Երեկ և այսօր համացանցում ակտիվորեն քննարկվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները: Մի պահ եղավ, երբ ռազմական գործողությունների ընթացքի, Ծառուկյանի ազատ արձակելու և այլ իրադարձությունների մասին համացանցում ոչ մի հիշատակում չկար. բոլորը մեջբերումներ էին անում Պուտինի խոսքերից և գնահատականներ տալիս:
Մի մասը քննադատեց ՌԴ նախագահին, որ նա այնքան էլ լավ չի պաշտպանել հայերին, մի մասը ոգևորված էր, որ նա ընդգծել է Սումգայիթի դեպքերը, Արցախում հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունները:
Իրականում, եթե վերծանենք Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, դրանց մեջ որևէ արտառոց բան չկա: Այսինքն, այն ամենը, ինչն ինքը ասել է, լիովին տեղավորվում է միջազգային նորմերի և Ռուսաստանի շահերի շրջանակներում:
Օրինակ, Պուտինը նշել է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Ռուսաստանի համար կարևոր գործընկերներ են: Հասկանալի է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կրում են ռազմաքաղաքական բնույթ, Ադրբեջանի դեպքում ավելի շատ՝ տնտեսական, բայց երկուսն էլ իր համար կարևոր երկրներ են: Այսինքն, Ռուսաստանը միակողմանի կերպով հակամարտող կողմերից մեկի օգտին գործողություններ չի իրականացնի: Քայլեր կիրականացնի, որպեսզի տարածաշրջանում ռազմաքաղաքական բալանսը չխախտվի, Թուրքիայի մուտքը Հարավային Կովկաս կանխվի, ազդեցությունը թուլացվի, ինչի մասին նա ակնարկեց:
Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ խոսելիս նա հիշատակեց և՛ տարածքային ամբողջականության, և՛ ազգերի ինքնորոշման սկզբունքները: Ավելի ճիշտ՝ հենց «ազգերի ինքնորոշում» արտահայտությունը չարեց, բայց այն, որ ասեց, թե Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ հանցագործություններ են կատարվել, դա նշանակում է, որ Արցախը չի կարող Ադրբեջանի ենթակայության տակ գտնվել, քանի որ Ադրբեջանը չի կարող երաշխավորել արցախահայության անվտանգությունը:
Ընդ որում, Պուտինի հիշատակած այս երկու սկզբունքներն էլ հենց ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում հիմնական կռվախնձորն են կամ՝ հակասությունների մեխը: Պուտինի այս խոսքերի տողատակերում դա էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման ձևաչափն այս պահին այլընտրանք չունի:
Թուրքիայի վերաբերյալ էլ Պուտինը արտառոց ոչինչ չասաց. հայտարարեց, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում, ինչը բնական է: Բայց նաև հնարավորինս դիվանագիտորեն խուսափեց կոշտ գնահատականներ հնչեցնել Թուրքիայի հասցեին, քանի որ Թուրքիայի հետ վերջին երկու տարում համագործակցության մի շարք եզրեր են ստեղծվել. տնտեսականից մինչև ռազմատնտեսական: Բայց ակնհայտ է, որ նույնիսկ այդ համագործակցությունը քիչ է, որպեսզի Ռուսաստանը հանդուրժի Թուրքիայի գերակտիվ ներկայությունը մեր տարածաշրջանում:
Այնպես որ, Պուտինի ելույթից պետք է ոչ ոգևորվել, ոչ էլ՝ հիասթափվել: Նա ասել է այն, ինչ կա և նշել, թե այս իրավիճակում Ռուսաստանը ինչ կարող է անել և երբ կարող է անել: Այստեղ արդեն հայկական դիվանագիտությունը պետք է ամբողջ թափով աշխատի: