Երևանի ընտրված քաղաքապետի պաշտոնանկության հարցը երեկ լուծվեց։ Բայց սրան զուգահեռ էլի կարևոր հարցեր լուծվեցին։ Օրինակ՝ վերստին ամրագրվեց, որ ամեն տեղ դավադիրներ փնտրող Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը պրիմիտիվիզմի հասնող նենգությամբ, մանիպուլյացիայով ու շանտաժով է բեմադրել քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացը (ձևակերպումները՝ Մարությանինն են)։ Մինչդեռ գործընթացի նախաձեռնող խումբը 10 օր է իրեն ճղում է, թե գիտեք՝ պրոցեսը քաղաքական է, ինստիտուցիոնալ դեմոկրատիայի սկզբունքներ են ոտնահարվել, հեղափոխության արժեքներն են վտանգվել, և այլն, և այլն։ Իրականում, դատելով Մարությանի ելույթից, ոչ թե ՔՊ-ն է իմպիչմենթ հայտարարել Մարությանին, այլ ինքն է «իմպիչմենթել» ՔՊ-ին։ Պարզվում է՝ Հայկ Մարությանը դեռևս պատերազմից առաջ որոշել է դուրս գալ ՔՊ-ից, սակայն այդ որոշման իրագործումը հետաձգվել է հենց պատերազմի պատճառով։ Ապա նա սպասել է, որպեսզի երկրում իրավիճակը փոքր-ինչ հանդարտվի, և արդեն 2020 թ․ դեկտեմբերի 7-ին Սուրեն Պապիկյանին է ներկայացրել կուսակցությունից դուրս գալու դիմումը։ Հիմա ուշադրություն․ «Հանձնելիս ասել եմ՝ եղբայր, որպեսզի որևէ քաղաքական ուժ իր քաղաքական նպատակների համար չփորձի շահարկել սա, ես սրա մասին հրապարակային չեմ ասելու։ Ոչ մի դեպքում։ Ասել եմ՝ դուք կխոսեք սրա մասին այն ժամանակ, երբ ձեզ հարմար կլինի։ Ինչպես տեսնում եք՝ ես իմ խոսքը պահել եմ, և նրանք իմ՝ կուսակցությունից դուրս գալու մասին հայտարարել են այն պահին, երբ իրենց հարմար է եղել, այսինքն՝ ինձ անվստահություն հայտնելու պահին»,- երեկ հայտարարել է Մարությանը։ Հասկացա՞ք՝ ավագանու կամ ՔՊ-ականների աղմուկ-աղաղակն ու հիմնական կռվանը, թե Մարությանին ճանապարհում ենք, որովհետև նա էլ ՔՊ չէ, որովհետև հանդիպել է Քոչարյանի հետ, որովհետև կոռուպցիայով է զբաղվել, որովհետև մեզ հետ չի շփվում, իրականում լոլոներ են։
Սրան գումարած, ըստ ելույթի՝ Հայկ Մարությանը մերժել է ամենաբարձր մակարդակներից եկած զանգ-միջնորդությունները, փորձել է շրջանցել կառավարության՝ նախկինների առանձնատները սեփականաշնորհելու որոշումները։ Սրանց Փաշինյանը կդիմանար, բայց վստահաբար նրա նյարդերը տեղի են տվել առաջին հերթին մանրուք հիշեցնող մի բանից՝ քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ հանդգնություն են ունեցել լայքելու իշխանության դեմ գրված ֆեյսբուքյան ստատուսները։ Մարությանն ասում է, թե իրեն զանգել ու ասել են, որ այդ աշխատակիցներին հեռացնի գործից։ Ինքը բացատրել է՝ եղբայր, երկիրը ֆեյսբուքով չեն կառավարում, իսկ հեղափոխական արժեքները մերժում են նախկին հին ու բարի ավանդույթները։
Հայկ Մարությանի ելույթն երեկ բացահայտեց այն մթնոլորտը, որը տիրում է ՔՊ-ի և իշխանության ներսում։ Սրա համար արժե շնորհակալություն ասել այլևս նախկին քաղաքապետին։ Հուսանք՝ դասեր ինքն էլ քաղած կլինի, հասկացած, որ որևէ քաղաքական ուժի վերաբերմունքը շահելու համար չի կարելի սևեր ու սպիտակներ փնտրել մի հասարակության մեջ, որտեղ ապրում ես, ընկերություն անում և ձևավորվում որպես քաղաքացի ու անհատ։
Գոհար Վեզիրյան