...

«Գազպրոմը» իրեն մոնղոլ-թաթարների պես է պահում

«Գազպրոմը» իրեն մոնղոլ-թաթարների պես է պահում

Ամբողջ աշխարհում բոլոր տեսակի ապրանքների և ծառայությունների գների անկում է տեղի ունենում, իսկ էներգակիրների գները պարզապես գահավիժում են: 1.5 ամսվա ընթացքում նավթի գինը ընկել է երկու անգամ: Եվ եթե համաշխարհային տնտեսությունը շարունակի անկումը, ապա այն ավելի կարժեզրկվի:

Համաշխարհային բորսաներում գազի գինը փոխկապակցված է նավթի գնին: Այսինքն, երբ ստորագրում են գազի վաճառքի վերաբերյալ պայմանագիր, նշում են, որ այն կարող է փոփոխվել նավթի գնի էական տատանման դեպքում:

Ռուս գրող Ֆյոդր Տյուտչևը 19-րդ դարում գրել էր. «Ռուսաստանին ուղեղով հասկանալ հնարավոր չէ»:  Եվ սա լավագույն բնորոշումն է այդ երկրի այս օրերի քաղաքականությանը ռազմավարական գործընկերոջ հանդեպ: Մինչ աշխարհը փորձում է իրար օգնելով դուրս գալ այս խորը և չտեսնված ճգնաժամից, մինչ Եվրոպական միությունը 18 միլիարդ եվրո է հատկացնում Իտալիային, մեր ռազմավարական գործընկերը փորձում է մի երկու կոպեկ ավել քերել Հայաստանից: Ռուսաստանի համար դա իսկապես մի քանի կոպեկ է լինելու, իսկ Հայաստանի համար՝ հաշվի առնելով ճգնաժամով պայմանավորված տնտեսական անկումը, կարող է ավերիչ հետևանքներ ունենալ:

Հանրային ծառայությունների սակագների հանձնաժողովը բավարար ժամանակ ունի ուսումնասիրելու «Գազպրոմի» հայտը, և այն պետք է ուսումնասիրվի խոշորացույցի ներքո: Բայց, ըստ էության, արդեն պարզ է, որ այն չունի միջազգային հիմնավորում, և ռուսական կողմը գնալու է պարզ շանտաժի: Իսկ շանտաժի առաջին և գլխավոր միջոցը կրճատումներն են «Գազպրոմ Արմենիայում»: Այսինքն՝ ասում են կկրճատենք աշխատողներին և գործազրկության մեծ խնդիր կառաջացնենք երկրի համար: Հայկական կողմը չպետք է տրվի շանտաժին, տնտեսության համար ավելի լավ է կրճատումներ տեղի ունենան, քան հետճգնաժամային իրավիճակում բարձրանա գազի նման ապրանքաստեղծ ապրանքի գինը: Այն շղթայական ռեակցիա է առաջացնելու և չի թողնելու, որ տնտեսությունը ոտքի կանգնելու փորձ անի: Մի քանի հազար, առավելագույնը 1-2 հազար կրճատված աշխատողների հարցը լուծելը ավելի հեշտ է լինելու, քան տնտեսության թոքերի փակումը:

Հայաստանի իշխանությունը պետք է չերկնչի և հետևողականորեն բարձրաձայնի՝ Ռուսաստանի այս քաղաքականությունը ոչ միայն ռազմավարական չէ, այլ նաև հարիր չէ անգամ իրար հետ տարիներ շարունակ առևտուր անող երկու գործընկերներին: Սա ավելի շատ հիշեցնում է մոնղոլ-թաթարների հարկային քաղաքականությունը նվաճված տարածքներում: Երբ իրենց հայրենիքում երաշտ կամ այլ բնական աղետ էր տեղի ունենում, նրանք բարձրացնում էին հարկերը՝ չնայելով, որ երաշտ է տեղի ունեցել նաև նվաճված երկրներում:

Իսկ հանրությունն էլ իր հերթին պետք է փակի կլասիկ գործիչների բերանները, ովքեր այսօր աղիողորմ նամակներ են գրում ցարին:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2152 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ