Նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական Թևան Պողոսյանը գրել է. «Ո՞վ է Լևոն Տեր-Պետրոսյանը` հարցին պատասխանս կլիներ երեք ձևակերպումների շրջանակում. Լևոն-Հիմնադիր 1991, Լևոն-ազատագրիչ 1994, Լևոն «the Democrat»-2008: Բայց դա եթե չլիներ մեր պարտությունը: Իսկ հիմա այլ է լինելու: Նա մարդ է, որ ժամանակին ձևավորեց հայկական էլիտան, հիմք դրեց մեր ազգային արժեքների վերացմանը և իր խոսքով ամբողջ հայկական քաղաքական դաշտը թողեց պայքարի մեջ անցյալի հետ` հենց իր կերտած անցյալի: Մեկ անգամ ասել եմ, որ չկա մեկը բացի նախագահ Տեր-Պետրոսյանից, ով ամենաշատն է ձևավորել և´ Ռոբերտ Քոչարյանին, և´ Սերժ Սարգսյանին, դե Նիկոլի մասին էլ իմաստ չկա խոսել»:
Մի հատ հարց տանք Թևան Պողոսյանին. բա էդ ինչի՞ Արմեն Սարգսյանի անունն էլ չես նշում: Ոնց որ թե Արմեն Սարգսյանին էլ է Լևոն Տեր-Պետրոսյանը 1996-ին Հայաստան հրավիրել և վարչապետ նշանակել: Հա, լավ, հասկացանք, հենց որ դադարի Արմեն Սարգսյանի խորհրդական լինել, անմիջապես կհայտարարի, որ նրան էլ է Լևոնը կերտել:
Բայց իզուր է Թևան Պողոսյանը Տեր-Պետրոսյանին մեղադրում Ռոբերտին, Սերժին ու Նիկոլին ձևավորելու մեջ: Ճիշտ կլիներ, եթե մեղադրեր Ադամին ու Եվային: Առաջին կադրերը իրենք են տվել: Հետո տենց հասել է մեր օրերը, ու նրանց կադրերից են նաև Լևոնը, Ռոբերտը, Սերժը, Նիկոլը, նույնիսկ՝ Արմեն Սարգսյանը:
Ձեր խեղճության, տկարամտության և գաղափարական սնանկության, փառամոլության ու նյութապաշտության համար Տեր-Պետրոսյանը հաստատ մեղավոր չէ: Տեր-Պետրոսյանը 25 տարի փորձել է ձեր ուղեղները աշխատեցնել, բանականության ձայնը լսելի դարձնել, փորձել է համոզել, որ մածունը միշտ սպիտակ է, չեք հասկացել:
Ու ով չի հասկանում, բերում է հետևյալ սպանիչ փաստարկը. որ ես ապուշ եմ, մեղավորը Լևոնն է:
Որ Լևոնը 1997-ին Քոչարյանին Հայաստան է բերել, ասել է՝ փորձիր երկիրը զարգացնել չլուծված հակամարտության պայմաններում: Չի ասել՝ արի իշխանությունը զավթիր, ազգուտակդ Ղարաբաղից բեր Երևան, չի ասել՝ գնա «Պապլավոկում» մարդկանց բարևելու համար կյանքից զրկիր, «Ա1+»-ը փակիր, երկրի ամբողջ ունեցվածքը սրան-նրան բաժանիր, նվիրիր, գրպանդ դիր, միլիարդանոց ունեցվածք դիզիր, մարտի 1 կազմակերպի: Չի ասել:
Նույնկերպ Տեր-Պետրոսյանը Նիկոլին չի ասել, թե Ղարաբաղի հարցը վարի տուր, երկիրը կործանման եզրին հասցրու: Ընդհակառակը, 2018-ին գնացել, ասել է՝ լուծիր Ղարաբաղի հարցը, ժողովրդին տեղեկացրու, որ Սերժը այ էս լուծումն է ընդունել, այ սենց բան կա բանակցությունների սեղանին, Նիկոլն էլ ասել է՝ հա, ես գիտեմ, էդ նորություն չի:
Հիմա որ Ռոբերտն ու Նիկոլը Լևոնի ասածները բանի տեղ չեն դրել, ճիշտ հակառակն են արել, վարի են տվել երկիրը, դրա համար Տեր-Պետրոսյա՞նն է մեղավոր: Դե, բարև ձեզ:
Ամենահետաքրքիրն այն է, որ քոչարյանականները ասում են՝ ազգակործան Նիկոլը Լևոնի կադրն է, նիկոլականներն էլ ասում են՝ ազգակործան Ռոբը Լևոնի կադրն է: Վերջն է. իրար մեղադրում են պատուհասության մեջ, բայց ընդհանուր սլաքը ուղղում Տեր-Պետրոսյանի վրա: Իրենք ոչ մի բանի համար պատասխանատու չեն. պուպուշ ու ազնիվ քյարփինջ են: