...

Հատված առաջիկայում ներկայացվելիք «100 փաստ»-ից

Հատված առաջիկայում ներկայացվելիք «100 փաստ»-ից

ՍԱՏԻՐԻԿՈՆ

Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել մի հատված Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում հանրությանը ներկայացվելիք «100 փաստ» կոչվող սևագիր փաստաթղթից, ինչն էլ սիրով հրապարակում ենք։ Եվ այսպես.

․․․Փաստ 29․ Հատուկ նախկին հանցավոր պաշտոնյաներին փռելու համար նախատեսված տարածքների ասֆալտապատման ծավալներն ավելացել են 3,5 անգամ։

Փաստ 30․ Զինված ուժերի զրահատեխնիկայի վառելիքի ծախսերը կրճատվել են շուրջ 4 անգամ, ընդ որում՝ մեկ միավորի համար նախատեսված ծախսը չի կրճատվել։

Փաստ  31․ Ընձառյուծը դեռ Տավուշում է։

Փաստ 32․ Ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի պլստացել։ Ինչ վերաբերում է մարդկանց, ապա շուրջ 6 անգամ ավելացել է «Իմ քայլը» հիմնադրամի միջոցներով իրականացվող աշխատանքների ծավալը։

Փաստ 33․ Օդային ճանապարհով Հայաստանից մեկնածների և Հայաստան ժամանածների տարբերությունը վկայում է, որ արտագնա զբոսաշրջության ծավալներն աճել են շուրջ 492 տոկոսով։

Փաստ 34․ Ոռոգման ջրի օգտագործման ծավալները վկայում են, որ գյուղացիական տնտեսությունների 98,3 տոկոսն անցել է կաթիլային ոռոգման համակարգին։

Փաստ 35․ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2020-ի եզրափակիչ հատվածում ոչ մի միավոր չի կորցրել։

Փաստ 36․ Վերջին 30 տարիների ընթացքում երբևէ Բաքվում այսքան շատ հայ զինծառայող չի եղել։

Փաստ 37․ Վերջապես երևանցիների 71 տոկոսի դեմքին ժպիտ է հայտնվել, և դա՝ Ոստիկանության պարեկային ծառայության գործունեության շնորհիվ։

Փաստ 38․ Դիմակների օգտագործման ծավալներն ավելացել են 2,4 անգամ, այդ թվում ոստիկանության և ԱԱԾ հատուկջոկատայինների կողմից՝ 11,3 անգամ։

Փաստ 39․ Աշոտիկի վաճառած գարեջրի ծավալներն ավելացել են 61 տոկոսով։

Փաստ 40․ Վերջին մեկուկես ամսում կտրուկ նվազել են արտգործնախարարի և նրա տեղակալների արտասահմանյան գործուղումների համար նախատեսված ծախսերը։

Փաստ 41․ Զինկոմիսարիատներում կոռուպցիան իսպառ վերացել է։ Վերջին 6 ամիսների ընթացքում չի արձանագրվել գեթ մի դեպք, որ ծնողները կաշառք տան, որպեսզի իրենց որդիները չծառայեն Ջեբրայիլում, Մատաղիսում կամ Հադրութում։

Փաստ 42․ Բենզինի և դիզվառելիքի գների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանը բնակչության կենսամակարդակով հասել և անցել է Եվրամիությանը։

Փաստ 43․ Հազար բնակչին բաժին ընկնող գեներալների թվով Հայաստանը զբաղեցնում է աշխարհում երկրորդ, իսկ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների դաջվածքների թվով՝ առաջին տեղը։

Փաստ 44․ Բանանը էժանացել է (ՌԴ Յակուտսկ քաղաքում հունվար ամսին արձանագրված գների համեմատ)։

Փաստ 45․ Կառավարությունը որոշել է բուհերի շենքերի վաճառքից ստացված գումարների 8 տոկոսն ուղղել ռազմաարդյունաբերական թեմաներով բուկլետների հրատարակմանը։

Ցավոք՝ փաստաթղթի մյուս էջերն այս պահին մեր ձեռքի տակ չեն։ Բայց այսքանն էլ բավական է՝ հասկանալու համար, որ ԱԺ առաջիկա նիստում Փաշինյանի ելույթը չափազանց հետաքրքիր է լինելու։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3148 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ