին մեկ անգամ կրակում: Կաթողիկոսի դեպքում՝ 20 տարին մեկ: Համարյա մոռացել էինք իր մասին, որ երեխաները հարցնում էին, թե ո՞վ է մեր Կաթողիկոսը, պատասխանում էինք, որ դա մի մարդ է, որը կրոնական տոների և հիշատակի օրերին ելույթ է ունենում, տեսախցիկների առջև մի երկու բառ աղոթում:
Իսկ հիմա հանկարծ պարզվեց, որ Գարեգին Բ.-ն նաև աստծո օրհնյալն է, անձեռմխելի մի մարդ, մարդասեր, հայկական արժեքների պահապան, մեր պետականության հիմնասյուն, ֆունդամենտ: Սուրբ մարդ, որը օր ու գիշեր մտածում է հայ ժողովրդի մասին, ավելի ճիշտ՝ նրա մի մասի, ավելի ճիշտ՝ նրա մի մասի մի հոգու՝ Ռոբերտ Քոչարյանի մասին:
20 տարի պահանջվեց Կաթողիկոսից, որպեսզի նա հանկարծ հիշի, որ մարդկանց բանտից ազատելու միջնորդություններ կարող է անել: Դա էլ չէր հիշի, պարզապես Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ Մելիքյանը նրան «բիթի» գցեց:
Մարդասեր, ավելի՝ մարդասեր
Տեր Վահրամը մեր եկեղեցու ամենակարկառուն ու ազնվագույն հոգևորականներից մեկն է: Իր ողջ հոգևոր կյանքի ընթացքում մարդը պատարագներից, ծիսակատարություններից և օրենքով չարգելված բիզնեսի այլ ձևերից կոպեկ-կոպեկ հավաքել էր, տանջվել, գիշեր-ցերեկ հանուն ժողովրդի տառապել, ի վերջո 15 մլն դրամ էր հավաքել, որը առաջին իսկ նեղն ընկած մարդու համար չզլացավ ծախսել: Աստվածաշնչում կարդացել էր՝ «օգնի՛ր մերձավորիդ», որոշեց օգնել, իսկ նրա մերձավորը Սամվել Մայրապետյանն էր: Զուտ պատահականություն էր դա:
Որպես իսկական քրիստոնյա, Տեր Վահրամը իր ունեցած միակ հարստությունը՝ 15 մլն դրամը, որպես գրավ վճարեց դատարանում, որ Մայրապետյանը ազատ արձակվի: Գիտեր մեր հոգևորականը, որ Սամվել Մայրապետյանը փախչելու է, բայց գնաց այդ զոհողությանը: Հիրավի մեծ քրիստոնյա ու հումանիստ:
Դե, Կաթողիկոսն էլ ոգևորվեց իր ենթակայի այդ վեհափառ ու վսեմաշուք քայլից, որոշեց, որ ինքն էլ նման մի բան անի, և օգնի մերձավորին: Թարսի պես, իր մերձավորն էլ Ռոբերտ Քոչարյանն էր: Մինչև այդ ուրիշ հարմար մերձավոր չէր եղել: Ու այդպես ինքը մտավ Քոչարյանին ազատ արձակելու խաղի մեջ:
Բեհեզզեբուղի բաժինը
Իսկ հայ ժողովուրդը անամոթ դուրս եկավ: Փոխանակ մինչև գետին խոնարհվեր ու շնորհակալ լիներ աստծուց, որ նման մարդասեր, ավելի ճիշտ՝ քոչարյանասեր կաթողիկոս ունեն, վրա են տվել խեղճ մարդուն, օստրակիզմի են ենթարկում, ատամներն են հաշվում, թույն ու ատելություն են ժայթքում: Չեն հասկանում, թե կաթողիկոսը ինչքա՜ն է տառապել, մինչև Քոչարյանի համար միջնորդություն է ներկայացրել: Աշխարհի ոչ մի հոգևոր առաջնորդ մինչև հիմա որևէ հանցագործի համար միջնորդություն չէր ներկայացրել, ու փոխանակ ժողովուրդը հպարտանա նման վիճակագրությամբ, քննադատում է Գարեգին Բ.-ին: Շանթ ու որոտ ձեր գլխին, Բեհեզեբուղի բաժին դառնանք, դուք կատարյալ մոլորյալ հոտ եք, որն իրեն պահում է անաղուհաց քրդի շան պես:
Անաղուհացի պատմությունը
Իմիջիայլոց, հիմա կարելի է «անաղուհաց քրդի շուն» արտահայտությունը ասել, այդ Քոչարյանի օրոք էր, երբ Արարատյան թեմի մոլորյալներից մեկը՝ Ջանիկ անունով, Քոչարյանի վերաբերյալ բանաստեղծություն էր գրել, այնտեղ օգտագործել «անաղուհաց քրդի շուն» արտահայտությունը, Քոչարյանն էլ կատաղել, Աղվան Հովսեփյանին կարգադրել էր պատժել Ջանիկին, Աղվանն էլ բռնել, մի հատ քրեական գործ էր հարուցել ու մի հատ մեծ հոդված դրել Ջանիկի վրա: Հետո, երբ յուրօրինակ ֆլեշմոբ սկսվեց, ու բոլորը սկսեցին Քոչարյանին «անաղուհաց քրդի շուն» անվանել, ստիպված եղան մրմռալով հետ քաշվել իրենց խրամատները:
Ազնիվ, ավելի ազնիվ
Լավ, սա լիրիկական շեղում էր: Իշխանություններն էլ, չհասկանալով Գարեգին Բ.-ի ազնվագույն մղումները, Քոչարյանին ազատ արձակելու հերոսական ճիգերը, մի բան էլ իրենք են նախահարձակ լինում, կասկածի տակ դնում Կաթողիկոսի հոգևոր լեգիտիմությունը, ինչ-որ համատեղ բիզնեսներ ու Հոկտեմբերի 27 են հիշեցնում: Ամոթ է, ամոթ, Կաթողիկոսը բիզնես չունի, էդ սաղ իր Եզրաս եղբայրն է: Ու հաստատ վրեժխնդրությունից ելնելով, իշխանությունները հարվածեցին Կաթողիկոսի թույլ տեղին՝ քրեական գործ հարուցելով Նավասարդ Կճոյանի դեմ: Իբր թե Կճոյանը աֆրիկաներում բիզնեսի համար փողեր է կերել:
Մինչդեռ Կճոյանը Մայր Աթոռի ամենապարկեշտ հոգևորականներից մեկն է միշտ եղել: Ի տարբերությունը այլ բարձրաստիճան պաշտոնյաների, վերջինս երբեք չի թաքցրել իր բիզնես ջիղը, չի թաքցրել, որ «Բենթլի» է քշում ու ատրճանակով է ֆռֆռում: Այդ առումով ազնիվ է, տակից խաղեր չէր տալիս: Ինչպե՞ս կարելի էր ձեռք բարձրացնել նման սուրբ մարդու դեմ: Ուզում ենք հիշեցնել, որ «բոլորս էլ Քրիստոսի ատյանի դիմաց պիտի ներկայանանք, որպեսզի յուրաքանչյուրն ստանա, ինչ որ արել է ավելի առաջ իր մարմնով թե բարի, թե չար» (Բ Կորնթ. 5.10):
«Անպիտան ծառաներ ենք. ինչ-որ պարտավոր էինք գրել, այն գրեցինք» (Համարյա Ղուկաս, 17.10):