...

Բա որ Սերժը դատի՞ տա

Բա որ Սերժը դատի՞ տա

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով տարբեր գերատեսչություններում պաշտոնյաների աշխատասենյակներում Նիկոլ Փաշինյանի լուսանկարը փակցնելուն և Նիկոլ Փաշինյանի կողմից նախկինում Սերժ Սարգսյանի նկարն աշխատասենյակներում կախելը քննադատելուն, ասել է. «Ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանն ընտրված առաջնորդ է»։

«ՉԻ». Հենց այսօր խորհրդարանում Արայիկ Հարությունյանի և քոչարյանական պատգամավոր Աղվան Վարդանյանի միջև մի բանավեճ եղավ: Աղվան Վարդանյանը այսպիսի բան ասաց. «Բոլոր ուսումնասիրություններով՝ անկախության տոնին ծախսվել է 400-450 միլիոն դրամ: Ովքե՞ր են այդ ծախսերը իրականացրել, կարծում եմ՝ հանրայնացնելու ձևերը կան։ Ի՞նչ առնչություն ունի աշխատակազմի ղեկավարը այդ միջոցառման կազմակերպիչների հետ, դա ևս հայտնի է։ Քաղաքացու օրն իրականում արժեք չունի, և եթե դուք կարողացել եք մասնավոր միջոցներ գտնել Անկախության տոնի համար, Քաղաքացու օրվա համար էլ կարող եք մի քառասուն միլիոն դրամ հայթայթել՝ ձեր համակիրների, բարեկամների միջոցով»:

Արայիկ Հարությունյանն էլ պատասխանեց. «Պարոն Վարդանյան, իրավական առումով կարող եք խնդիրներ ունենալ, եթե չհրապարակեք աղբյուրները ու իմ առնչությունը ֆինանսավորողների հետ»:

Ինչո՞ւ ենք սա հիշատակել: Արայիկ Հարությունյանը սպառնում է դատի տալ Աղվան Վարդանյանին, եթե իր խոսքերը կոնկրետ փաստերով չհիմնավորի: Խնդիր չկա: Աղվան Վարդանյանը թող պարզաբանում տա:

Բայց, եթե Արայիկ Հարությունյանն այսպես է արձագանքում իր հասցեին հնչող հայտարարություններին, պահանջում է փաստերով խոսել, ապա հիմա Սերժ Սարգսյանը կարող է նրան դատի տալ և պահանջել հիմնավորել, որ ինքը չընտրված ղեկավար է: Արայիկ Հարությունյանը դա է ասել. Նիկոլ Փաշինյանն ընտրված առաջնորդ է, Սերժ Սարգսյանը՝ չընտրված: Դե թող հիմնավորի: Փաստերով, իրավական հիմքերով, դատական որոշումներով: Թե որ այդպես օրենքի տառով շարժվող տղա է: Մենք միայն ուրախ կլինենք, եթե Արայիկ Հարությունյանին դա հաջողվի: Պատրաստ ենք մի հատ մեծ, ոսկեզօծ մեդալ պատվիրել ու իրեն պարգևատրել: 

Սրանք նույնիսկ մարտի 1-ի գործում Քոչարյանի առնչությունը չկարողացան ապացուցել, Սերժ Սարգսյանի չընտրված լինելը ո՞նց են ապացուցելու: 

Հ.Գ. Իսկ 2018-ին Նիկոլ Փաշինյանը չէր հայտարարել, թե այսուհետ պաշտոնյաների կաբինետների պատերին այլևս չեն լինելու ՉԸՆՏՐՎԱԾ ղեկավարների լուսանկարները: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ