...

Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական ծախսերը հավասար են եղել

Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական ծախսերը հավասար են եղել

Քաղաքագետ Հովսեփ Խուրշուդյանը գրել է.

«2006-2008թթ. Ադրբեջանը արել է 3,2 միլիարդ դոլարի ռազմական ծախս, այսինքն՝ տարեկան միջինը շուրջ մեկ միլիարդի, իսկ Հայաստանը՝ 900 միլիոն դոլարի, այսինքն` տարեկան միջինը 300 միլիոն դոլարի։

2009-2018թթ․ Ադրբեջանը արել է 24 միլիարդ դոլարի ռազմական ծախս, այսինքն՝ տարեկան միջինը 2,4 միլիարդի, իսկ Հայաստանը՝ 4 միլիարդ դոլարի, այսինքն` տարեկան միջինը 400 միլիոն դոլարի։

2019թ-ին Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմել են 1,85 միլիարդ դոլար, իսկ Հայաստանինը՝ 673 միլիոն դոլար։ 
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի դավաճանությունը կայանում է նրանում, որ մեկ տարում չկարողացավ Հայաստանի ռազմական ծախսերը հասցնել ոչ թե 673 միլիոնի, այլ առնվազն 4 միլիարդի, որպեսզի գումարային 14 տարիների կտրվածքով պակաս լիներ Ադրբեջանի ռազմական ծախսերից 3 անգամ, այլ ոչ թե 5,5։ 

Այսինքն` չծախսեց ռազմական բյուջեի վրա երկրի պետական բյուջեն ամբողջությամբ՝ դադարեցնելով որևէ այլ ծախսի իրականացումը՝ թոշակներից ու աշխատավարձերից մինչև կապիտալ ներդրումներ, կրթություն և առողջապահություն։ 

Հ.Գ․ Միջազգային Global Financial Integrity կազմակերպության հաշվարկներով 2004-2017թթ․, այսինքն այսօր 17-ի տեսքով ռևանշի ձգտող Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանից ապօրինի դուրս է բերվել 6-14 միլիարդ դոլար գումար (հղումը՝ առաջին մեկնաբանության մեջ)»:

«ՉԻ». Հովսեփ Խուրշուդյանը մի քիչ չափազանցնում է: Իրականում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը 20 տարվա ընթացքում ավելի շատ գումար են ծախսել ռազմական նպատակներով:

Օրինակ՝ զինված ավազակախմբեր պահելն ու կերակրելը ռազմական ծախս չէ՞ր: Ծախս էր: 20 տարի այդ բանդաները հայրենիքը պատվով ու արժանապատվությամբ պաշտպանում էին մի խումբ ժողովրդից (կամ, ինչպես իրենք են ասում՝ ժեխից)՝ ցույցերում նրանց գլուխները ջարդելով, ընտրություններում կեղծիքներ ապահովելով, ժողովրդավարության ջատագովներին հալածելով: Բա գիտեիք, ձրի՞ էին անում դա:

Բա որ այդքան գումար է ծախսվել տասնյակ լրատվամիջոցների, ֆեյքերի, բլոգերների, քաղաքագետների վրա, դա էլ է ռազմական ծախս: Հիմա դրանք պատերազմ են մղում իշխանությունների դեմ: Իսկ պատերազմը պահանջում է ծախսեր:

Իսկ Մոնումենտի դղյակնե՞րը: Դրանք հո պարզապես դղյակներ չե՞ն: Դրանք անառիկ ամրոցներ են, որոնք ոչ մի թշնամի՝ ԱԹՍ-ով, «Յաշմայով» չի կարող գրավել: Դա էլ է, չէ՞, ռազմական ծախս: Սևանա լճի ամբողջ երկայնքով մեր նախկինների վիլլաներն իրականում ռազմական պոլիգոններ են, որտեղ զինված պահակներ են, զենք կա, բան կա: Այդ վիլլաները կարևոր ռազմական նշանակություն ունեն. որ հանկարծ Ալիևը Սևանա լճում չլողանա: 

Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կլանների անթիվ, անհամար սեփականությունները, ձեռնարկությունները, անշարժ գույքը, միլիոնները, հիվանդանոցները, ապահովագրական ընկերությունները. բոլորը ռազմական ծախսեր են: Պետության դեմ պատերազմի ժամանակ դրանք բոլորը պետք են գալու: Օրինակ, «Տոյոտայի» հայաստանյան ներկայացուցչության աշխատակցին աշխատանքից ազատել էին՝ ընդդիմության հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու համար: Որովհետև դա բացահայտ դասալքություն է և ռազմական դրության օրենքներով պիտի ազատեին: 

Այնպես որ, եթե Քոչարյան-Սարգսյան զույգի այս ռազմական ծախսերը ավելացնենք հայկական բանակի համար հատկացված գումարներին, ապա կստացվի, որ Հայաստանը ռազմական նպատակներով ծախսել է նույնքան, որքան՝ Ադրբեջանը: Հերիք է կասկածեք այս մարդկանց հայրենասիրության վրա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1646 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ