...

Անդրանիկ Քոչարյանի ինքնախոստովանական ցուցմունքը

Անդրանիկ Քոչարյանի ինքնախոստովանական ցուցմունքը

Իլհամ Ալիևին ու Աննա Հակոբյանին է միանում ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ 

Ոչ անհայտ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում նա պնդում է, որ Հայաստանը 44-օրյայից առաջ պահեստազոր չի ունեցել։ «Երբ որ ռազմական դրություն հաստատելուց հետո սկսեցին ծանուցագրեր ուղարկել ում պատահի, մեր զինկոմիսարիատներում հաշվառումներն էլ այն մակարդակի չեն եղել, որ թիրախային զորակոչեինք մասնագետների։

Դա բերել է նրան, որ եղել են և դասալքություններ, և կորուստներ։ Դասալիքների քանակը, 11 հազար է, թե 12 հազար, արձանագրված են քննչական մարմիններում և քննիչ հանձնաժողովներում պետք է դրանք քննվեն։ Դավաճանության քանակական ցուցանիշները պարբերաբար հնչեցրել է ԱԱԾ-ն։ 44-օրյայի ժամանակ եղել է անտարբերություն իր բոլոր դրսևորումներով հրամանների կատարման մակարդակում»,- ասում է Քոչարյանը։ 

Իսկ հիմա պարզ թվաբանություն անենք։ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ 2018-ի մայիսին։ Անդրանիկ Քոչարյանը 2019 թ. հունվարի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ը փաստորեն և իրավաբանորեն երկիր է ղեկավարել 2 տարի երեք ամիս, իսկ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ համապատասխան հանձնաժողովն է նախագահել 1 տարի 8 ամիս։

Հարց․ ինչո՞վ էին զբաղված սույն «պատկառելի» այրերը, ինչո՞ւ չգիտեին, որ մենք պահեստազոր չունենք։ 

Պատասխան․ զբաղված էին 2016-ի Ապրիլյան պատերազմը քննելով, նախկիններին սպառնալով, Սևրի պայմանագրի հարյուրամյակը նշելով, «Արցախը Հայաստան է, և վերջ» ճչալով, քովիդը պինցետով ոչնչացնելով։ Վերջ։ Թեպետ դատարկաբանությունների շարքը կարող եք ինքնուրույն շարունակել։

Ուրեմն պահեստազոր չունենալու, անկազմակերպության, կորուստների միակ պատճառը իշխանությունն է, հատկապես նրա այն ներկայացուցիչները, որոնք ի պաշտոնե պետք է զբաղվեին ռազմական խնդիրներով։

Եթե կարծում եք, որ այս մարդիկ անմեղսունակ են և չեն հասկանում, թե ինչ են խոսում, չարաչար սխալվում եք։ 

Համոզված ենք, որ թե՛ Աննա Հակոբյանը, թե՛ Անդրանիկ Քոչարյանը շատ լավ գիտակցում են՝ ինչ վտանգավոր և դավաճանական հայտարարություններ են անում։

Այո՛, դավաճանական, որովհետև միայն գիտակցված դավաճանն է այսպես ատում այն երկիրը, որտեղ պատասխանատու դիրք կամ պաշտոն է զբաղեցնում։ 

Չենք ուզում հոգեվերլուծության հերթական փորձն անել, նման վարքի պատճառներն արդարացնել «դավաճան չկոչվելու» ցանկությամբ (պատճառը շատ ավելի հասարակ է՝ իշխանություն և դրա հետ կապված բարիքներ), ուղղակի արձանագրում ենք, որ այսպիսի հայտարարությունները պետք է դիտարկել նախ՝ որպես դավաճանություն, երկրորդ՝ որպես ինքնախոստովանական ցուցմունք։

Զարուհի Գաբրիելյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ