...

Պատվեր կատարողները նույնն են մնացել

Պատվեր կատարողները նույնն են մնացել

«Ժառանգություն» կուսակցության նախկին ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը գրել է. «Ինչպես գիտեք, 2016թ.-ի հուլիսի 29-ին, Սարի թաղի դեպքերի ժամանակ, նախորդ իշխանությունների քաղաքական պատվերով ես ևս ձերբակալվեցի, ապա օգոստոսի 2-ին կալանավորվեցի՝ մեկուսարանում, ապա և կալանավայրում անցկացնելով 27 օր։ Ես ազատ արձակվեցի 1 մլն դրամ գրավի դիմաց 2016-ի օգոստոսի 25-ին։ 

Փետրվարի 1-ին տեղեկացա, որ Եվրոդատարանում շահել ենք մեր միսանական գործը, իսկ ՀՀ Կառավարությունը ընդունել է, որ մեր իրավունքները խախտվել են։ 

Ու թեև Եվրադատարանը այդ կապակցությամբ պարտավորեցրել է ՀՀ Կառավարությանը վճարել մեզ խորհրդանշական փոխհատուցում, հասկանալի է, որ դա չի եղել մեր նպատակը, այլ արդարադատության հասնելը և ես, օրինակ, ինձ վճարվելիք 700 եվրոյին համարժեք դրամը փոխանցելու եմ 1000+ հիմնադրամին։ 

Իմ մասով հուսով եմ, որ մենք կկարողանանք առնվազն մաքրել դատական և իրավապահ համակարգերը քաղաքական հետապնդման նպատակով քրեական գործ կարած, ապօրինի դատական վճիռներ կայացրած, սուտ մատնություն իրականացրած, ապօրինի մեղադրանքներ առաջմղած հետևյալ անարդար և կոռումպացված քրեածին տարրերից՝ 

- ՀՀ Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով ավագ քննիչ Ռ․Գ․Մկրտչյանից և քննիչ Ռ․Հ․Վարդանյանից, 
- Երևանի Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր տիկին Ա․Մաթևոսյանից, Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանից, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորներ Ս․Ավետիսյանից, Լ․Թադևոսյանից, Հ․Ասատրյանից, Ե․Դանիելյանից, Ա․Պողոսյանից, Ս․Օհանյանից, 
- դատախազ Ռ․Երիցյանից, 
- սուտ մատնություն իրականացրած ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ոստիկաններ Իշխան Ռուբենի Վարդանյանից, Արսեն Էդուարդի Աբրամյանից»:

«ՉԻ». Բայց այնքան հետաքրքիր է. պատերազմից հետո ընդդիմության ներկայացուցիչները տարածում են ոստիկանների լուսանկարները, թե բա ճանաչեք այս իշխանության խամաճիկներին, այդ ոստիկանները կատարում են իշխանությունների հրահանգները, փողոցային ակցիաների ժամանակ սրան են բռնում, նրան են քաղմաս տանում: Նույնը քննիչների, դատախազների դեպքում, որոնք ընդդիմադիրների դեմ քրեական կամ վարչական գործեր են հարուցում, դատավորների դեպքում, որոնք վճիռներ են արձակում: 

Անպայման գրում են, որ այս ոստիկանները, քննիչները հայրենիք չունեն, սրբություն չունեն, դավաճանի հետ են և այլն: Դե, մեզանից լավ գիտեք՝ ում մասին ինչ են գրում:

Իսկ այս ընթացքում Եվրադատարանը շարունակում է վճիռներ կայացնել այն գործերով, որոնք սարքել, կարկատել են այսօր իրավապահ մարմիններին մեղադրող դեմքերը: 

Ասում են՝ ոստիկանը ապօրինի հրաման է կատարել, Եվրադատարանն էլ ասում է՝ ձեր օրոք ոստիկաններին ստիպում էին սուտ մատնություն տալ ընդդիմադիր գործիչների դեմ:

Ասում են՝ քննիչները ապօրինի գործեր են հարուցում, Եվրադատարանը վճռում է, որ սրանց օրոք հարյուրավոր շինծու գործեր են սարքվել:

Ասում են՝ դատավորները պատվերներ են կատարում և ապօրինի վճիռներ կայացնում, Եվրադատարանն արձագանքում է՝ ձեր օրոք այս կամ այն դատավճիռը ապօրինի էր: Մուծվեք գանձարանին:

Ու ամենավատն այն է, որ Հովսեփ Խուրշուդյանի նշած ոստիկանները, դատավորներն ու դատախազները հիմա էլ են աշխատում ու աշխատում են այնպես, ինչպես նախկին իշխանությունների օրոք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   863 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ