Հայաստանում ներքաղաքական իրավիճակից ելնելով՝ չեղարկվել է ռուսաստանցի երգչուհի Լյուբա Ուսպենսկայայի համերգը, որը պետք է կայանար Երևանում, սեպտեմբերի 28-ին: Այս մասին հայտնել է երգչուհու ներկայացուցիչը:
Նախօրեին Հայաստանի կառավարությունը որոշել է հետաձգել ամերիկացի ռեփեր Սնուպ Դոգի համերգը, որը նախատեսված էր սեպտեմբերի 23-ին:
Հետաձգվել է նաև «Մաշինա Վրեմենի» ռոք-խմբի ղեկավար Անդրեյ Մակարևիչի համերգը: Վերջինս հայտարարել է, որ այս իրավիճակում համերգը սեպտեմբերի 22-ից տեղափոխվել է հաջորդ տարվա ապրիլի 13:
«ՉԻ». Սեպտեմբերը մեզ վրա գալովի է ոչ միայն աղետաբեր պատերազմների, այլ նաև չեղարկված համերգների մասով:
Ովքեր համերգներ են նախատեսում Հայաստանում, սեպտեմբերը պետք է ցուցակից հանեն: Մեծ հաշվով՝ հոկտեմբերն էլ, որովհետև սեպտեմբերի թոզը հոկտեմբերի վրա էլ է նստում: Դե, որտեղ հոկտեմբերը, այնտեղ էլ նոյեմբերը: Դեկտեմբերին էլ համերգի վախտը չի, այլ խոզի բդի:
Մի խոսքով, տարածաշրջանում ամենաչեղարկունակ երկիրն ենք: Բոլոր առումներով:
Հետաքրքիր է, որ Tomsarkgh.am-ում, օրինակ, Ուսպենսկայայի համերգը դեռ ուժի մեջ է, տոմսերն էլ կարելի է պատվիրել: Երևի մտածում են, որ մինչև սեպտեմբերի 28-ը իրավիճակ կփոխվի: Աչքներիդ է երևում: