...

Դրա համար էլ էս օրն ենք ընկել

Դրա համար էլ էս օրն ենք ընկել

Ղրիմյան հարթակ ֆորումի ժամանակ Թուրքիայի ԱԳՆախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ Ղրիմը Ուկրաինա է, և Թուրքիան երբեք չի ճանաչի դրա անեքսիան, ու միջազգային հանրությունը պետք է այդ խնդրով միաձայն հանդես գա։ 

Վայ, տեսնել է պետք, թե սա ինչ հրճվանք է առաջացրել արևմտամետի համարում ունեցողների մոտ: Մեկն ասում է՝ շատ ընտիր է, հասնում է Պուտինին ու Ռուսաստանին, պետք է սպասել՝ սրանք մի օր իրար ճակատ-ճակատ ծեծեն:
Մյուսն ասում է՝ սա Ռուսաստանի դավաճանության գինն է: Այ, որ Ղարաբաղի հարցում ռուսները չդավաճանեին հայերին, թուրքերի հետ ալիշ-վերիշ չանեին, էսօր Թուրքիան նման բան չէր հայտարարի:

Երրորդ միտքը՝ սենց բան Հայաստանում մի հատ պահակ ասեր, Մարիա Զախարովան հատուկ մամուլի ասուլիսով կանդրադառնար, բա հիմա իսկի ձեն չի հանել:

Ուզում ենք նշել, որ մեջբերումներն արել ենք քաղաքագետ, հայտնի քաղաքական գործիչների ստատուսներից: 
Ահա այսպիսի պարզունակ, մակերեսային մոտեցում է ցուցաբերվում քաղաքական գործընթացներին, միջազգային հարաբերություններին, միջպետական հարաբերություններին: Դրա համար էլ էս օրն ենք ընկել: 

Արևմտամետներին, ռուսամետներին, ու էլի եսիմինչամետներին... ուզում ես, օրը հազար անգամ բացատրի, որ քաղաքականությունը ցանկությունների թատերաբեմ չի, այլ հնարավորությունների: Որ հենց ցանկությունների գիրկն ընկնելով ենք Արցախն ու Հայաստանը վարի տվել: Որ շատ-շատերը, 20 տարի ոտը ոտին գցած, ասում էին՝ պրոբլեմ չունենք, մի բան լինի, ռուսները մեզ կօգնեն, ոնց որ 1990-ականներին օգնեցին: Էլ չգիտեն, կամ չեն հասկանում առ այսօր, որ 1990-ականների պատերազմի ժամանակ ռուսները ոչ թե մեզ օգնել են, այլ այդ մենք ենք նրանց հետ այնպիսի հարաբերություններ հաստատել ու այնպիսի քաղաքականություն իրականացրել, որ երկու երկրների շահերը համընկել են: Դա Հայաստան պետության վարած արդյունավետ քաղաքականության արդյունքն է եղել:

Իսկ թե այս վերջին պատերազմից առաջ ինչ մակարդակի վրա են եղել հայ-ռուսական հարաբերությունները, ինչ է արվել, որ այդ հարաբերություններից մաքսիմալ դիվիդենտներ ունենանք, որ մեր շահերը համընկնեն... կա՞ն այս հարցերի պատասխանները: 

Եթե մենք Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում ոչ թե մեր հնարավորություններն էինք գնահատում, այլ «ոչ մի թիզ» ասելով՝ շարունակում էինք երազանքներով առաջնորդվել, ռուսներն ի՞նչ պիտի անեին: Մեր փոխարեն մեր խնդիրները լուծեի՞ն: Այսինքն՝ իրենք այդքանը չեն հասկանում, մենք պետք է նրանց դասեր տա՞նք: 

Թուրքիան կարող է իրեն շատ բան թույլ տալ: Այդ թվում՝ Ղրիմի հարցով կոշտ հայտարարություններ անել: Ունի այդ հնարավորությունը, անում է: Բայց դրանից ռուս-թուրքական հարաբերությունները չեն փչանալու: Ռուսները շարունակելու են տասնյակ տնտեսական համատեղ ծրագրեր իրականացնել Թուրքիայի հետ, C-400 հակաօդային համալիրներ վաճառել նրանց, և այլն: Իսկ մենք ուրախանում ենք: 

Ի դեպ, ինչ թուրքերն ասում են Ղրիմի հարցում, նույնն էլ Ռուսաստանն է ասում Հյուսիսային Կիպրոսի դեպքում: Որ Հյուսիսային Կիպրոսը Կիպրոսի մասն է, որ դա Թուրքիայի կողմից բռնակցված տարածք է, և այլն: Համարյա 40 տարի է՝ ասում է: Որևէ մեկը մտածե՞լ է, թե ինչու սա չի ազդել ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Ինչո՞ւ Թուրքիան չի խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որ Հս. Կիպրոսի հարցում նման կոշտ դիրքորոշում ունի:

Մենք մեր խնդիրները թողած, ընկել ենք տխմարությունների հետևից. ռուսն ինչ ասաց, թուրքն ինչ ասաց: Ձեզ ի՞նչ, թե ինչ ասացին, իրենք իրենց խնդիրները լուծելու են, մենք էլ նորից մնալու ենք փշալարերից կախված, ու էլի թքենք մարդկության ճակատին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   969 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ