...

Սա՞ էր ձեր թափը

Սա՞ էր ձեր թափը

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գործունեությանը, նշել է. «Իննսունականների սկզբի վարչապետի «դասախոսություններով» պետականության կրթությունը սկսած սերունդը հիմա շատ բան է այլևս հասկանում ու կարողանում։ Ու հիմա մենք մեր առաջին «դասախոսի» կողքին ենք, որ Հայրենիքը փորձենք փրկել։
Ձեզ անսպառ ուժ ու համբերություն, պարոն վարչապետ Վազգեն Մանուկյան»:

«ՉԻ». Վերջին շրջանում ուշադրությամբ հետևում էինք Միքայել Մինասյանի գրառումներին: Բավական հետաքրքիր բաներ էր գրում: Մեջը օբյեկտիվություն կար, ուշագրավ փաստեր էր հրապարակում, որոնց իսկությունը կասկած չէր հարուցում, տեքստերի տողատակերում վիշտ, ցավ, դառնություն էինք տեսնում: Ի՞նչ մեղքներս թաքցնենք, մտածում էինք, թե մարդը ինչ-որ բաներ վերաիմաստավորել է, հասկացել է, թե ինչը հանգեցրեց այսպիսի աղետալի հետևանքների, այս ամենի տուտը որտեղից է սկսվում:

Պարզվեց՝ չարաչար սխալվում ենք: Պարզվեց, որ սրանց քաղաքական միտքը սահմանափակվում է Վազգեն Մանուկյանով: Էլ ինչո՞ւ եք պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նիկոլը 2,5 տարի առաջնորդվել է նաև Վազգեն Մանուկյանի կոնսպեկտներով ու գաղափարներով: Ու Վազգեն Մանուկյանը նույնպես պատասխանատու է այս խայտառակ պարտության համար: Մի կողմ թողնենք այն, որ ժամանակին ինքն էլ է մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վիժեցմանը, ու 20 տարի հանդես է եկել հակամարտությունը չլուծելու դիրքորոշմամբ, որն էլ նաև Նիկոլն է շարունակել: 

Պարզապես ներկայացնենք, թե ընդամենը մեկ տարի առաջ Վազգեն Մանուկյանը «Հայ զինվոր» պարբերականին տված հարցազրույցում ինչ է ասել:

«1) Միանշանակ է, որ մենք ունենք ավելի մարտունակ բանակ, քան Ադրբեջանը՝ ի հեճուկս Ադրբեջանի նյութական ռեսուրսների, նավթի, եղբայր երկրի աջակցության և այլն։
2) Ապրիլյան պատերազմում մեր բանակի կործանիչ հակահարվածը տևական ժամանակով հետաձգեց նոր, ավելի լայնածավալ պատերազմի վտանգը:
3) Իր անկախությունը զենքով նվաճած ու 25 տարի պաշտպանած երկիրը չի կարող բանակցային սեղանի շուրջ կորցնել այդ անկախությունը: Այս առումով՝ ժամանակը աշխատում է մեր օգտին»:

Դե հիմա վերցրեք Վազգեն Մանուկյանի այս խոսքերը ու համեմատեք Նիկոլ Փաշինյանի՝ վերջին 2,5 տարում արած հայտարարությունների հետ. մեկը մեկին համընկնում է, որևէ տարբերություն չկա: Ու հիմա անհեռատես Նիկոլ Փաշինյանին փոխես էլ ավելի փորձառու անհեռատես Վազգեն Մանուկյանով, տարբերությունը ո՞րն է լինելու: Այս մարդով ե՞ք հայրենիք փրկելու, եթե մի տարի առաջ Նիկոլի հետ միասին Հայաստանն ու Արցախը տանում էին աղետի ճանապարհով: Հարցը հռետորական է: Հաստատ պատասխան չի լինի: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1792 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ