...

Բաց սահմաններ, էժան ապրանք․ դաժան հիասթափության նախաշեմին

Բաց սահմաններ, էժան ապրանք․ դաժան հիասթափության նախաշեմին

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական գործընթացներին։ Մի կողմ թողնելով նախկին նախարարի քաղաքական վերլուծությունը՝ մեջբերենք հարցի տնտեսական բաղադրիչը։ 

«Անհրաժեշտ է տեղյակ լինել նաև այսպես կոչված՝ «սահմանը բացելու», և դրա հետ կապված՝ իբր էժան ապրանք ներմուծելու հետ կապված ակնհայտ խաբկանքին։ Առանց մանրամասնելու, և մասնագիտական խորխորատներում խճողելու… «Սահմանը բացել»-ն ամենևին չի նշանակում սահմանի վերացում։ «Սահման բացել»-ն ամենևին չի նշանակում ազատ առևտրի ռեժիմի սահմանում և «էժան ապրանք»՝ երբե՛ք, և ոչ մի առումով, առավել ևս՝ Թուրքիայի պարագայում։ Բանն այն է, որ ի թիվս բազմատեսակ ու բազմաթիվ հարյուրավոր այլ խնդիրների և առկա խոչընդոտների՝ Հայաստանը ԵԱՏՄ մաքսային միության անդամ երկիր է, իսկ Թուրքիան՝ 1995 թվականից՝ Եվրոպական մաքսային միության անդամ։ Հետևաբար, տվյալ աշխարհաքաղաքական իրադրությունում (մասնավորապես՝ Ռուսաստան-արևմուտք հարաբերությունների այս պայմաններում) տեսանելի ապագայում գործնականում, միջազգային իրավական եղանակով բացառված է Հայաստանի և Թուրքիայի միջև ազատ առևտրի (ասել է թե՝ առանց մաքսատուրքերի, և առանց տեխնիկական խոչընդոտների) ռեժիմի սահմանումը»,- նշել է Կարեն Ճշմարիտյանը։ Ըստ նրա՝ պետք է տեսանելի ապագայում մոռանալ նաև «…սահմանը բացելու դեպքում էժան թուրքական ապրանքի» մասին, որովհետև այն հերթական մանիպուլյատիվ հնարքն է։ «Եթե թուրքական ապրանքը մինչ այսօր էժան է եղել, ապա դա հետևանքն է այն բանի, որ դրանք ներմուծվում են, որպես անձնական բեռ կամ այլ ճանապարհով, որովհետև Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն չունի արտաքին տնտեսական հարաբերությունները կանոնակարգող որևէ երկկողմ կամ բազմակողմ փաստաթուղթ, այդ թվում՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության ձևաչափով։ Հարաբերությունները կարգավորելու պայմաններում՝ դրանք առավել թանկ են լինելու՝ մաքսատուրքեր, քվոտաներ, լիցենզիաներ, ԵԱՏՄ կարգավորումներ, արտահանման սուբսիդիաների սահմանափակումներ, և այլն։ Այնպես որ՝ ամենադաժան հիասթափություն է սպասվում. «Այսօրվա թուրքն առաջվա թուրքը չէ» և «Թուրքիայի սահմանը բացենք՝ լավ ապրենք…» մանիպուլյատիվ թեզերով կերակրվողներին»,- եզրափակել է նախկին նախարարը։

Մի բանում Ճշմարիտյանը հաստատ ճիշտ է։ Հայաստան ներկրվող թուրքական ապրանքը զարտուղի ճանապարհներով է հասնում մեր երկիր․ անունը դնենք՝ անձնական բեռ։ Նախկինում մի քանի անգամ փորձ արվել է կարգավորել այս դաշտը, սակայն՝ ապարդյուն։ Տոնավաճառներում կանգնող մարդիկ են դժգոհել, թուրքական ֆեյք ապրանք ներկրողներն են իրենց կապերով ազդել կառավարության անդամների վրա, և ամեն անգամ իշխանությունը խուսափել է հերթական բունտից և դաշտը թողել առանց կարգավորումների կամ լևի գործ անողներին։ Բնականաբար՝ համապատասխան ատկատի դիմաց։ Բայց սա՝ մի կողմ։ Հիմա նոր Հայաստանում ենք, և բոլոր մոտեցումները նոր են։ Ուստի՝ տեսնես ի՞նչ է մտածել այս գրառումը կարդալիս ՀՀ էկոնոմիկայի գործող նախարար Վահան Քերոբյանը։ Արդյոք մտածե՞լ է այսօրինակ զարգացումների հնարավորության մասին։ Չնայած՝ մտածելը կարծես թե հիմա վնասակար է առողջությանը։ Կոնկրետ Քերոբյանը շատ մտածելուց շատ է խոսում, օրինակ՝ ժամանակ առ ժամանակ հայտարարում է իր հրաժարականի մասին, հետո պարզաբանում է, թե կատակել է։ Ավելի ուշ պարզվում է՝ ոչ էլ կատակել է, պարզապես վարչապետ Փաշինյանն է արգելել հրաժարական տալ։ Բոլոր դեպքերում՝ կարելի է առաջիկա օրերին Քերոբյանին հարցնել, օրինակ՝ ի՞նչ է նշանակում սահման բացել, և դրա արդյունքում՝ էժան թուրքական ապրանք ակնկալել։ Երկար տարիներ ոլորտում աշխատած Ճշմարիտյանը սա բացառում է, նման բան պնդողներին համարում մանիպուլյատորներ։ Տեսնես Քերոբյանը գոնե կատակով համաձա՞յն է այս մոտեցմանը, թե՞ ոչ։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1321 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ