...

Ծանր պայմաններում ապրող ընտանիքին մարզպետարանը մերժել է

Ծանր պայմաններում ապրող ընտանիքին մարզպետարանը մերժել է

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում բնակվող Ճանճապանյանների ընտանիքը սոցիալապես ծանր վիճակում է ապրում: 3 հոգուց բաղկացած ընտանիքում աշխատող ձեռք չկա:

Սարգիս Ճանճապանյանն առողջական խնդիրներ ունի և ի վիճակի չէ աշխատել: Արցախյան պատերազմի մասնակից 3-րդ կարգի հաշմանդամ է: Արդեն 2 տարի է՝ տառապում է բրոնխիալ ասթմայով և հիմա հիվանդանոցում բուժում է ստանում: Ազատամարտիկը «ՉԻ»-ին ահազանգեց, որ ապրում են ծայրահեղ վատ պայմաններում: Փետրվարից Ճանճապանյաններն առանց կապույտ վառելիքի են: Չեն կարողացել սպառած գազի դիմաց վճարել, և այն անջատել են:

«Հիմա արդեն դատի են տվել, որ օգտագործած գազի դիմաց վճարումը հետ վերցնեն»,- ներկայացրեց նա:

Հոսանք էլ շուտով չեն ունենա: Արդեն ծանուցում են ստացել, որ չվճարելու դեպքում էլեկտրաէներգիայից էլ կզրկվեն: Դեռ ձմռանը Սարգիս Ճանճապանյանը դիմել է Արագածոտնի մարզպետին՝ ներկայացրել ընտանիքի սոցիալական դրությունը, իր առողջական վիճակի մասին հաստատող փաստաթուղթ, որպեսզի մարզի ղեկավարը ֆինանսական օգնություն ցույց տա: Մարզպետը, սակայն, գրությամբ պատասխանել է, որ օգնելու համար ֆինանս չկա: Նա, սակայն, այս վարկածին չի հավատում: Ասում է՝ տեղյակ է, որ Աշտարակի այլ բնակիչների ֆինանսապես օգնել է: Սարգիս Ճանճապանյանի կարծիքով՝ պատճառն ուրիշ է՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում քննադատել է մարզպետի աշխատանքը:

«Մարզպետը պետք է միայն մեկ-երկուսի համար մարզպետ չլինի, այլև՝ ամբողջ մարզի: Ես մտածում եմ, որ պատճառն այն է, որ մի քանի անգամ մի թեթև քննդատական բան եմ գրել իր մասին ֆեյսբուքում»,- տեսակետ հայտնեց նա:

Մեր զրուցակցի խոսքով՝ 26000 դրամ թոշակը չի հերիքում անգամ դեղերին:

Սարգիս Ճանճապանյանը ընտանիքի վիճակը մեկ անգամ ներկայացրել է Աշտարակի քաղաքապետին: Վերջինս էլ օգնել է բնակչին: Բայց, նրա խոսքով, նաև քաղաքապետի թեթև ձեռքով ընտանիքի միակ աշխատողը գործազուրկ դարձավ: Իր հետ ապրող մյուս քույրն էլ 2-րդ կարգի հաշմանդամություն ունի:

«Աշխատել է գեղարվեստի դպրոցում որպես նկարչուհի: Որպես ըմբոստ՝ քաղաքապետը հանել է աշխատանքից»,- մանրամասնեց նա:

Անելանելի վիճակում հայտնված ընտանիքը տեղական իշխանությունից աջակցություն է ակնկալում, որ գոնե կոմունալ ծախսերի հարցը լուծվի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3078 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ