...

Էս լո՞ւրջ եք ասում

Էս լո՞ւրջ եք ասում

Տանը մարդ չկա

Այս շաբաթն ավարտվում է որոնողական աշխատանքներով: Ազգովի փնտրում են այն իշխանությանը, որին, ՌԴ նախագահ Վլ. Պուտինի խոսքերով, առաջարկվել է Արցախի հակամարտության կարգավորման համար 5 շրջան հանձնել, իսկ երկուսը՝ Քելբաջարի շրջանն ու էլի մեկը, որը Պուտինը չէր հիշում, պահել մեր վերահսկողության ներքո:

Այնպիսի տպավորություն է, որ 1998-ից հետո մենք այլևս իշխանություն չենք ունեցել: Որ ունենայինք, կարձագանքեին, կասեին՝ հա, մեզ էր առաջարկվել: Բոլորն իրենց Ծառուկյանի բաղերն են գցել: Ապեր, իսկ կարո՞ղ է քեզ են առաջարկել: Տո չէ, այ ընկեր, ես վաբշե էդ ժամանակ սուր անգինայով տանը պառկած էի: Իսկ միգուցե քե՞զ. չէ, ի՞նչ ես ասում, ես Ստեփանակերտում լիժա էի քշում, կապ չունեմ, հեսա՝ ԺԵԿ-ի տեղեկանքն այն մասին, որ վերջին 30 տարում Պուտինն ինձ բան չի առաջարկել:

Մենակ Արմեն Աշոտյանը համարձակվեց ամենայն պատասխանատվությամբ, լրջությամբ և սթափությամբ լայվով հայտարարել, որ իրենց իշխանության օրոք նման առաջարկ չի արվել: Լաաաավ: Չի եղել: Բա ի՞նչ են առաջարկել: Եվ ընդհանրապես՝ ո՞ւմ են առաջարկել: Ո՞վ է այն միակ գերագույն տղամարդը, որը կխոստովանի, որ իրեն նման առաջարկ են արել: Սսկվել են: Ջեբ են ման գալիս, որ Պուտինի խոսքերը մեջը գցեն:

Վազելո՞վ էիք հանձնելու

Դե, եթե ոչ մեկը վիզ չի վերցնում, որ նման առաջարկ եղել է երբևիցե, ուրեմն՝ Պուտինը ստում է: Այդպես է ստացվում: Այդ առումով հզոր էր հատկապես Ստյոպա Սաֆարյանի արձագանքը: Նա գրել է, ուշադիր կարդացեք. «Ռուսաստանի նախագահի մշակած տարբերակներն ամենևին էլ այդքան հայանպաստ չեն եղել, որ հայկական կողմը անխոհեմաբար ու գլուխը կորցրած մերժեր դա՝ հրաժարվելով Արցախ + Քարվաճառ/Լաչին ունենալուց։ Եվ ես համակարծիք եմ, որ այդպիսի առաջարկ չի արվել Հայաստանին, որովհետեւ նման առաջարկին կողմ կլինեին Արցախի ու Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը»:

Ֆանտաստիկա է: Հիմա էլ պարզվում է, որ դեռ 2000-ականներին Արցախի ու Հայաստանի հայությունը երազում էր մի առաջարկի մասին, ըստ որի 7 շրջաններից երկուսը մնում էին մեր վերահսկողության ներքո, պլյուս՝ Արցախը, որի կարգավիճակն էլ հետագայում պետք է որոշվեր: Ասում են՝ նման առաջարկ չի եղել:

Այսինքն, 1997թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած կարգավորման պլանը չի եղել: Սրա մասին մոռացել են: Իբր մոռացել են փուլային տարբերակը: Բա դա ի՞նչ էր. դա հենց այն առաջարկն էր, որի մասին Պուտինը հիշատակել է. 5 շրջանները վերադարձնում էինք, Լաչինն ու Քելբաջարը պահում էինք, միջազգային մանդատով օժտված խաղաղապահ զորքերը ադրբեջանական-արցախյան, շեշտում ենք՝ ադրբեջանական-արցախյան սահմանի երկայնքով տեղակայվում էին, Արցախը պահում էր անկախության բոլոր ատրիբուտները՝ բանակ, իշխանություններ, սեփական անվտանգության ուժեր, ֆինանսական համակարգ, դրոշ, գերբ, ու նրա կարգավիճակի հարցն էլ դառնում էր բանակցությունների վերջին փուլը: Բանակցություններ, որոնց պետք է մասնակցեր հենց Արցախը՝ որպես հակամարտության լիիրավ կողմ: 

Մի հատ էլ Պուտինի խոսքը լսեք

Հիմա ասում են. որ տենց բան լիներ, վազելով կընդունեինք: Յա, բարև ձեզ: Այսինքն՝ դուք պատրա՞ստ եք եղել 5 շրջանները վերադարձնել: Բա ո՞ւր մնաց ձեր ոչմիթիզականությունը: Դուք նույնիսկ փոխզիջման մասին խոսողներին էիք դավաճան համարում, ուր մնաց՝ 5 շրջան վերադարձնեիք: Որ պատրաստ լինեիք ընդունել, հենա 1998-ի հեղաշրջումը չէր լինի: Այդ հեղաշրջումը հենց նրա համար եղավ, որ Ղարաբաղի հարցի նման հայանպաստ առաջարկը կյանքի չկոչվի: Ու հիմա այն մարդիկ, ուժերը, որոնք կազմակերպել, իրականացրել են հեղաշրջումը, վիժեցրել Ադրբեջանի հետ արժանապատիվ խաղաղության պայմանագիրը, հիմա ասում են՝ չէ, չի եղել նման բան: 

Իմիջիայլոց, Պուտինի այս աղմկահարույց առաջարկությանը դեռ չի արձագանքել այն մարդը, որն առաջինը պետք է արձագանքեր: Հասկանում ենք, որ հիմա մի քիչ խառն է, Կոնստանտին Ֆեոդորովիչի համար բայաթի է տալիս, բայց որ ժամանակ գտնի, թող մի հատ ձեն հանի: Բայց ի՞նչ ասի. թե հերքի Պուտինի խոսքերը, կստացվի, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը սուտ է ասում, իսկ դա չըլնող բան է, «լուչշե» ոտին կրակի: Իսկ թե հաստատի Պուտինի ասածը, կարող է, ականջից բռնեն, ասեն՝ էս ինչ ե՞ս արել, այ ընկեր:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1163 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ