...

Գարսեվանը «սանատորիայի» կարիք ունի

Գարսեվանը «սանատորիայի» կարիք ունի

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, մասնագիտությամբ բժիշկ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում հերթական ստատուսն է հրապարակել, որում անդրադարձել է իր երբեմնի կուսակից ընկեր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությանը: Աշոտյանն առաջարկել է «խուզարկել նրա ուղեղը՝ ենթարկելով KT-ի և ЯМР-ի: Հաստատ ինչ կա, այդտեղ է թաքնված»,- եզրակացրել է մասնագիտությամբ բժիշկը, ապա առաջարկել է մի շարք այլ բժշկական հետազոտությունների ենթարկել Թովմասյանին:

Պարզվում է` Աշոտյանը գիտի, որ Թովմասյանից արյան անալիզ վերցնելուց հետո «հաստատ խոլեստերինը բարձր կլինի, ինչը կվկայի, որ նա տարիներ շարունակ չալաղաջ կտորներն է կերել պետական բյուջեից»: Իսկ, ասենք, երիկամները УЗИ անելուց հետո մեջը հաստատ քարեր կլինեն` զմրուխտ ու ռուբիններ, լյարդում` մսխումների և վատնումների մասին աղաղակող ճարպային կուտակումներ, փայծախի մեծ չափսերն էլ կվկայեն, որ «տարիներ շարունակ Հրայրը խմել է ժողովրդի արյունը»: Մի քիչ ներքև գտնվող օրգանում` միզապարկում, ըստ Աշոտյանի, ավազ կլինի` մանր ու միջին բրիլիանտներից կազմված: «Չէ, ավելի ներքև չիջնեք, քանզի ձեր պրոբլեմների սկզբնաղբյուրը հենց այնտեղ է»,- հորդորում է Աշոտյանն ու փաստորեն իր հետևորդներին թողնում կատարյալ անգիտության մեջ` արդոք այն օրգանը, որը նկատի ունի Աշոտյանը, նորմալ վիճակում է: 

Մի պահ վերանանք Թովմասյանի անձից, նրա օրգանների УЗИ-ներից ու ЯМР-ներից ու Աշոտյանի ցինիկ շարադրանքին համարժեք արձագանքենք. այդ նույն օրգանը, որն ըստ Աշոտյանի` այս իշխանության «պրոբլեմների սկզբնաղբյուրն» է, Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին կարիերա անելու և իշխանության բարիքներից օգտվելու երաշխիքն ու սկզբնաղբյուրն էր: ՀՀԿ-ն ու նրա հետ կոալիցիա կազմող կուսակցություններից շատերի ղեկավարներն ու անդամները «ի սկզբանե էր բանն» արտահայտությունն ընկալում ու մեկնաբանում էին ոչ թե ըստ էության, այլ` ըստ «բան» բառի մասին իրենց ունեցած աշխարհայացքի` որքան դրան մոտ, այնքան կուշտ ու ապահով:  

Ինչևէ, ի գիտություն ընդունելով Աշոտյանի դիագնոզը, նախկին ռեժիմը պետք է վերջապես մարդասիրական քայլ անի ու իր «զինվոր բալին» ՍԴ նախագահի պաշտոնում գերի պահելու փոխարեն նրան հորդորի հրաժարական տալ: Իսկ հետո սոցփաթեթով տեղական որևէ առողջարան ուղարկի` գաղութից առաջ վերականգնողական կուրսեր անցնելու: Բադեն-Բադեն կամ Կորեա` ցողունային բջիջների փոխպատվաստման ուղարկելու սցենարը խորհուրդ է տրվում չքննարկել:   

Հեղինե Մանուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3433 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ