ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարել է. «Հայաստանում մեկ անգամ է սահմանադրական կարգը տապալվել, և դա արել է Նիկոլ Փաշինյանը»:
Մեզ թվում է, մի օր Նիկոլ Փաշինյանը կհասկանա ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղադրը: Ու լեզուն կկծի, որ 1996թ. սեպտեմբերին Ազգային ժողովը գրոհելու և խորհրդարանի ղեկավարների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար ներողություն էր խնդրում... Վազգեն Մանուկյանից:
Դե հիմա պատկերացրեք, թե Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ պայմաններում է 8 տարի ղեկավարել Հայաստանը. պատերազմ, երկրաշարժ, հարյուր հազարավոր փախստականներ, փլուզված տնտեսություն, բլոկադա ու Պարույր Հայրիկյանի, Վազգեն Մանուկյանի, դաշնակների պես ընդդիմություն: Որոնք իշխանությանը, պետությանը հարվածում էին նույն ուժգնությամբ ու հաճախականությամբ, ինչ թշնամին ռազմաճակատում «Գրադներով»:
Սա այն Պարույր Հայրիկյանն է, որը 1998թ. Քոչարյանի կողմից իշխանության զավթումը ոչ միայն չհամարեց սահմանադրական կարգի տապալում, այլ նաև գործարքի գնաց նրա հետ ու ինչ-որ թուլափայ ստացավ:
Սա այն Վազգեն Մանուկյանն է, որը ողջունել է 1998թ. հեղաշրջումն ու հետո հպարտացել, թե ինքն էլ էր դրանում դերակատարում ունեցել: Սրանք այն մարդիկ են, որոնք իրենց ուրախությունը չէին էլ կարողանում թաքցնել, երբ 1999թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում սպանեցին երկրի փաստացի ղեկավարներին:
Բայց Պարույր Հայրիկյանը մի ուրիշ ապշեցուցիչ խոստովանություն էլ է անում. եթե Հայաստանում մեկ անգամ է սահմանադրական կարգը տապալվել և դա եղել է 2018 թվականին, ապա դրանով ինքը խոստովանում է, որ 1996թ. սեպտեմբերին Վազգեն Մանուկյանի հետ հանցագործություն են կատարել՝ փորձելով բռնի ուժով սահմանադրական կարգը տապալել: Մենք հո գիտեինք, որ դա այդպես է, բայց մինչև հիմա նման խոստովանություն նրանց կողմից չէր եղել: Այսինքն, ինքը ընդունում է, որ 1996թ. նախագահական ընտրությունների արդյունքները սահմանադրական կարգի տապալում չէին, ինչպես տարիներ շարունակ հայտարարում էին:
Էս ինչ որ գրում ենք, հատուկ այսօրվա իշխանությունների և նրա ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի համար ենք գրում, որ վերջապես սթափվեն և հասկանան, թե ինչ սորտի ուժեր են այսօր նրանց դեմ պայքարում, բարոյական և մարդկային ինչ հատկանիշներով են նրանք օժտված, ինչ անցյալ են ունեցել:
Դրա համար նրանք նորովի պետք է գնահատեն 1990-ականների քաղաքական զարգացումներն ու իրադարձությունները, փորձեն իրարից տարանջատել սուտն ու իրականությունը, որովհետև այն ժամանակվա ընդդիմության և նրա ղեկավարների՝ Վազգեն Մանուկյանի, Հայրիկյանի, Դաշնակցության հորինած բազմաթիվ կեղծիքներ մինչև հիմա շրջանառվում են և տեսեք. այդ նույն գեբելսյան մեթոդները, կեղծիքների նույն մեխանիզմները նաև այսօրվա իշխանությունների դեմ են կիրառում:
Շատ ենք ասել, մի հատ էլ կրկնենք. աններելի, անթույլատրելի էր, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց Վազգեն Մանուկյանից: Դրանով նա երկրում ապակայունացման համար Մանուկյանին մի հատ մեծ քարտ-բլանշ տվեց: Դե հիմա տեսնում ենք, թե ինչ է անում Վազգեն Մանուկյանը: