...

Ինչո՞ւ 2020-ի պատերազմից հետո չամրապնդվեցին երկրի սահմանները․․․

Ինչո՞ւ 2020-ի պատերազմից հետո չամրապնդվեցին երկրի սահմանները․․․

2020-ի նոյեմբերի վերջից քիչ թե շատ ողջախոհ մարդիկ պնդում էին՝ պետք է ամրապնդել սահմանը։ Իշխանությունը կա՛մ լռում էր, կա՛մ Հայաստանի պաշտպանության խնդիրը մերը չէր համարում՝ հայտարարելով, որ դրա համար ռազմավարական դաշնակիցն է պատասխանատու։

2021 թ․ նոյեմբերի 16-ից մի քանի օր առաջ երկրիս թիվ մեկ մանդատի տերը՝ ՔՊ-ից ԱԺ պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է․

«Զինված ուժերը միայնակ չի կարող էդ ծավալի աշխատանքի մեջ և՛ ծառայություն տանի, և՛ ինժեներական կառույցներում աշխատանք տանի: Կարծում եմ` մեր հասարակության ինչ-որ շերտեր` ուսանողներ և այլն, որ ասում են՝ բանակի կողքին ենք, լավ կլինի, որ դա լինի առարկայական: Վերցնենք գործիքներ ու գնանք, մասնակցենք որոշակի ինժեներական աշխատանքների, որ մեր զինծառայողները կարողանան իրենց առջև դրված մարտական խնդրի վրա կենտրոնանան»։ Ի՞նչ էր սա՝ գիտակցված ծա՞ղր, թե՞ աննախադեպ անհոգություն, իսկ գուցե ուրի՞շ բան։ 

Եվ այսօր՝ նոյեմբերի 16-ին, նույն անձը մուննաթ է գալիս Ռուսաստանի վրա, մուննաթ է գալիս՝ փորձելով շանտաժի ենթարկել այդ երկիրը։ 

Ուրեմն դու մեկ տարուց ավելի ոչինչ չանես սահմանդ ամրապնդելու, բանակդ կարգի բերելու համար, հետո մուննաթ գաս ուրիշի վրա և սպառնաս, թե «վստահությունը, որ կա Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության հարաբերություններում, կարող է մեկ վայրկյանում փոխվել»։ Սա մեկ։ Շանտաժի ենթարկվող երկրորդ օբյեկտը միջազգային հանրությունն է, որին Ա․ Քոչարյանն ահաբեկում է Թուրքիայի և Ադրբեջանի օգտագործած ահաբեկիչներով։ 

Հիշեցնենք՝ այս շանտաժով հանդես էր գալիս Նիկոլ Փաշինյանը 44- օրյա պատերազմի ժամանակ։ Ի՞նչ օգուտ տվեց։ Ոչ մի։ 

Անդրանիկ Քոչարյանից հետ չի մնում ԱԽՔ-ը և հայտարարում է, որ Հայաստանի սահմանը կարմիր գիծ է Ռուսաստանի համար։ Հընթացս հիշում է 1997 թ․ միջպետական պայմանագիրը և պնդում՝ Ռուսաստանին դիմելու գործընթաց են սկսել։ Այս պնդումներից ժամեր անց, կրկնում ենք՝ ժամեր անց ՌԴ-ում ՀՀ դեսպանը հայտնում է, որ Հայաստանը դեռ պաշտոնական նամակ չի փոխանցել ռուսական կողմին՝ սահմանին ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու հարցում օգնելու համար։

Ստացվում է, որ այս օրհասական պահին էլ սրանք մտածում են սեփական մաշկի, գովազդի, էլ չգիտեմ ինչի մասին, բայց ոչ Հայաստանի։ 

Ավելին՝ նույնիսկ հերոս տղերք ունեն, ինչպիսին է, օրինակ, ՔՊ գործարար պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ Սա էլ սպառնում է Ադրբեջանին, թե «Եթե շատ ստիպեն, խաղաղության օրակարգի տիրույթը կարող է դառնալ իրադարձությունների շղթա, որի հետևանքով մենք կորդեգրենք այլ ռազմավարական նպատակ, որը կարող է լինել այդ պետության ոչնչացումն առհասարակ․․․ այդ նպատակը բացառված չի, կարող ենք և դրան գնալ»։ Իսկ ի՞նչ է արել կամ ասել Գուրգեն Արսենյանը 2020-ի պարտությունից հետո։ Ոչինչ։ Կրծքով պաշտպանել է Նիկոլ Փաշինյանին և հանգրվանել ՀՀ ԱԺ-ում։ Սահմաններ, բանակ, դիվանագիտություն․ սրանք կեղծ օրակարգ են․ կարևորը նախկինների դեմ պայքարելն էր, ազգակործան պատուհասին արդարացնելը և պատգամավորի մանդատը։ Իսկ թե որ պետությունն են մեթոդաբար կործանում, կարծում ենք՝ լավ երևում է։

2020-ի նոյեմբերից հետո սրանցից ոչ մեկը խղճի խայթ անգամ չունեցավ, ոչ մեկի մտքով չանցավ, որ երկիր կառավարելու որևէ հմտություն չունեն։ Ու հիմա էլ, իրենց չնչին պաշտոններից կառչած, նույն անմեղսունակությամբ (թե՞ այլ նպատակով) փորձում են շանտաժի ենթարկել Ռուսաստանին, միջազգային հանրությանը, թշնամուն։ Թեպետ սա անմեղսունակություն չէ, սա ծանրագույն մեղք է, որովհետև պատերազմի ժամանակ բացի ճակատից ուրիշ բանի մասին չեն մտածում։ Վերջիվերջո ո՞ւմ եք փորձում հայտնի կենդանու տեղ դնել։ Ամեն ինչ պարզից էլ պարզ է։ Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի վրա մուննաթ գալը ոչ թե երկրին, այլ ձեզ է պետք։ Ի վերջո թե՛ Ռուսաստանը, թե՛ միջազգային հանրությունը թքած ունեն ձեր շանտաժի վրա։ Իսկ մենք դարձյալ նույն հարցը կտանք. 2020-ի պատերազմից հետո ինչո՞ւ ոչ մի քայլ չարեցիք սահմաններն ու բանակը ամրապնդելու համար։ Չէ՞ որ անկախ Հայաստանի իշխանությունն եք, ոչ թե Ռուսասատանի որևէ մարզի գուբերնսկի սովետ։

Զարուհի Գաբրիելյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ