...

Նիկոլ Փաշինյանի հերթական «100 փաստը»

Նիկոլ Փաշինյանի հերթական «100 փաստը»

Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանը մտադիր է տարեվերջին հանրությանը ներկայացնել իր իշխանության հաջողությունների մասին հերթական 100 փաստը, սակայն առայժմ հաջողվել է ձևակերպել ընդամենը 65-70-ը։ Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել մի հատված այդ առայժմ անավարտ ցուցակից, որն էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․

․․․Փաստ 23․ ՀՀ կառավարության և անձամբ վարչապետի անմիջական ջանքերով պատմության մեջ առաջին անգամ մանկական եվրատեսիլը տեղի կունենա Հայաստանում։

Փաստ 24․ Ընդդիմությունը վերադարձավ խորհրդարան։

Փաստ 25․ Ընձառյուծը վերադարձավ Խոսրովի անտառ։

Փաստ 26․ ՀՀ վարչապետի աներձագի առանձնատանը ջուր չկա։

Փաստ 27․ Պատմության մեջ առաջին անգամ հայտարարվեց, որ 5 տարի անց աղետի գոտում տնակներ չեն լինի, ինչը 2,5 անգամ կամ 250 տոկոսով ավելին է, քան նախորդ իշխանությունների օրոք հնչեցված ժամկետները։

Փաստ 28․ Պատմության մեջ առաջին անգամ ՀՀ կառավարության գործունեության թափանցիկությունն ապահովելու նպատակով ձեռնարկվեցին կոնկրետ քայլեր․ կառավարության շենքի վրա փորվեցին ավելի քան 6 հազար անցքեր։  

Փաստ 29․ ՀՀ վարչապետի աներձագի առանձնատանը գազ չկա։

Փաստ 30․ Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը մերժեց ՀԱՊԿ-ի կողմից ռազմատեխնիկական աջակցություն տրամադրելու առաջարկը՝ հանուն ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման գործուն մեխանիզմների։ 

Փաստ 31․ Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանի ազգային հավաքականը ոչ մի պարտություն չի կրել։

Փաստ 32․ Հայաստանում ծայրահեղ աղքատության ցուցանիշն ավելացել է ընդամենը 2 անգամ, մինչդեռ այնպիսի զարգացած երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան և Գերմանիան, կոմունալ ծախսերն ավելացել են ավելի քան 4 անգամ։

Փաստ 33․ Ապօրինի հարստացման և կոռուպցիայի դեմ պայքարի կտրուկ ակտիվացման շնորհիվ դատաիրավական համակարգի աշխատակիցների կենսամակարդակը բարձրացել է ավելի քան 2,5 անգամ։

Փաստ 34․ Պատմության մեջ առաջին անգամ արցախահայության և ադրբեջանցիների միջև կազմակերպվել են անմիջական շփումներ՝ բնապահպանական հարցերով։

Փաստ 35․ Արատավոր անցյալից հրաժարվելու և պայծառ ապագա կերտելու ծրագրի շրջանակներում որոշվել է ոչնչացնել ԱԱԾ արխիվները։

Փաստ 36․ Վարչապետին սպասարկող ավտոպարկի թարմացման վերաբերյալ կառավարության որոշումները «հույժ գաղտնի» կատեգորիայից իջեցվել են «գաղտնի» կատեգորիայի։

Ցավոք, փաստաթուղթն այստեղ ընդհատվում է։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   647 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ