...

Բուկլետ պատռող աղջկա կյանքը երաշխավորված չէ

Բուկլետ պատռող աղջկա կյանքը երաշխավորված չէ

Վարչապետը ճիշտ չէ, երբ ասում է, թե «Այո»-ի բուկլետը պատռած և իր վրա նետած աղջկան ոչինչ չի սպառնում։ Այդ իր մակարդակով ոչինչ չի սպառնում։ Ինքն իր անունից կարող է երաշխավորել, որ աղջիկը կապրի։ Թիկնազորն այդ պահին ընդամենը նրան չսպանեց։ Բայց դա չի նշանակում, որ այդ աղջկա ապրելը երաշխավորված է։ 

Էդ աղջկան ոմանք գոնե իրենց պատկերացումներում հաստատ ոտնատակ են տվել, որովհետև «լեզուն» իրեն չի քաշել, «աղջիկը նման բան կանի՞», «էդ ու՞մ երեսին ես շպրտում բուկլետը», «դու ո՞վ դառար, որ մեր վարչապետի տված բուկլետը պատռեցիր», «այ աղջիկ, բուկլետը վերցնեիր, սսկվեիր, էդքան դժվա՞ր է» և այլն։

Ես չգիտեմ, թե ով է այդ աղջիկը, գուցե Սերժ Սարգսյանի մոլի երկրպագու է և «Ոչ»-ի շտաբի համակարգող, գուցե (ենթադրենք) Արմեն Աշոտյանի շատ փոքր քույրն է։ Բայց նրա արարքը նկարահանվել է, նա թիրախ է։ Թիրախ է անկախ նրանից, թե ում երկրպագուն է և ում քույրը։ Նրան արդեն հազարավորներ իրենց ներսում ոչնչացնում են ֆիզիկապես «հայու գենի» արժանապատվության պաշտպանության ամենաոսկե կանոններով։ Ու կապ չունի, որ վարչապետը նույնես այդ «հայու գենի» վրա ծիծաղողներից մեկն է։ Այդ աղջիկը ձեռք է բարձրացրել մեր սրբության սրբոցի նկատմամբ։ Ուրեմն՝ բռունցքները, ընկերներ, հարկ եղած դեպքում՝ կացինները կամ դանակները։ Մտքում գոնե հաստատ։ Այսինքն, ոմանք հաստատ այդ աղջկա կյանքում «խաղարկեցին» ճակատագիրը գյումրեցի այն կնոջ, որին ինչ-որ տականք սպանեց բռունցքներով և որի դստեր կյանքի համար դեռ պայքարում են։ Որովհետև այդ աղջիկն ո՞վ է, որ իրավացի լինի մեր «թաքավոր» վարչապետի նկատմամբ։ 

Ավելի քստմնելի չէ՞ նրանց պահվածքը, որոնք քարոզչաթերթիկը ժպիտով ընդունելուց հետո չեն համարձակվում վարչապետին ասել, թե իրականում ինչ են մտածում նրա բարեփոխումների, նրա և իր թիմի աշխատանքի և ընդհանրապես նրա մասին: Եվ միայն այն բանից հետո, երբ վարչապետը հեռացել է, ինչպես ասում են, պատերի տակ մրթմրթում են «ճշմարտությունը»: Իսկ վարչապետը, հնարավոր է, չի էլ ենթադրում, որ նրանք կան, գոյություն ունեն: Եվ որ իր ձեռքից քարոզչաթերթիկ վերցնելիս մի չաղլիկ «Ոչ» է ժպտացել իրեն: 

Իսկ որևէ մեկի մտքով կանցնի՞, որ այդ աղջիկը գուցե բնազդական տհաճություն է զգում ցանկացած տիպի և ցանկացած բանի քարոզչության հանդեպ (հանուն արդարության՝ նրա արարքի ցուցադրականությունը շատ աչք ծակող է, նա ուզում է «տղա» երևալ, հայուգենական, բայց մենք այդքան հեռու չենք կարող գնալ, առավելևս դա պնդելով)։ Վարչապետը երաշխավորում է, որ այդ աղջիկը կապրի՝ չիմանալով, որ հաջորդ իսկ վայրկյանին այդ աղջկան արդեն մի քանիսն իրենց մտքում «սրի քաշեցին»։ Ինչու՞։ Որովհետև մենք բաժանել ենք ընդունելի և ոչ ընդունելի սխալները։ Այդ աղջկա սխալն ընդունելի չէ, իսկ այն, որ պետք չէ մարդուց կուռք սարքել, առայժմ ընդունելի սխալ է։ Ինձ էլ է տհաճ այդ աղջկա արածը, կարելի էր ուղղակի ձեռքը չմեկնել և չվերցնել բուկլետը։ Բայց վերցրել է։ Իր անելիքն իմացողի նման։ Հետո՞։ Դա էլ իր թատրոնն է։ Ինքը չկա «Այո»-ում։ Դա հաստատ։ Տեսանյութը կա, և դա որոշակիորեն կոգևորի «ոչ»-ականներին։ 

Ու միայն այդ աղջկա իր թատրոնը խաղալու իրավունքն ընդունելուց հետո է հնարավոր ասել՝ սիրելի քույրիկ, այս Սահմանադրությունը նաև քեզանով է Սահմանադրություն։ Եվ քո գործողությամբ ցույց տվեցիր, որ այդ Սահմանադրությունը քեզ արդեն ինչ-որ բան տվել է։ Հիմա ինքն է քեզնից ինչ-որ բան ուզում։ Ընդ որում «Այո» չի ուզում, «Ոչ» չի ուզում։ Բայց թատրոն էլ չի ուզում։ Երբ դու քվեարկում ես, կամ չես քվեարկում, որ այն ընդունվի, միայն քեզ համար չես քվեարկում կամ մերժում քվեարկությունը։ Դու քվեարկում ես կամ չես քվեարկում նաև քեզ սիրելի մարդկանց համար, նրանց համար։ Դուք կաք նաև Սահմանադրության շրջանակներում և ձեր գոյությունը երաշխավորված է այդ նույն Սահմանադրությամբ (պլյուս-մինուս պետական համակարգի մի քանի քմահաճույքներ), թեպետ տականքը սպանում է հենց Սահմանադրության գոյության դաշտում, որովհետև տականքը կա դրանից անկախ։ Մի եղիր Սահմանարությունից անկախ։ Երբ դու պատռում ես բուկլետը, հաշմում ես Սահմանադրությունը։ Ու հենց պատռում ես, քեզ ես դարձնում խոցելի ոչ թե քո արարքի պատճառով քեզ վրա հարձակվողների ոհմակի աշխուժությամբ, այլ ուղղակի ոնց որ տանդ դուռը բացես գյումրեցի այն վերոհիշյալ տականքի առջև։ Դա քեզ պե՞տք է։ Տեսա՞ր քեզ ինչպես նայեցին վարչապետի թիկնապահները։ Նրանք քաշքշող են։ Այլ հարց, որ նման հրահանգ չի լինելու։ 

Բուկլետ պատռելը փաստարկ է։ Բայց էդ մարդը քեզ ի՞նչ է արել։ Եթե քո գոյության դաշտ է խցկվել, ուղղակի մի արձագանքիր։ Մի վերցրու բուկլետը։ «Տղա» խաղալու կարիք չկար։ Դու, ըստ էության, խփեցիր վարչապետին։ Ընդ որում, բռունցքով։ 

Սարգիս Գրիգորյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3944 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ