Մինչ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ կենտրոնացել են շարքային նիկոլապաշտների վրա, մինչ փորձում են կրթական ցածր ցենզ ունեցող մարդկանց մեղադրել կամ ուշքի բերել՝ մտածելով, որ նրանք են ազգակործանի հենարանը, ձեր ուշադրությանը, սիրելի՛ ընթերցողներ, ներկայացնենք կրթություն, մասնագիտական և քաղաքական փորձ կուտակած անձանց այսօրվա, մեղմ ասած, տարօրինակ պահվածքը: Ընդգծենք, որ խոսելու ենք հետպատերազմական շրջանի մասին:
Եթե մինչև պատերազմը դեռ կարող էինք հասկանալ որոշ մարդկանց պատրանքները և հարմարվողականությունը, ապա այսօր՝ ջախջախիչ պարտությունից հետո, երբ Հայաստանի գլխավոր խնդիրները անվտանգությունը և ինքնիշխանությունն են, բացարձակապես անհասկանալի և անընդունելի են իրենց ուսյալ համարող մարդկանց՝ Նիկոլ Փաշինյանին արդարացնելու և ծառայելու նկրտումները:
Իմքայլականներին դնենք մի կողմ. անհույս են: Անդրադառնանք նախկինում ընդդիմադիր, այժմ նիկոլական կամ նիկոլամերձ անձանց:
Օրինակ՝ ի՞նչն է ստիպում գործարարներ Խաչատուր Սուքիասյանին և Գուրգեն Արսենյանին ընդգրկվել փաշինյանական ցուցակում: Արդյոք վախենո՞ւմ են նախկինների վերադարձից և վրեժից, թե՞ ավելի մեծ սեփականության են ձգտում՝ հույս ունենալով զբաղեցնել իշխանական օլիգարխների տեղը: Մի՞թե չեն հասկանում, որ Հայաստանում հրդեհ է, և հրձիգը Նիկոլ Փաշինյանն է: Եթե այսքանը չեն հասկանում, ուրեմն նրանց ինտելեկտի մասին եղած պատկերացումները խիստ ուռճացված են:
Պակաս զարմանալի չեն նախկինում ՀԱԿ համակիր, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի դատողությունները: Այսպես, ս.թ. մայիսի 11-ին Սիվիլնեթի տաղավարում, ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի կառավարության, պնդում է, որ այն ազատություն է տվել տնտեսվարողներին: Հետո նշելով որոշ մանր-մունր թերություններ՝ ստանձնում է իմքայլականների փրկչի դերը: Պատերազմը հիշատակում է մի տեսակ հպանցիկ, «մոռանում է» Հայաստանի աղետալի վիճակը և լուրջ-լուրջ դատողություններ անում տնտեսության, ներդրումների, թուրքական ապրանքներից չվախենալու մասին: Չգիտենք՝ պ. Խաչատրյանն ինչո՞ւ է կորցրել իրատեսությունը. տնտեսակա՞ն, անձնակա՞ն, թե՞ այլ շահ կա: Գուցե պաշտո՞ն են խոստացել. չէ՞ որ այն մոգական ուժ ունի: Մեր այս պնդման վառ ապացույցը վաստակաշատ իրավաբան, 2012թ. ՀԱԿ մանդատով պատգամավոր դարձած Գագիկ Ջհանգիրյանն է: Նա ԲԴԽ անդամ դարձավ 2021-ի սկզբին և, ըստ շրջանառվող տեղեկությունների, փորձում է նիկոլացնել դատական համակարգը:
Մի խոսքով, հանգի՛ստ թողեք հասարակ ժողովրդին: Մեր պետության առողջությանը մեծագույն վնաս են հասցրել խելք, կրթություն և ֆինանսական կարողություններ ունեցող այն անհատները, որոնք հարմարվել են գործող իշխանությունների ապօրինություններին: Բայց եթե անցյալում՝ համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանում, դա կարելի էր կուլ տալ, ապա հիմա այսպիսի գործելակերպը որևէ արդարացում չունի: Այս մարդիկ նման են Կ. Չուկովսկու «Тараканище» հեքիաթի հերոսներին՝ փղերին, առյուծներին, այլ գազանների, որոնք իշխող խավարասերին իրենց զավակներին էին մատուցում՝ որպես կեր …
Զարուհի Գաբրիելյան