...

Տեսնենք՝ այս անգամ ով է մեղավորը

Տեսնենք՝ այս անգամ ով է մեղավորը

Ադրբեջանական AZAL ավիափոխադրողը հայտարարել է, որ հոկտեմբերի 6-ից Ադրբեջանի ավիաուղիները սկսել են օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան ուղևորափոխադրումներ իրականացնելու համար:

«Այսուհետ AZAL-ն այս չվերթն իրականացնելիս կարող է օգտագործել առկա բոլոր օդային միջանցքները, այդ թվում` Հայաստանի և Իրանի տարածքներով անցնողները: Տվյալ քայլը ցույց է տալիս Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, ինչը համապատասխանում է բոլոր սահմանամերձ երկրների շահերին»:

«ՉԻ». Բազմաթիվ քաղաքացիներ, լրատվամիջոցներ դիմել են Քաղավիացիայի կոմիտեին՝ պարզաբանում ստանալու նպատակով: Առայժմ ձեն-ձուն չկա:

Բայց ի՞նչ ասեն: Պատասխանողը պետք է իշխանությունները լինեն: Մտածում են՝ ոնց սա բացատրեն: Սա էլ հո օդային միջանցք է, Ադրբեջանին հանձնված տարածքների հետ կապ չունի, որ ասեն՝ սաղ Սերժն է մեղավոր, 2010-ին վարչատարածքային օրենք են ընդունել:

Չնայած՝ կարող է հայտարարեն, որ օրինակ՝ 2009-ին խորհրդարանն ընդունել է «Օդային հաղորդակցության մասին» օրենք, որով թույլատրվել են ադրբեջանական ինքնաթիռների թռիչքները դեպի Նախիջևան:

Եթե դա չստացվի, կարող են մեղքը բարդել Ղարսի պայմանագրի վրա, ասեն՝ 6-րդ կետով Հայաստանը պարտավորվել է չխոչընդոտել ադրբեջանական «կուկուռուզնիկների» թռիչքը իր տարածքի վրայով:

Ամենահետաքրքիրը Իրանի վիճակն է: Նրանք այնտեղ փակում են օդային ճանապարհը ադրբեջանական ռազմական ինքնաթիռների համար, մի օր հետո մերոնք ճամփա են տալիս: Տեսնես՝ իրանցիները ի՞նչ են մտածում:

Հ.Գ. Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանն այս հարցի վերաբերյալ պարզաբանում է տվել. «Անհասկանալի աղմուկ է բարձրացել իբր «Հայաստանը օդային միջանցք է» տրամադրել Ադրբեջանի ուղևորափոխադրումների համար դեպի Նախիջևան: 
Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ԻԿԱՕ (ICAO)-ի անդամներ են և պարտավոր են պահպանել Չիկագոյի կոնվենցիայի դրույթները՝ մասնավորապես կոմերցիոն թռիչքների ազատության դրույթները: Այլ հարց է, թե ինչո՞ւ հիմա վերսկսեցին օգտագործել Հայաստանի օդային տարածքը, մի քանի տարվա ընդմիջումից հետո»: 

Սա ներկայացնում ենք, որպեսզի հարցի վերաբերյալ միակողմանի մեկնաբանություն և կողմնակալություն չհամարվի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   826 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ