Այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Արարատի մարզի Հայանիստ և հարակից համայնքների բնակիչները: Նրանք տրանսպորտ են պահանջում։
35 համարի երթուղային ավտոբուսը, որը սպասարկում է Հայանիստ և հարևան Խաչփար համայնքները, այլևս գյուղեր չի մտնում: Մի քանի օր է՝ 35-ի փոխարեն հարևան Դարբնիկ համայնքի 473 համարի երթուղայինը վերջնակետը Հայանիստ համայնքի Գետաշեն թաղամասն է դարձրել:
«35-ը հանել են և ինչ-որ 473 բերել: Մենք մերժում ենք այս տարբերակը: Այդ գազելը ոչ մեկին ձեռք չի տալիս, մեր ճանապարհը երկարում է: 473-ը Մասիսի 5 գյուղով գնում, հասնում է 3-րդ մաս: Սխալ լուծման տարբերակ են մեզ առաջարկել»,- «ՉԻ»-ի հետ զրուցում ասացին բողոքի ակցիայի մասնակիցները:
Մայիսի 18-ից, երբ սկսեց գործել հանրային տրանսպորտը, 35 համարի երթուղային ավտոբուսն այլևս գյուղեր չի մտնում: Երթուղու վերջնակետը Գետաշեն թաղամասից Արգավանդ է տեղափոխվել:
Հայանիստի բնակիչներն իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին կառավարության առաջ և նամակներ փոխանցեցին Երևանի քաղաքապետարան: 2 ավտոբուս մեկ օր մտան գյուղ, իսկ օրվա երկրորդ կեսից դարձյալ հրաժարվեցին սպասարկել այս համայնքները:
«Մենք պահանջում ենք, որ 35 համար ավտոբուսից գոնե 5 հատ կրկին մտնի գյուղ։ Մենք էլ ենք ուզում աշխատել, բայց քաղաք չենք կարողանում գնալ։ Գյուղացիների մեծ մասն արդեն աշխատանքից զրկվել է՝ ավտոբուս չլինելու պատճառով»,- բողոքեց Հայանիստ համայնքի բնակչուհի Տաթև Ավետիսյանը։
Տեղեկություններ կան, որ 35 համարի ավտոբուսը սպասարկող «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն բողոքել է, որ շահույթով չի աշխատում և հրաժարվում է գյուղեր մտնել:
«Մենք հո ձրի չենք գնում-գալիս։ Մեր փողը տալիս ենք։ Մենք մինչև վերջ պայքարելու ենք, գյուղերի ժողովուրդը ոտքի է կանգնել»,- ասացին հավաքվածները։
Գյուղացիները չեն կարողանում օգտվել նաև համայնքի միջով անցնող 487 համարի երթուղուց: Այն աշխատում է գերծանրաբեռված ռեժիմով՝ լիարժեք չի իրականացնում բնակիչների տեղափոխումը: Իսկ Գետաշեն թաղամասի բնակիչները ստիպված են 1,5 կմ ճանապարհը ոտքով անցնել, որ կարողանան այդ երթուղուց օգտվել: