...

Լեգիտիմություն խժռողը

Լեգիտիմություն խժռողը

Նիկոլ Փաշինյանն արդեն իր իսկ համար դառնում է անվերահսկելի: Եվ հենց դրանով իր հետևից անդունդ կարող է տանել երկիրը: Նրա անկառավարելիությունը, քմահաճույքները, ոտանավորները և հատկապես րոպեն մեկ «գիտակցվող» սխալները մի ամբողջ հասարակություն «ուտում» է լեգիտիմության անվան տակ, հետևյալ փաթեթավորմամբ՝ մեր Նիկոլն է: 

Հիվանդ մարդու աչքերի մեջ նայելով՝ ասում է՝ առողջ տղամարդը առողջ տղամարդուն կասի տուն չունե՞մ: Հետո դրա համար ներողություն կխնդրի, որովհետև սխալվել էր: Պարզվեց տղամարդն առողջ չէ ու իրեն էլ որպես առողջ տղամարդու չէր դիմել, այլ՝ որպես խեղճուկրակ ու հեղափոխությունից երկու տարի հետո ոչնչի շանս չունեցող քաղաքացի: Մինչ այդ Փաշինյանը մեզ կերցրեց մոտ 30 տարի առաջ ստեղծված «Այո»-ի լոգոն, խոստովանեց, որ սխալվել է ու… պնդեց իր սխալը: Դրանից առաջ գնաց ու ներողություն խնդրեց Վազգեն Մանուկյանից 1996-ի ընտրությունների համար: Իսկ դրանից առաջ Մանուկյանը ուղղակի ոտքի տակ էր տալիս նրա հեղափոխությունն ու գաղափարները, այսինքն՝ մի ամբողջ Հայաստան: Ներողությունից հետո Մանուկյանը պնդեց իր վիրավորանքներն ու հեգնանքը: Փաշինյանն ստիպված էր հրաժարվել հետագա կոմպլիմենտներից: Ինչպես հետագայում պարզվեց, դրանից Մանուկյանը չկորցրեց իր արժեքը մեր վարչապետի աչքում:

Այս մարդն ողղակի սիրահարված է այն տարիներին, երբ ցանկացած անպատասխանատվության կուռքն ու մարմնացումը Վազգեն Մանուկյանն էր: Ինչքան սխալներ այս ընթացքում գործեց Նիկոլ Փաշինյանը: Մաթեմատիկոսներն անգամ կդժվարանան հաշվել: Պարգևավճարների ողբերգականորեն շռայլ չափերը բացահայտվեցին: Ուղղակի հպարտ քաղաքացու աչքերի մեջ նայելով՝ ասաց՝ իսկ ի՞նչ էիք ուզում: Որից հետո ի՞նչ տեղի ունեցավ՝ միլիոնավոր դրամների հասնող պարգևավճարներ ստացող պաշտոնյաներն արդեն մուննաթ էին գալիս ՀՀ հպարտ քաղաքացու վրա, որն, ըստ Փաշինյանի, նոր Հայաստանի կայացման գործում մենակ չի լինելու: Քաղաքացին նույն աղքատն էր, իսկ պաշտոնյաների պարգևավճարների չափերը միայն աճում էին: Համառորեն ոչինչ չէր փոխվում երկու տարվա ընթացքում: Նրան ասում էին՝ արագացրու, ՍԴ-ն փոխիր, լռեց: Լռեց մոտ մեկ տարի, հետո, երբ ՍԴ-ն տեսավ, որ վտանգ չկա, անցավ Քոչարյանի ազատագրման գործին, Փաշինյանը որոշեց հարձակվել: Ի՞նչ արեց: Հայտարարեց, որ Հրայր Թովմասյանն իրեն գրիչ է նվիրել: Եվ վերջ: Ահա Թովմասյանի ամենածանր մեղքը, որի պատճառով նրա հեռանալը դարձավ անխուսափելի: 

Հեղափոխության առաջին օրերին նրան գրեթե խնդրում էին՝ քաղաքական գնահատական տուր նախորդ 20 տարիների գործունեությանը: Փաշինյանը հապաղում էր, հընթացս ժամանակ առ ժամանակ հիշում էր, որ կոռուպցիան ու կեղծիքները ձևավորվել են Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք: Թեպետ 2008-ին, երբ Տեր-Պետրոսյանի կողքին էր, վստահ էր, որ այդ ամենի թիկունքում կանգնած է Սերժ Սարգսյանը: Եվ, ի դեպ, շատ համոզիչ էր վստահ: Իսկ «քաղաքական գնահատականն» այս օրերին չուշացավ: Ուղղակի կանգնեց և ասաց՝ ՍԴ-ն եղել է առաջին նախագահի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կամակատարը: Ասես ամբողջ հասարակությունը նրանից խնդրում էր հենց դա ասել: 

Փաշինյանի իրականության զրոյական զգացումները չէին ասում այն մասին, որ այս ամենի արմատները բոլորովին այլ տեղ են, բայց ոչ Փաշինյանից դուրս: Հայաստանում իշխանության է եկել ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ՝ նրա բարդույթները: Այսպիսիների մասին ասում են՝ կոմպլեքսավորված: Այո, մեր վիճակը ծանր է: Փաշինյանի բարդույթները դեռ շատ անակնկալներ ունեն Հայաստանի համար: Նա Հայաստանը ղեկավարում է իր երազներով, ոչ թե տեսիլքներով: Նա երազել է բոլորին, որոնց ժամանակին համարել է հզոր, ցույց տալ իր ատամները: Նրա քաղաքական գնահատականներն իր կոմպլեքսների ատամներն են: Նա Հայաստանը ղեկավարում է պատանեկության բարդույթներով: Երազել է երբևէ լավ խոսքեր ասել Վազգեն Մանուկյանին, ասում է, երազել է ասֆալտին փռել բոլորին, որոնց անձամբ չի սիրում, փռում է, երազել է Լևոն Տեր-Պետրոսյանից ավելի Լևոն Տեր-Պետրոսյան լինել, դրանից էլ է փորձում հատկապես Ղարաբաղի խնդրի մասին խոսելով: Բայց այնպես չէ, որ գերազանց է հասկանում, թե ինչ է ասում: Նրա բարդույթները նրա ուշացած ասելիքն են: Նրա երազների արանքներից սպրդում է վաղ պատանեկությունից մնացած մի կիրք՝ 96-ի իշխանությունների հակառակորդների հանդեպ «մեղքի» զգացումը: Եվ ամեն առիթով, ամեն հանրահավաքի ժամանակ նա առիթը չի կորցնում «սպիտակեցնելու» այդ ժամանակվա ընդդիմության դեմքը: Մեր բախտից է, որ Մանուկյան Վազգենը դա չի հասկանում: Գուցե նրանք միմյանց հավատարմության երդում են տվել, ու ողջ Հայաստանն է կրակն ընկել այդ երդման ձեռքը: Ո՞վ իմանա: Նրանցից մեկը գուցե մի օր խոսի: 

Փաստն այն է, որ հեղափոխությունից երկու տարի էլ չանցած, մենք ականատես ենք մի իրավիճակի, երբ սերժական ոչինչ չկա այլևս, բայց ուրվագծվելիք ապագան միայն սարսափեցնում է: Փաշինյանը չի էլ հասկանում, թե ինչպես է վերակենդանացնում նախկիններին: Դիցուք, ո՞վ է հեղափոխության ժամանակ ամբողջ ժողովրդին սեր խոստովանողին խնդրում մուննաթ գալ այդ ժողովդի ամեն ներկայացուցչի վրա: Թե՞ յուրաքանչյուրը կապ չունի ամբողջի հետ: Սա դեռ պետք է հասկանալ: Որովհետև մենք չենք ուզում Փաշինյանի մեջ տեսնել 96 թվականի մեջ լռված մի թաքուն մանուկյանականի: Եթե պետք լիներ, հենց Մանուկյանին ժողովուրդը կընտրեր իր առաջնորդ: Դեռ լավ է, որ հանգուցյալ Հրայր Մարուխյանից ներողություն չի խնդրում Հայաստանից արտաքսվելու համար կամ ՀՅԴ-ից՝ 94-ի դեկտեմբերին կասեցվելու կամ «Դրո»-ի գործի համար: Բայց ո՞վ իմանա: Մարդը դեռ լեգիտիմություն է մսխում: Ի՞նչ իմանանք, թե Հայաստանի հետ կապ չունեցող ում սպիտակեցնելով նա դա կանի:

Սարգիս Գրիգորյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ