...

Ռուսական ցանկացած ընկերություն «բարդակ» է. ահազանգ

Ռուսական ցանկացած ընկերություն «բարդակ» է. ահազանգ

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչ Սարգիս Ճանճապանյանը դժգոհ է «Գազպրոմ Արմենիայի» տեղական գրասենյակի աշխատանքից:

Քաղաքացին «ՉԻ»-ի հետ զրույցում հայտնեց, որ գազի խողովակն անմխիթար վիճակում է, բայց պատկան կառույցը ականջի հետև է գցում: Օրեր առաջ դիմել է տեղի սպասարկումն իրականացնող գրասենյակին, խոստացել են գալ, բայց Սարգիս Ճանճապանյանի աչքը դեռ նրանց ճամփին է:

«Ռուսական ցանկացած ընկերություն մեծ «բարդակ» է: Փայտ է դրած գազի խողովակի տակ, որը ցանկացած ժամանակ կարող է կոտրվել և գազի արտահոսք լինել: Թեթև քամի էլ լինի, մի բան կլինի: Պետք է ամուր հենասյունի վրա դնեին գազի հաշվիչը, ոչ թե մարդու 50 տարվա պատի վրա ամրացնեին: Գազի հաշվիչը «պրովուդով» կապած է հին ինչ-որ խողովակի: Իրենք եկան, ժամանակավորապես այդպես սարքեցին՝ իբրև շաբաթ օրը չեն աշխատում, զոդող չկա»,- փոխանցեց մեր զրուցակիցը:

Գազի հաշվիչն ամրացված է եղել հարևանի հին գոմի պատի վրա: Շինությունը 2 ամիս առաջ փլուզվել է, գազի հաշվիչը՝ կախվել, խնդրին էլ ժամանակավոր լուծում են գտել:

Սարգիս Ճանճապանյանը մի քանի ամիս գազ չի ունեցել: Ընտանիքը հնարավորություն չի ունեցել սպառած կապույտ վառելիքի դիմաց վճարել: Ընկերները գումար են հավաքել և վճարել գազի գումարը: Երբ տեսուչը եկել է միացնելու այն, տեսել են, որ գազի արտահոսք կա: Գրասենյակից եկել են և ասել, որ հիմա չեն կարող սարքել, սպասել է պետք:

«Ասացին՝ «յոլա» գնացեք, երկուշաբթի կգանք, կսարքենք: Մայիսի 8-ից պետք է սարքեին, բայց չկան: Չափ ու ձև են արել և գնացել: Ինձ ասացին՝ մետաղական սյուն դնեմ, ամրացնեմ, բայց դա իրենց գործն է, ինչու պետք է ես անեմ: Իրենք փայտ են դրել են, որ չճոճվի»,- ասաց նա:

Եկել են, չափել և նորից գնացել: Թե երբ կգան, քաղաքացին չի էլ պատկերացնում, բայց ասում է, որը վտանգն ամեն օր կարող է լինել:

«Ամենակաշառակեր հիմնարկն է: Պետք է մետաղական հենասյուն դնեին, բայց չեն դրել, որտեղ պատահի այնտեղ էլ գազի հաշվիչն ամրացրել են: Մետաղական հենասյուները վաճառել են: Ցանկապատի վրա են դրել: Սաղ կապած է, մի թեթև քամի էլ եղավ, գազի արտահոսք կլինի: Եթե գազի փողը չես մուծում, անմիջապես անջատում են, բայց որ խնդիր կա՝ չկան ու չկան»,-  զայրացավ նա:

Քաղաքացին հույս ունի, որ խնդիրն աչքաթող չեն անի: Ինչպես օրենքով սահմանված կարգն է, կգան ու գազի հաշվիչը նախատեսված տեղում կտեղադրեն, հակառակ դեպքում հետևանքը կարող է վտանգավոր լինել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1296 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ