...

Հարմարավետ տուն՝ 12 տարի վագոն-տնակում ապրելուց հետո

Հարմարավետ տուն՝ 12 տարի վագոն-տնակում ապրելուց հետո

Մհերյանների ընտանիքը 12 տարի ապրել է վագոն-տնակում։ Ընտանիքի հայրը՝ Սամվելը, փորձել է սեփական ուժերով քարե տուն կառուցել, սակայն յոթ տարվա ընթացքում կարողացել է միայն պատերն ու տանիքը կառուցել: Բազմանդամ ընտանիքի հոգսը, օրեցօր աճող ծախսերն ու սոցիալական վիճակը, ստիպել են դարձյալ հարմարվել իրականության հետ ու հետաձգել սկսած գործի շարունակությունը:

Խնդրի լուծումն արագացնելու և վագոն-տնակից ընտանիքի տեղափոխումն օր առաջ իրականություն դարձնելու նպատակով, ընթացիկ տարվա ամռանը, դարձյալ համախմբվել են բնակարանաշինության ծրագրի՝ ավելի քան տասնամյա գործընկերները: Մհերյանների երազանքը վերջապես իրականություն է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորների աջակցությամբ:

Գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն ու թիմերը դարձյալ Արարատի մարզի Մրգավետ գյուղում են եղել՝ Մհերյանների հետ բնակարանամուտի ուրախությունը կիսելու համար:

«Երկար տարիներ գործադրված համառ, բայց անօգուտ ջանքերից հետո, մեր ընտանիքը վերջապես քարե տուն ունի: Տուն՝ բոլոր հարմարություններով. խոհանոց, սանհանգույց, մեծ ու լուսավոր սենյակներ։ Սա անհնարին թվացող երազանք էր մեր՝ մետաղական պատերի ներսում տարիներ շարունակ ապրող ընտանիքի համար: Անչափ շնորհակալ եմ աջակցության համար»,-ասել է ընտանիքի երիտասարդ մայրը՝ Թեհմինան։

«Այսօր ուզում եմ խոսել այս ծրագրի՝ անչափ կարևոր ձեռքբերումներից մեկի մասին: Բոլոր այն ընտանիքները, որոնք ապրել են վագոն-տնակներում, մեր համագործակցությամբ նոր բնակարան կառուցելուց անմիջապես հետո, ազատվել են ոչ միայն ծանր հիշողություններից, այլև ուղիղ իմաստով՝ երկաթյա վագոններից: Այսինքն, կա այն գիտակցությունը, որ վերադարձ չի լինելու, և ընտանիքն ինքն է քայլեր ձեռնարկում դա ապահովելու համար: Սա շատ լավ արդյունք է և տրամաբանորեն, հենց այդպես էլ պետք է լինի: Ուրախ եմ արձանագրել, որ մեզ՝ գործընկերներիս, հաջողվել է մարդկանց փոխանցել վաղվա օրվա լավատեսությունն ու վստահությունը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ընտանիքը 12 տարի ապրել է վագոն տնակում՝ երազելով մի օր ավարտել իր կիսակառույցի շինարարությունը։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցության շնորհիվ, ընտանիքը վերջապես կարող է վայելել սեփական հարմարավետ տունը, մեծացնել երեխաներին ավելի լավ, բարեկեցիկ պայմաններով ապահովված տանը։ Ուրախ եմ այս ընտանիքի համար»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Ընթացիկ տարում ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ կառուցվել, գնվել կամ վերանորոգվել է 46 տուն։  ՎիվաՍել-ՄՏՍ-ի  կողմից բնակարանաշինության ծրագրին հատկացվել է շուրջ 120 միլիոն դրամ։ 
Ընդհանուր առմամբ համագործակցության շնորհիվ աջակցություն է ստացել 208 ընտանիք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2060 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ