...

Ինչպես պատռվեց Ադրբեջանի դրոշը․ դրոշամանիայի դառը հետևանքները

Ինչպես պատռվեց Ադրբեջանի դրոշը․ դրոշամանիայի դառը հետևանքները

Մեկուկես ամիս ընթացող պատերազմը բացահայտեց, որ Ադրբեջանի բարձր իշխանությունը՝ ի դեմս Ալիևի, ստի ու կեղծիքի մեծ վարպետ է և պատերազմը վարում է զուգահեռ իրականությունում։ Որտեղ գրեթե ամեն օր ադբեջանական բանակը նորանոր տարածքներ է ազատագրում «հայկական օկուպացիայից»՝ ազատագրումը «վավերացնելով» դրոշ տնկելով, լուսանկարվելով, ապաև դրոշը վերացնելով։ Ալիևն ակնհայտորեն տառապում է դրոշամանիայով, դրոշապաշտությամբ՝ դրանից բխող զավեշտալի հետևանքներով։

Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական «թարմ» ապատեղեկատվությունը տարածեց նախօրեին՝ տեսանյութի տեսքով։ Տելեգրամի մի շարք ալիքներում տարածված տեսանյութում երևում է մզկիթից կախված ադրբեջանական դրոշը։ Այն ներկայացվում է որպես ադրբեջանական բանակի՝ Շուշի ներխուժման ապացույց, մինչդեռ պատկերում երևացողը բոլորովին այլ շինություն է։

Իսկ այսօր՝ նոյեմբերի 9-ին, կեղծիքի ու ստի կայսրության վերածված Ադրբեջանում նշում են ազգային դրոշի օրը։ Այս երկրում դրոշամանիան նոր վերելք նվաճեց մասնավորապես 2010-ին։ Սեպտեմբերի 1-ին Իլհամ Ալիևը մեծ շուքով բացեց պետական դրոշի հրապարակը: Աշխարհում ամենաբարձր՝ 162 մետրանոց ձողի վրա 350 կգ քաշով, կամ, ինչպես բացմանն ասաց Ալիևը՝ համարյա ֆուտբոլի դաշտի չափ ունեցող դրոշի տեղադրումը մեծ ցնծություն էր առաջացրել։ Միջոցառումը նշանավորվեց մեծ հրավառությամբ, լազերային շոուներով։ Բաքվի բոլոր լրատվամիջոցներն էքստազով լուսաբանում էին, թե ինչպես են աշխարհի բոլոր ադրբեջանցիները հիացմունքով հետևում Բաքվի վրա ահռելի դրոշի բարձրացմանը: Սակայն Ադրբեջանի իշխանությունները կարճ ժամանակ անց լիակատար ֆիասկո ապրեցին․ 2450 քմ-անոց դրոշը, որ բարձրացվել էր Գինեսի գրքում հայտնված դրոշաձողի վրա, հաջորդ օրն իսկ պատռվեց կասպիական սաստիկ քամուց և իջեցվեց: «Սկզբունքորեն, դա կարելի էր կանխատեսել: Ցանկացած դեպքում նման բարձրության հանված առաջին դրոշը կարող է Դրոշի թանգարանի ցուցանմուշ դառնալ, որը բացվել է նույն հրապարակում: Դրոշը կարելի էր ամրացնել կողքերից, հատուկ նյութ օգտագործել, նաև մանր, անտեսանելի անցքեր, որոնք կիջեցնեին օդի ճնշումը դրոշի վրա»,- դրոշի վնասման փաստն այսպես էին հեգնում ադրբեջանցի լրագրողները:

Նկատենք, որ «դրոշ» գրանդիոզ օպերացիայի տապալումից կես տարի անց Տաջիկստանում հայտնվեց դրա ավելի բարձր «կոնկուրենտը»։ Իսկ խնդրո առարկա դրոշը, որ մի քանի անգամ վնասվել ու իջեցվել է, 2016-ի մարտին նորից իջեցվեց անհայտ պատճառներով․ սովորաբար դրոշն այդ երկրում իջեցվում է կամ սգո, կամ քամիների պատճառով։

Ի դեպ, BBC-ն 2018-ին ռեպորտաժ էր պատրաստել ու փորձել պարզել, թե ինչ եղավ աղմկահարույց դրոշը։ Ըստ այդմ՝ մոտ 30 մլն արժողությամբ ծրագիրը 2017-ին վերանորոգման տարան, բայց այդպես էլ հետ չբերեցին։ Ի դեպ, Ադրբեջանի քարոզչամեքենան շատ է օգտագործում ադրբեջանցի պետական գործիչ Մեմեդ Էմին Ռասուլզադեի հայտնի խոսքը՝ «մեկ անգամ բարձրացված դրոշը այլևս չի իջնի»։ Փաստորեն, կյանքն ու հանգամանքները հակառակն են ապացուցում։

Ելենա Ազատյան

Հ․Գ․ Հուսանք՝ հեռու չէ այն օրը, երբ Ադրբեջանը ստիպված կլինի դուրս գալ «դրոշային հաղթանակի» խաբկանքից ու վերադառնալ իրականություն։ Եվ սեփական դրոշը այստեղ-անտեղ տնկելու փոխարեն սպիտակ դրոշ կբարձրացնի՝ դրանից բխող հետևանքներով։


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   803 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ