...

Պետականատեր լինեինք՝ պետությունն ամեն թյուրիմացության չէինք վստահի

Պետականատեր լինեինք՝ պետությունն ամեն թյուրիմացության չէինք վստահի

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «գործընթացները, որ առաջնորդում է Հայաստանի կառավարությունը՝ անցումն է պետականազուրկ ազգի ռելիկտային գործելակարգից դեպի պետականատեր ժողովրդի գործելակարգ», ապա պարզաբանել է, թե որն է ռելիկտայինը․ դա «մեր այն գործելակարգն է, որ ձևավորվել է 15-րդ դարից հետո մեր պետականազրկության շրջանում»։

Փաստորեն մենք 15-րդ դարից սկսած պետականազուրկ ազգ ենք եղել, ու միայն Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք ենք դառնում պետականատեր ժողովուրդ։ Շատ լավ, այդ դեպքում եկեք «գույքագրենք», թե ինչերի ենք հասել «պետականազուրկ ազգի» կարգավիճակում, և ինչ ունենք այսօր՝ որպես «պետականատեր ժողովուրդ»։

Որպես «պետականազուրկ ազգ»՝ դարձել ենք ՄԱԿ լիիրավ անդամ անկախ պետություն, կայացրել ենք պետական ինստիտուտները, ծանրագույն պայմաններում պատերազմ ենք հաղթել, մեր փաստացի կենսատարածքը դարձրել ենք 42 հազար քկմ, երկրորդ հայկական պետության փաստացի անկախ գոյության իրավունքը դարձրել ենք միջազգային օրակարգի հարց՝ բարենպաստ լուծման մեծ հավանականությամբ, այդ ժամանակահատվածում որևէ երկրի մտքով անգամ չի անցել կասկածի տակ դնել ՀՀ տարածքային ամբողջականությունը, և այլն։

Ինչի՞ ենք հասել «պետականատեր ժողովրդի գործելակարգ» որդեգրած Նիկոլ Փաշինյանի օրոք։ Պարտվել ենք պատերազմում, կորցրել ենք հազարամյակներ շարունակ հայաբնակ մնացած Արցախը, թշնամին ՀՀ տարածքից մոտ 200 քկմ տարածք է զավթել ու սպառնում է ընդհանրապես վերացնել Հայաստանը, որովհետև չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը (Նիկոլ Փաշինյանն ինքն է ասել, որ «Հայաստանը կադաստրի թուղթ չունի»), ընդ որում՝ այս իրավիճակում նա զբաղվում է բլոգերությամբ, փոդքասթներ նկարելով, հեծանիվ քշելով, հանդերձարանների կախիչներ պոկելով, և այլն։

Երանի չէ՞ր վերադառնայինք «պետականազուրկ ազգի» ժամանակները, իսկ Ադրբեջանում հայտնվեր Նիկոլ Փաշինյանի նման մեկը, որը Գյանջայից քայլելով կհասներ Բաքու, կզավթեր իշխանությունն ու Ադրբեջանը կղեկավարեր «պետականատեր ժողովրդի գործելակարգով»։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   114 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ