...

Գլուխ ջարդելու արդարացումները

Գլուխ ջարդելու արդարացումները

Օրեր առաջ մենք քննադատել էինք Ազգային Ժողովի աշխատակազմի պահվածքը, որը հրաժարվել էր հավատարմագրել Yerevan.Today-ի լրագրողին, դրանից հետո էլ թույլ չէր տվել նրան խորհրդարանի տարածք մտնել՝ չնայած պատգամավորներից մեկը լրագրողին համար անցակետ էր հանել:

Դե, գիտեք, թե Yerevan.Today-ը ում շահերն է սպասարկում, բայց դա մեզ համար էական չէր, շատ ավելի կարևոր էր երևույթը, որն անընդունելի է մեզ համար, անկախ նրանից, թե ով է և ում դեմ է:

Երեկ ընդդիմությունը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, Երևանի փողոցներում ակցիա իրականացնելու ժամանակ, հարձակվել է «Ազատության» լրագրողի՝ Արտակի վրա, վերջինիս քաշքշել, հարվածել: Այդպես են արտահայտել իրենց դժգոհությունը «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքից: Ինչ որ չտեսանք, որ Վազգեն Մանուկյանը սրա համար ներողություն խնդրի: Մանավանդ, որ խոսքը գնում է մի լրատվամիջոցի մասին, որը ժամանակին Վազգեն Մանուկյանի համար բավական ակտիվ քարոզչություն է իրականացրել:

Ինչևէ, մեզ համար շատ ավելի կարևոր էր, թե ինչպես կարձագանքեն լրատվական դաշտի ներկայացուցիչները, հատկապես, այն ժուռնալիստական կազմակերպությունները, որոնք առավոտից երեկո թմբկահարում են, թե իշխանությունները ճնշում են լրատվամիջոցներին, սահմանափակում խոսքի ազատությունը, շաբաթ մեկը զեկուցագրեր են ուղարկում միջազգային կառույցներին:

Ուրեմն՝ կամ ձայն չեն հանել, կամ էլ ընդամենը մի նախադասությամբ, մի կեսբերան գրել են, թե, գիտե՞ք, լավ բան չի եղել: Ափսոս, չպիտի տենց բան լիներ: Որ իրենց լրագրողը լիներ, հիմա աշխարհով մեկ շուխուր գցած կլինեին:
Ավելին, քոչարյանա-միշիկական լրատվամիջոցների շատ ներկայացուցիչներ արդարացրել են «Ազատության» լրագրողի հանդեպ բռնությունը: Չեն էլ թաքցնում:

Օրինակ, ArmNews հեռուստաընկերության մի լրագրողուհի իր ֆեյսբուքյան էջում գրել է. «2018-ի խայտառակության օրերին Արտակն այս հակալրագրողական մեդիայում չէր, որևէ մեղք չունի, բայց կարող էր հետո չմիանալ պրոպագանդիստների խմբին և այս օրը չէր տեսնի: Մեր երկրի կործանման համար մեղավոր է նաև Ազատությունը, որը շարունակում է պահել դավադիր կառավարության մեջքը: Մինչև ե՞րբ... »:

ArmNews-ը, որքան գիտենք, միշիկական է: Գուցե սխալվում ենք՝ քոչարյանական է: Այսօրվա քարոզչամեքենա հեռուստաընկերությունները էս երկուսից մեկինն են: Որ Միշիկը հերթական անգամ լայվ մտնի, մի հատ լավ կաներ, բացատրեր. սա է՞ արդարության համար ձեր պայքարը: Այսինքն՝ ով ձեր դուրը չի գալիս, գլուխը պիտի ջարդե՞ք: Մեզ էլ ArmNews-ը դուր չի գալիս, բայց որ նրա որևէ լրագրողի մազին կպնեն, ի՞նչ եք կարծում, պրն Մինասյան, մենք կողջունե՞նք դա, կարդարացնե՞նք: Ոնց դուք, այնպես էլ ձեր լրագրողներն են: Տարրական էթիկայից զուրկ: Լավն են, վատն են, բայց գործընկեր են, կարող են գոնե ձայն չհանել: Բայց դե, սրանից էլ է երևում, որ այսքան տարիների ընթացքում մի հատ լրատվամիջոց այդպես էլ չեք ստեղծել, բոլորը քարոզչամիջոց են: Իսկ դրանք տարբեր բաներ են:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ