...

Հատված Նիկոլ Փաշինյանի վարած գաղտնի խորհրդակցությունից

Հատված Նիկոլ Փաշինյանի վարած գաղտնի խորհրդակցությունից

ՍԱՏԻՐԻԿՈՆ

Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի ունեցած գաղտնի խորհրդակցությունից մի հատվածի ձայնագրությունը, որն էլ սիրով ներկայացնում ենք ընթերցողներին։

Նիկոլ Փաշինյան - Լավ, քանի մենք մերոնցով ենք՝ եկեք լուրջ հարցերը քննարկենք։ Վաղո՛, ի՞նչ որոշեցիք, բանակի թվակազմը ավելացնո՞ւմ ենք, թե՞ պակասեցնում։

Վաղարշակ Հարությունյան - Պրն վարչապետ, ճիշտն ասած՝ վերջնական որոշում չենք կայացրել։ Պիտի գիր-ղուշ գցեինք, բայց մոտներս կոպեկ չկար։

Ն․ Փ․ - Չհասկացա, էս ի՞նչ անլուրջ վերաբերմունք ա։ Կոպեկ չունեիք՝ չինգաչգուկով որոշում ընդունեիք։ Վերջին անգամը լինի, սրանից հետո նման վերաբերմունք չեմ հանդուրժելու։ Հենց հիմա որոշեք։ Պրն Սուքիասյան, կոպեկ չունե՞ք։

Խաչատուր Սուքիասյան - Պրն վարչապետ, հո ձեր ձեռը կրակը չե՞մ ընկել, էրեկ էլ 200 դրամանոց էիք ուզել, որ գեներալների կոչումները որոշեք, մինչև հիմա հետ չեք տվել։ Դուք ինձ սնանկության դուռը կհասցնեք։ Գոնե հարկային արտոնությունից, բանից․․․

Ն․ Փ․ - Լավ, լավ, մի նվնվա։ Բանակ ասեցի՝ հիշեցի։ Նոր սպառազինությունների հարցը ի՞նչ էղավ։

Արմեն Գրիգորյան - Պրն վարչապետ, ճիշտն ասած՝ «Ալի էքսպրեսից» էինք պատվիրել, մի քիչ ուշանում ա։

Ն․ Փ․ - Լավ, էն ՀԱՊԿ-ի՞ն ինչ ես պատասխանել։

Ա․ Գ․ - Շատ կոշտ եմ պատասխանել, իրենց ուղարկած մեյլի տակ ջղայն սմայլիկ եմ դրել։

Ն․ Փ․ - Շատ էլ ճիշտ ես արել։ (Գրպանից հանում է մուրճը և օդում թափահարում։ Բոլորը սփրթնում են)։

Ա․ Գ․ - Մի հատ էլ մուրճի նկար ուղարկե՞մ։

Ն․ Փ․ - Չէ, էս օրակարգի հաջորդ հարցն ա։ Ով որ ասի՝ չագուչին անգլերեն ինչ են ասում՝ արտգործնախարար եմ նշանակում։

Ալեն Սիմոնյան - Համմեր։

Ն․ Փ․ - Յա, փաստորեն ես է՛լ համմեր ունե՞մ։ Չէ, Ալեն, բայց դու ոնց որ թե Երևանի քաղաքապետ էիր ուզում դառնաս։ Ուղղակի դրա համար պիտի նոր ընտրություններում հաղթենք։ Չգիտեմ, եթե կարողանայինք էս անգամ էլ Քոչարյանին համոզեինք մասնակցեր․․․

Խ․ Ս․ - Դե հենա Շմայսին ռոզիսկ ենք տվել, եթե գտնենք ու համոզենք, որ մեր հիմնական մրցակիցը դառնա՝ նաղդ կրած ենք։ Բայց, պրն Փաշինյան, հնարավոր չի՞ առանց ընտրության, էն ձեր ասած ձևով․․․ոնց է՞ր․․․ Հա, իրավունքի ուժով։

Ն․ Փ․ - Լավ, կքննարկենք։ Ոնց որ թե օրակարգը պրծավ, հա՞։ Մի րոպե․․․ Ինստիտուտների շենքերը ծախելը՝ պլյուս, Սյունիքի մարզկենտրոնը Աչաջուր տեղափոխելը՝ պլյուս, Շախմատի տանը շաուրմայի միջազգային փառատոն կազմակերպելը՝ պլյուս, ոռոգման ջրից դժգոհ գյուղերի դաշտերում տրակտորների արագաչափ դնելը՝ պլյուս․․․Բայց մի բան ոնց որ թե մոռացել ենք։ Էն մի հատ պուճուր բան կար, է՞, անունը մոռացա․․․ Էն որ միշտ այ էնտեղ էր նստում․․․ Հա՛, Ռոմանոս, ասա՛, ասում էիր կարևոր բան պիտի զեկուցես։

Ռոմանոս Պետրոսյան - Պրն վարչապետ, մեր անտառտնտեսության պետերից մեկը բեզոարյան այծ ա որսացել․․․

Ն․ Փ․ - Այ տղա, բա վեր կացեք գնանք, տեղում ուսումնասիրենք, ինչի՞ ենք ստեղ նստել։ Սպասեք զանգեմ Աննային, ասեմ` պերերիվին ուտելու բան չսարքի․․․

Ցավոք, ձայնագրությունն այստեղ ընդհատվում է։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ