«Ի հեճուկս գլոբալ դժվարությունների, Հայաստանն ունի շատ հստակ որոշակի տնտեսական հաջողություններ, և նաև այս համատեքսում, իհարկե ոչ անմիջականորեն, բայց շատ կարևոր եմ համարում, որ մի քանի օր առաջ հրապարակված տնտեսության ազատության ինդեքսը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 11-րդ տեղը աշխարհի 165 երկրների շարքում։ Այս սադրանքը նպատակ ունի կոտրելու Հայաստանի տնտեսական դինամիկան»,- երեկ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շոշափելով սկսված ռազմական գործողությունների տնտեսական հենքը։
Այս թեմային չհասցրինք անդրադառնալ, որովհետև սկսած ռազմական գործողությունները շեղեցին բոլորիս ուշադրությունը։ Մինչդեռ երեկ Փաշինյանը վերաբացեց թեման, որը սեպտեմբերի 12-ին մեկնարկած ԱԺ առաջին նիստի ժամանակ բացել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հայտարարելով․ «Նախորդ շաբաթ՝ սեպտեմբերի 8-ին հրապարակված տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանը 6 դիրքով բարելավել է իր տեղը, և հիմա գտնվում է 11-րդը ամբողջ աշխարհում տնտեսական ազատությունների ցուցանիշով»։ Ինչպես հետագայում պարզվեց այս կեղծ կամ մանիպուլացիոն տեղեկություններն իրենց հերթին շրջանառել էին ՔՊ խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Բաբկեն Թունյանը։
Տեղի ունեցածին բավականին հիմնավոր արձագանքել էր «Լույս» հիմնադրամը, որը սակայն, այդպես էլ չդարձավ լայն քննարկման առարկա, որովհետև, կրկնում ենք, պատերազմական գործողություններ սկսեցին։ Իրականությունն այն է, որ «2022թ․-ի տնտեսական ազատության ինդեքսի տվյալ զեկույցը հրապարակել է Fraser Institute-ը, համաձայն որի Հայաստանը, այո՛, գտնվում է 11-րդ հորիզոնականում, սակայն ո՛չ նախարար Վահան Քերոբյանը, ո՛չ ՔՊ-ական պատգամավորները հարկ չհամարեցին իրենց խոսքում նշել, որ, թեև զեկույցը հրապարակվել է 2022թ․-ին, այն ներկայացնում է աշխարհի 165 երկրների տնտեսական ազատության պատկերը 2020թ․-ի դրությամբ»,- նշել էր «Լույս» հիմանդրամը։ Շարունակությունն ավելի զվարճալի է․ «Փոխարենը նախարար Քերոբյանն ու ՔՊ-ական պատգամավորները նախընտրեցին մանիպուլացնել զեկույցում տեղ գտած արդյունքները՝ նշելով, թե այն տնտեսական բարեփոխումները, որը գործող իշխանությունները իբրև թե իրականացրել են վերջին 4 տարիների ընթացքում և այն օրենքները, որոնք ընդունել են վերջին 4 տարիների ընթացքում ամբողջովին նպաստել են Հայաստանում տնտեսական միջավայրի ազատականացմանը և դրանք միայն բառեր չեն, այլ կոնկրետ գործողություններ, որոնք միջազգային կազմակերպությունները հստակ գնահատականով արձանագրել են»,- հավելել էր «Լույս»-ը։
Կազմակերպությունն առաջարկել էր ուշադրություն դարձնել տնտեսական ազատության ինդեքսի առավել թարմ տվյալներին։ Համաձայն՝ «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից հրապարակված զեկույցի, Հայաստանում 2022թ. տնտեսական ազատության ինդեքսը նախորդ տարվա համեմատ նվազել է 6.6 միավորով և կազմել 65.3 միավոր, իսկ համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքը վատթարացել է 26 հորիզոնականով, և նախորդ տարվա 32-րդ հորիզոնականից Հայաստանն այս տարի հայտնվել է 58-րդ հորիզոնականում: «2001 թվականից ի վեր տնտեսական ազատության ինդեքսը Հայաստանում այսպիսի խոր հետընթաց չի գրանցել և չի հայտնվել նման ցածր մակարդակում: Ի դեպ, ՀՀ դիրքը ևս միջազգային վարկանիշային աղյուսակում նշված ժամանակահատվածում երբեք չի եղել այսքան ցածր», վերլուծության եզրահանգումն այսպես էլ ձևակերպել «Լույս»-ը:
Հետևություն․
1․ Նիկոլ Փաշինյանի տնտեսական բլոկը սպասարկողները խաբել են Նիկոլ Փաշինյանին՝ նրան դեզինֆորմացիա տրամադրելով։
2․ Նիկոլ Փաշինյաի տնտեսական բլոկը սպասարկողները կոմպետենտ չեն։ Ամենամեղմ ձևով ասած՝ նրանք փաստաթղթեր ու զեկույցներ կարդալու համապատասխան գրագիտություն չունեն։
3․ Նիկոլ Փաշինյանի և վերոնշյալ անձանց միջև համաձայնություն է եղել՝ կեղծել զեկույցը և մանիպուլացիայի ենթարկել հասարակությանը։
Առաջարկված հիպոթեզերից յուրաքանչյուրը փաստարկելի է։ Դրանից տգետների ու ստախոսների կյանքում ոչինչ չի փոխվի, դեռ մի բան էլ մարտնչելու պնդաճակատություն կունենան հնեց պատերազմի հիմնական արարում։
Գոհար Վեզիրյան