Վերջին օրերին ամենից շատ տրվող հարցը հետևյալն է՝ ինչ խաղ է խաղում ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Իսկ պատճառը նրա առավել քան ակտիվ գործունեությունն է: Եթե Նաիրի Հունանյանին հանդիպելը և դրա վերաբերյալ մեկնաբանությունները որոշակի առումով խնդրահարույց են, ապա դիմումը Նիկոլ Փաշինյանին՝ պաշտոնանկ անել Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին, առավել քան արդիական է: Վազգեն Մանուկյանը նախկինում քողարկված, այժմ հրապարակային անցել է պայմանական սևերի ճամբար: Ուստի տրամաբանական և պահանջված է նրա պաշտոնանկությունը:
Հարցն ուրիշ տեղ է: Ինչո՞ւ և ի՞նչ շարժառիթներից ելնելով է դա անում Արման Բաբաջանյանը: Գաղտնիք չէ, որ նա ունեցել է շատ սերտ կապեր Միքայել Մինասյանի հետ:
Այս առումով կա հիմնական երկու վարկած: Բաբաջանյանը լքել է Մինասյանի կողմնակիցների ճամբարը և անցել իշխանության ճամբար: Եվ այժմ նրա միջոցով իշխանությունը դիմում է քայլերի, որ մարտավարական կամ հրապարակային առումներով այնքան էլ նպատակահարմար չէր լինի անել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի միջոցով: Այս հնարքի միջոցով ստեղծվում է իմիտացիա, որ իշխանությունն էլ որոշակի առումով կանգնում է փաստերի առաջ և ստիպված արձագանքում անկախ պատգամավորի ակտիվ գործունեությանը:
Կա նաև երկրորդ վարկածը: Միքայել Մինասյանը վերջապես հասկացել է, որ Գառնիկ Իսագուլյաններով, Մենուա Հարությունյաններով և Սամվել Ֆարմանյաններով այլևս հեռու չես գնա: Այդ գործիչները վաղուց վարկաբեկված են և չեն կարող օգտակար լինել իշխանության համար մղվող պայքարում: Նրանք առավելագույնը կարող են օգտագործվել իշխանությանը հայհոյելու մեջ՝ որպես սրտի սփոփանք: Եվ նա խաղի մեջ է մտցնում իր ջոկերին: Գործիչ, որը հանդես է գալիս ամենամարտական դիրքերից և փաստի առջև կանգնեցնում իշխանություններին՝ դիմել արմատական քայլերի և ավելի ռադիկալիզացնել հասարակական հարաբերությունները: Դրանով նա վաստակում է նաև մեծ քաղաքական կապիտալ, որը հետագայում կօգտագործվի Մինասյանի համար: 1.5 տարվա իշխանության գործունեությունը և հռետորաբանությունը ցույց է տալիս, որ այնքան էլ հակված չեն շոշափելու Հոկտեմբերի 27-ի գործը՝ հաշվի առնելով այնտեղ թաքնված արտաքին հնարավոր մարտահրավերները: Եվ հիմա, այդ հարցի վերաբացումը և արծարծումը չի բխում իշխանության օրակարգից: Ամեն դեպքում հասարակությունը պետք է զգույշ լինի իր գնահատականներում: Չէ՞ որ Միքայել Մինասյանի աները ժամանակին բավականին մեծ տհաճություններ պատճառեց նույն հասարակությանը՝ հրապարակ բերելով այնպիսի գործչի, ինչպիսին է Արտաշես Գեղամյանը:
Միգուցե փեսան որոշել է օգտվել աներոջ հին զենքերից՝ պարզապես դրանք թյունինգ անելով: Միաժամանակ սխալ կլինի չօգտվել Բաբաջանյանի հարցապնդումներից: «Իմ քայլի» ամորֆ ֆոնին նա գոնե անհրաժեշտ քաղաքական օրակարգ է թելադրում: