...

Արտակարգ լուծումներ են անհրաժեշտ

Արտակարգ լուծումներ են անհրաժեշտ

ՀԾԿՀ-ի հայտարարությունը՝ երեք օրվա մեջ վճարեք կոմունալ ծախսերը, հակառակ դեպքում կանջատվեն գազը, հոսանքը և  ջուրը, կարող է հանգեցնել սոցիալական պայթյունի: Արտակարգ դրությունը վերացված չէ, ֆորս մաժորը դեռ կա, և վճարներն անհապաղ պահանջելը կարող է լուրջ սոցիալական ցնցումների պատճառ դառնալ: Այն կարող է դառնալ սկիզբը, որն իր հերթին կգեներացնի մյուս սոցիալական խնդիրները:

Հասկանալի են ռուսական ընկերությունների՝ «Գազպրոմ Արմենիայի» ու ՀԵՑ-ի շարժառիթները՝ լրացուցիչ լարվածություն և դժգոհություն առաջացնելու հանրության շրջանում: Հասկանալի է նաև Վանեցյանի բաջանաղի՝ ՀԾԿՀ-ի նախագահ Գարեգին Բաղրամյանի ուլտիմատիվ հայտարարության ենթատեքստը: Բայց կառավարությունը պետք է ամենայն լրջությամբ մոտենա խնդրին, այն ինքնահոսի չթողնի և միջանկյալ լուծումներով փորձի հաղթահարել ճգնաժամը: Հակառակ պարագայում հետևանքների ամբողջ ծանրությունը մնալու է քաղաքական իշխանության վրա:

Հասկանալի է, որ պետությունն այնքան ռեսուրսներ չունի, որ հավերժ վճարի քաղաքացիների կոմունալ վճարները: Անգամ մի քանի ամիս վճարելու ռեսուրսներ չունի:

Բայց փետրվար ամսվա խնդիրը պետք է լուծել: Լուծել կառավարության պահուստային միջոցների և «Գազպրոմ Արմենիայի» ու ՀԵՑ-ի հետ բանակցությունների միջոցով:

Այնպես չէ, որ վերոհիշյալ ընկերությունները անջատեն գազը և հոսանքը, հաջորդ մի քանի օրվա մեջ կարողանալու են հավաքագրել գումարները: Բանկերը փող չեն տալիս, անջատումների դեպքում առավելագույնը մի 20 տոկոսը կարողանան գանձել: Այդ քսան տոկոսը չի գերազանցում 10 միլիարդ դրամը, և կառավարությունը պետք է վճարի ու նոր ժամանակ տա քաղաքացիներին՝ վճարելու իրենց պարտքերը:

Վճարելով նաև այդ մի քանի միլիարդը՝ կարելի է այն ոչ թե անվերադարձ տալ, այլ ձևակերպել իբրև պարտք, որ հետագայում քաղաքացիներն արդեն կվերադարձնեն պետությանը:

Այս պահին անհրաժեշտ են արտակարգ լուծումներ, հակառակ պարագայում հետևանքներն ավելի տխուր կլինեն:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1594 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ