Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կրկին բաց նամակով դիմել է Վլադիմիր Պուտինին: Նամակը ամբողջությամբ չմեջբերենք: Մի քանի պարբերության մեջ Հարությունյանը մի քսան անգամ շնորհակալություն է հայտնում ՌԴ նախագահին՝ առ այն, որ նա խաղաղություն հաստատեց Արցախում և մեծ օժանդակություն է ցուցաբերում Արցախի վերականգնմանը:
Խնդիրը ներկա նամակը չէ: Խնդիրն այն տոնայնությունն ու մտքերն էին, որոնք Հարությունյանն արտահայտեց պատերազմի չորրորդ օրը Ստեփանակերտում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, որին մասնակցում էին նաև օտարերկրյա լրագրողներ:
Այն ժամանակ Արայիկ Հարությունյանը վերամբարձ տոնով էր խոսում Ռուսաստանի կողմից պատերազմը դադարեցնելու դերի մասին: Նշում էր, որ Ռուսաստանը չի կարող հայկական կողմին պարտադրել, այլ միայն կարող է խնդրել դադարեցնել ռազմական գործողությունները: Հարությունյանի գլխավոր ուղերձն այն էր, որ իրավիճակ է փոխվել, և 2016 թվականի սցենարն այլևս չի կարող կրկնվել:
Գոնե հիմա, կեսբերան պետք է խոստովանել, որ դասականի ասած՝ խորագիտություն չի ցուցաբերել, ամբողջովին չի հասկացել իրողությունները, մի խոսքով՝ լոպազություն է դրսևորել դիվանագիտական հռետորաբանության մեջ, ուստի հարգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչը պետք է ներողամտություն ցուցաբերի գեներալ Մուրադովի ներկայիս խոսնակի հանդեպ: