...

Բոլորը դատապարտել են, բացի Արայիկ Հարությունյանից

Բոլորը դատապարտել են, բացի Արայիկ Հարությունյանից

Երեկ՝ փետրվարի 21-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ հատուկ տեսաուղերձով, որտեղ հայտարարեց Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու ՌԴ որոշման մասին։ Դրան հաջորդեց համապատասխան փաստաթղթերի ստորագրումը։

Եվրախորհուրդը դատապարտում է

Կոշտ արձագանքները չուշացան։ Մասնավորապես Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը արդեն կոչ է արել Ռուսաստանին՝ հետ կանչել Դոնբասը և Լուգանսկը ճանաչելու որոշումը: «Այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը Ռուսաստանի Դաշնության կողմից միջազգային իրավունքի խախտում է և իրենից ներկայացնում է Մինսկի համաձայնագրերի (որը շարունակում է մնալ Դոնբասի հակամարտության կարգավորման միակ հիմքը) միակողմանի խախտում»,- ասված է Բուրիչի հայտարարության մեջ: Եվրախորհուրդը վերահաստատել է իր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում: 

ԵԱՀԿ-ն դատապարտում է 

Ռուսաստանի որոշումը խստորեն դատապարտել են ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաունը, ինչպես նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարիտա Սեդերֆելտը և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան։ «Այդ քայլը միջազգային իրավունքի և ԵԱՀԿ հիմնարար իրավունքների խախտում է և հակասում է Մինսկի պայմանավորվածություններին: Ինչպես ԵԱՀԿ բոլոր երկրները, Ռուսաստանը հանձնառություն է ստանձնել հարգել մյուսների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ չեղարկել այդ որոշումը: Ճանաչումը միայն կբորբոքի հետագա լարվածությունը և կբաժանի այդ շրջաններում ապրող բնակչությանը Ուկրաինայի մյուս հատվածից»,- ասված է նրանց համատեղ հայտարարության մեջ: 

Բրիտանիան դատապարտում է 

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ Պուտինի քայլը հակասում է միջազգային իրավակարգին և հերթական անգամ խախտում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Լոնդոնն այսօր արդեն պատժամիջոցներ կսահմանի Մոսկվայի նկատմամբ:

Լեհաստանը դատապարտում է 

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին առաջարկել է անհապաղ գումարել Եվրամիության արտահերթ գագաթնաժողով և սահմանել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ:

ԱՄՆ դատապարտում է 

Երեկ ուշ երեկոյան Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ստեղծված վիճակը հեռախոսով քննարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Արդեն հայտնի է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատժամիջոցների մասին հրամանագիր է ստորագրել։ Փաստաթղթով ամերիկացիներին արգելվում է Դոնեցկում և Լուգանսկում ներդրումներ կատարել, ինչպես նաև առևտուր անել այդ հանրապետությունների հետ։ Հրամանագրով ԱՄՆ-ի վարչակազմը նաև կարող է պատժամիջոցներ սահմանել Դոնեցկում և Լուգանսկում գործունեություն ծավալող անձանց և այնտեղ աշխատող կազմակերպությունների ղեկավարների նկատմամբ:

Թուրքիան դատապարտում է

Թուրքիան ևս դատապարտողների շարքում է։ Այս երկրի արտգործնախարարությունը հայտարարությամբ դատապարտել է Ռուսաստանի կողմից Լուգանսկի և Դոնեցկի անկախության և ինքնիշխանության ճանաչումը։ Նշվել է, որ այդ որոշումը հակասում է Մինսկի համաձայնագրերին, ինչպես նաև Ուկրաինայի քաղաքական միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության բացահայտ խախտում է որակվել։ «Ռուսաստանի խնդրո առարկա որոշումը անընդունելի ենք համարում և մերժում ենք այն։ Այս առիթով մենք ընդգծում ենք մեր հավատարմությունը Ուկրաինայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության պահպանմանը և բոլոր կողմերին ողջախոհության և միջազգային իրավունքը հարգելու կոչ ենք անում»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Ի դեպ՝ Թուրքիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Ուկրաինայի արևելյան շրջաններից և անհրաժեշտության դեպքում կապ հաստատել Կիևում Թուրքիայի դեսպանության հետ:

Արցախը ողջունում է 

Մինչ Պուտինի որոշումը դատապարտողների ցանկը ամեն ժամ ընդլայնվում է, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն «Արցախի իշխանությունների ու ժողովրդի անունից» ողջունել է Վլադիմիր Պուտինի որոշումը։ «Արցախի Հանրապետության իշխանությունների ու ժողովրդի անունից ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը»,- ասված է հայտարարության մեջ: Ըստ նրա՝ «Ազգերի ինքնորոշման և սեփական պետություն կառուցելու իրավունքն անքակտելի է յուրաքանչյուր ժողովրդի համար և հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք: Անկախ պետականության կերտումը և նրա միջազգային ճանաչումը հրամայական է դառնում հատկապես գոյաբանական վտանգների ներքո, քանի որ այն բավականին ազդեցիկ ու քաղաքակիրթ միջոց է արյունահեղության և մարդասիրական աղետի կանխարգելման համար»: Հայտարարության միջին մասում Արցախի նախագահն ընդգծել է․ «Արցախի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ պայքարում է իր ազատության, անվտանգության ու պետականակերտման համար և ստիպված է եղել բազմիցս անցնել ծանր փորձությունների ու ցեղասպան գործողությունների միջով: Ուստի, համոզված ենք, որ Արցախի Հանրապետությունը, որն ունի համապատասխան պատմական, քաղաքական, իրավական ու բարոյական անվիճարկելի հիմքեր, վաստակել է իր ինքնիշխան պետության միջազգային ճանաչումը»: Իր հերթին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է․ «Կարծում ենք՝ նման ճանաչումը հիմք կհանդիսանա արտաքին սպառնալիքներից ԴԺՀ և ԼԺՀ  բնակիչների պաշտպանության և անվտանգության երաշխիքների ապահովմանը և միջազգային խաղաղության և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին՝ զույգ հանրապետությունների ինքնորոշման իրավական-քաղաքական ճանաչման առիթով»։ Արցախի իշխանությունների արձագանքը, թերևս, հասկանալի է։ Ափսոս, որ ազգերի ինքնորոշման իրավունքի ճանաչումը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում չկիրարկվեց մեր դեպքում։ Ճիշտ է, այս կոնֆլիկտներն իրենց էությամբ, քաղաքական նշանակությամբ տարբեր են, խաղացողներն էլ՝ հզոր, այնուամենայնիվ, Արցախից ողջույններն առ Պուտին միանգամայն տրամաբանական ու հասկանալի են։ 

Գոհար Վեզիրյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ