...

Ահա և մեր հաղթաթուղթը

Ահա և մեր հաղթաթուղթը

Համացանցում աչքներովս ընկավ մի տեսանյութ, որի մասին գրել էին, թե անցած շաբաթ ամենադիտված տեսանյութն է եղել: «Ազատ քաղաքացի» կազմակերպության նախագահ, Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի նախկին խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հարցազրույց է տալիս, որտեղ ասում է, թե «Հայաստանն ունի թաքնված խաղաթուղթ, պետք է շրջանառել «Նոր Նաբուկկո» գազատարի գաղափարը»: 

Ու այստեղ մենք հասկացանք, թե ինչքան միամիտ ենք եղել: Ինչքան կարևոր, լավ նյութեր ենք ունեցել, որոնց կարելի էր հնչեղ վերնագրեր դնել ու ապահովել հազարավոր լայքեր: Կապ չունի՝ ինչ վերնագիր է, կարևորը, որ մեզ պայծառ ապագա խոստանա, իսկ հակառակորդներին էլ՝ սև օրեր:

Մի հատ Perfect TV կար, խզարում էր: «Ալիևի վերջը եկել է», «Էրդողանը նոր հասկացավ իր սխալը», «Թուրքիան ծնկաչոք դիմել է Փաշինյանին»... այ էս կարգի վերնագրերով զառանցանքները հարյուր հազարավոր դիտումներ էին ապահովում:

Այսօր «Նաբուկկո», էն էլ՝ թաքնված խաղաթուղթ, վաղը «Մետաքսի ճանապարհը», դա էլ՝ բացահայտ հաղթաթուղթ, մի խոսքով՝ լիքը գաղափարներ կան, պետք է օգտագործել:

Մեր ռուսամոլ հատվածի մասին գիտեք՝ ինչ են ասում. Ռուսաստանը մեզ կփրկի, ռուսները մեզ մենակ չեն թողնի, օրհնված սհաթ և այլն: 

Բայց էս նույնը արևմտամոլ սեգմենտն է անում: Բան չենք ասում. մի հատ վերցրեք, կարդացեք, թե մինչև Արցախի հայաթափումն ինչեր էին գրում: Մի տասը անգամ բլոկադան վերացրել էին. ԱՄՆ-ի Կոնգրեսի պահանջով, Մակրոնի պահանջով, Եվրախորհրդարանի, Բայդենի: Ալիևին էին օրումեջ դեղին քարտ ցույց տալիս՝ խոստանալով, որ հաջորդ անգամ կարմիր քարտ են ցույց տալու: Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների մի ամբողջ փաթեթ էին ներկայացնում, որ հեսա Արևմուտքը սահմանելու է: ՆԱՏՕ էին խաղացնում: 

Ինչ-որ խելոք մարդ էր ասել. դիվանագետը նա է, ով կանխատեսում է, թե ինչ է լինելու, հետո բացատրում է, թե ինչու դա տեղի չունեցավ: Մեր քաղաքական դաշտն այ սենց հմուտ, հզոր դիվանագետներով է լցված: Ինչ ասես, որ չեն կանխատեսում, հետո սկսում բացատրել, ավելի ճիշտ՝ «կռուտիտ» լինել, թե դա ինչի չեղավ: 

Չբռնե՞նք, մենք էլ դիվանագիտության ճանապարհն ընտրենք, գոնե դիտումների լայն դաշտ կա: Perfec TV-ություն անենք: Բոլորն են դա անում, չմնանք «սպիտակ ագռավի» կարգավիճակում: Էնքան թաքնված խաղաթղթեր ունենք: 

Մի հատ թույն վերնագիր դնենք, տեսնենք՝ ինչ է ստացվում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   538 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ