Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրել է. «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրել է Նիկոլը, մենակով՝ համարյա մինչև վերջին պահն այն գաղտնի պահելով նույնիսկ իր արտգործնախարարից: Այդ հայտարարության կետերից մեկով հաստատվել է, որ ՀՀ-ն Արցախի հետ կապող նոր ճանապարհ է կառուցվելու:
Ասենք՝ ԱԽՔ-ը դեռ հունիսի 30-ին ասում էր, թե 1,5 տարի առաջներս կա, խնդրին կտանք լուծում, իսկ մեկ ամիս անց պարզվում է, որ մարդիկ պիտի հիմա դուրս գան իրենց տներից:
Իսկ հիմա, երբ Աղավնոն ու Բերձորը դատարկում են, բոլորը բոլորին մեղադրում են, վիրավորում են, իրար վրա գոռում, գլխավոր հանձնողին՝ Նիկոլին, համարյա չեն հիշում:
Ժողովրդի զայրույթը հիմնականում ուղղված է դեպի ում ասես, բայց ոչ դեպի Նիկոլը»:
«ՉԻ». Այստեղ ճշմարտության ինչ-որ հատիկ կա: Մի ժամանակ կես մետր հող... ոչ թե զիջելը, այլ փոխզիջելը պետական դավաճանություն էր համարվում, իսկ հիմա արագ-արագ ցփնելով հողեր ենք տալիս, հեչ, ամեն մեկն իր գործով, ու քննադատությունը Փաշինյանի դեմ իսկապես քիչ է, եղածի մի մասն ընդամենը նվնվոց է, իսկ ահա Նիկոլին քննադատողներին այս տարածքները հանձնելու համար ավելի շատ են քննադատում:
Բայց հարց է առաջանում. ինչի՞: Ասել, թե ժողովուրդը ապուշ է, չի հասկանում, անթույլատրելի է: Էդ նույն ժողովուրդը 88 է ծնել, 2016-ի ու 2020-ի պատերազմների ժամանակ մի մարդու պես ոտքի է կանգնել՝ իրենից կախված ամեն ինչ անելով:
Հիմա ինչի՞ է նույն ժողովուրդն այսքան իներտ այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է Արցախում, Հայաստանում, սահմաններում: Գուցե պատճառն այն է, որ 20 տարի այս ժողովրդի հետ այնպես են վարվել, որ հիմա ինչ ուզում է լինի, հիշողության մեջ ամենապինդը դա է նստած: Մենք լիքը մարդ գիտենք, որ ասում են՝ ախպեր, ինչ ուզում ա լինի, մենակ նախկինները չգան: Ինչ փաստարկ ուզում ես, բեր. կդնեն, հատ-հատ կհիշեցնեն, թե ինչեր են արել նախկինները՝ հոկտեմբերի 27-ից սկսած մինչև մարտի 1: Դա դեռ չհաշված՝ նախկինների օլիգարխիկ կայֆերը, սաֆարիները, պապլավոկները, Մոնումենտի դղյակները: Պետությունը վարի է գնում, Արցախ ենք կորցնում, զոհեր ենք ունենում, ասում են՝ չէ որ չէ, նախկինները թող ռադ լինեն: Սոցցանցերում էլ ենք դա տեսնում:
Բացի նրանից, որ 20 տարի այս ժողովրդին ֆինանսապես են քամել, քամել են նաև դիմադրողականությունը: Մարդիկ հոգնել, ուժասպառ են եղել: Մտածե՞լ եք հեչ այս մասին: